17:38 | 30.03.20 | Նորություններ | 174924

Ինեկոբանկ. Բանկային բոլոր ծառայություններն այսուհետ հասանելի են տնից

Այսօր Ինեկոբանկը հայտարարել է եւս մեկ հաճախորդամետ լուծման մասին. այսուհետ բանկի բոլոր հաճախորդները հնարավորություն ունեն օգտվել բանկային բոլոր ծառայություններից առցանց տարբերակով՝ առանց մասնաճյուղ այցելելու` մուտք գործելով Ինեկոբանկի պաշտոնական կայքէջ։ 

«Հետեւելով իրադարձություններին եւ տեղաշարժման սահմանափակումներին՝ մենք հաճախորդների համար սպասարկումը դարձրեցինք ամբողջապես հեռահար»,- այս մասին նշել է Ինեկոբանկի գործադիր տնօրեն Արեն Նալթակյանը։ 

InecoOnline եւ InecoMobile համակարգերի հետ մեկտեղ՝ բանկը ներկայացրել է հեռահար սպասարկման մի շարք այլ տարբերակներ, մասնավորապես՝ մասնաճյուղերի արդեն ծանոթ աշխատակիցները հաճախորդներին կսպասարկեն հեռախոսազանգերի, տեսազանգերի եւ նամակների միջոցով։

«Նման բեկումնային շրջանում շատ կարեւոր է ապահովել բանկային գործունեության անխափան աշխատանքը, եւ մենք այն դարձրել ենք հասանելի 24/7 ռեժիմով՝ ապահովելով բոլոր գործարքների հասանելիությունը եւ միջոցների շրջանառելիությունը։ Մեզ համար շատ կարեւոր է, որ Դուք մեզ հետ տեղափոխվեք օնլայն»,- ամփոփել է Նալթակյանը։

Սույն թվականի մարտի 30-ից, այցելելով Ինեկոբանկի պաշտոնական կայքէջ, հաճախորդները հնարավորություն կունենան ընտրել իրենց առավել հարմար հաղորդակցման տարբերակը, թողնել հայտեր ծառայությունների մատուցման համար եւ կատարել այլ գործարքներ, որոնք սովորաբար կատարում էին բանկի մասնաճյուղերում՝ բացառությամբ կանխիկ դրամով գործարքներից, որոնց համար էլ նրանք կարող են օգտվել բանկի 24/7 ինքնասպասարկման տերմինալներից։ 

«Ինեկոբանկ» ՓԲԸ-ն, հանդիսանալով Հարավային Կովկասի առաջատար բանկերից մեկը, մատուցում է կոմերցիոն բանկային, ինչպես նաեւ թվային բանկային ծառայություններ անհատներին, փոքր եւ միջին ձեռնարկություններին եւ խոշոր կազմակերպություններին։ 

Շուրջ 24 տարի բանկը մատուցում է բարձրորակ բանկային ծառայություններ Հայաստանում՝ սպասարկելով ավելի քան 500,000 հաճախորդի, որոնցից ավելի քան 250 000-ին` թվային ուղիներով: Իր գործունեության ընթացքում բանկը մշակել եւ մատուցել է ոլորտի առաջատար թվային բանկային լուծումներ՝ նպատակ ունենալով ներդնել ամբողջովին նոր բանկային ծառայություններ։