11:18 | 10.04.20 | Նորություններ | 2822

Առցանց կրթական հարթակներ՝ սփյուռքահայերի համար

Կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով տարբեր երկրներում հայտարարված արտակարգ դրության պայմաններում առաջացած իրավիճակում սփյուռքահայ հայրենակիցների կրթական գործընթացի շարունակականությունը հնարավորինս ապահովելու նպատակով ԿԳՄՍ նախարարության յութուբի ալիքում տեղադրվել են հայագիտական առարկաների տեսադասեր՝ «Հայոց լեզու», «Հայ գրականություն» եւ «Հայոց պատմություն» առարկաներից:

Բացի այդ, ԿԳՄՍՆ-ի գործարկած հեռավար կրթության ռեսուրսների համալիր էջում եւս առկա են առցանց ռեսուրսներ եւ գործիքներ, մասնավորապես, Tumanyan.Online առցանց դպրոցը, որի միջոցով սփյուռքահայերի երեխաները կարող են սովորել հայոց լեզու, այդ թվում՝ օտար լեզվով։

Էջում տեղադրված է նաեւ ՀԲԸՄ հայկական վիրտուալ համալսարանի (ՀՎՀ) գործարկած առցանց կրթության հարթակը, որտեղ տեղադրված է հայկական մշակութային ժառանգության վերաբերյալ տեղեկատվություն՝ լեզու, պատմություն, կրոն, ճարտարապետություն, խոհանոց, շախմատ:

Ինտերակտիվ բովանդակության հիմքում ՀՎՀ-ի մուլտիմեդիա էլեկտրոնային գրքերն են, առցանց դասընթացները եւ վիրտուալ այցելությունները, որոնք ներկայացված են յոթ լեզուներով՝ արեւելահայերեն եւ արեւմտահայերեն, անգլերեն, ֆրանսերեն, ռուսերեն, իսպաներեն եւ թուրքերեն:

Կրթական հարթակը նաեւ լավ հնարավորություն է ամենօրյա ինտերակտիվ հանդիպումների եւ առցանց հաղորդակցության համար: Կրթական ինքնուսույց նյութերից բացի ՀՎՀ-ի հարթակում կազմակերպվում են նաեւ վիրտուալ այցելություններ դեպի պատմական եւ մշակութային վայրեր Հայաստանում եւ սփյուռքում: Առցանց կրթական հարթակը հասանելի է անվճար www.avc-agbu.org կայքում, ինչպես նաեւ ՀՎՀ-ի սոցիալական ցանցերում: Բազմաթիվ հայագիտական նյութեր հասանելի են նաեւ Հայկական կրթական միջավայրի «Պաշարների շտեմարանում»։