10:31 | 30.03.20 | Նորություններ | 80254
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը հայտարարել է, որ նախարարությունը սկսում է թոքերի արհեստական օդափոխման (ԹԱՕ) սարքերի նախագծման, իրականացման, ամբողջական կամ մասնակի արտադրության գաղափարների եւ առաջարկների հավաքագրում։
«Մի քանի օր է, ինչ մի խումբ ինժեներների կողմից ուսումնասիրվում է թոքերի արհեստական օդափոխության սարքերի՝ Հայաստանում արտադրելու հնարավորությունը: Մի քանի անսարք սարքերի ուսումնասիրության արդյունքում դրանցից մեկը հնարավոր է եղել վերականգնել... Քայլեր են ձեռնարկվում հասկանալու, թե ինչպես կարող ենք այդ սարքերի արտադրություն սկսել Հայաստանում»,- հայտարարել է Հակոբ Արշակյանը, հավելելով, որ նպատակն է նոր Կորոնավիրուսի (COVID-19) տարածման կանխարգելման նպատակով առողջապահական համակարգին աջակցություն ցուցաբերելը:
Նախարարը նաեւ կոչ է արել այն մարդկանց, որոնք տեղեկություն ունեն թոքերի օդափոխության չօգտագործվող կամ անսարք սարքերի մասին, ուղարկել այդ տեղեկատվությունը նախարարությանը:
Թոքերի օդափոխության համակարգերի, մասերի, արտադրության մասին տեղեկատվություն ունենալու դեպքում հարկավոր է նամակ ուղարկել covid19@hti.am էլեկտրոնային հասցեին՝ մինչեւ ապրիլի 5-ը։