Polixis-ի հիմնադիր եւ գործադիր տնօրեն Գագիկ Սարգսյանը
12:05 | 23.03.20 | Նորություններ | 84838
Շվեյցարական Ժնեւում տեղակայված Polixis ընկերությունը, որն արտերկրի խոշոր բանկերին տրամադրում է մեքենայական ուսուցման տեխնոլոգիայով լուծումներ եւ ունի գրասենյակ Հայաստանում, ընդգրկվել է 2020թ. Շվեյցարիայի 20 լավագույն ֆինթեք ստարտափների վարկանիշում:
Վարկանիշը կազմել է The Fintech News Network հարթակը: Ներկայացված ստարտափների մեծ մասը կամ նոր են, կամ էլ համաշխարհային շուկայում մինչ օրս ստվերում են մնացել: Ամբողջական ցանկը հասանելի է այստեղ:
Polixis-ի հիմնադիրը եւ գործադիր տնօրենը Գագիկ Սարգսյանն է, ով ընկերությունը հիմնադրել է 2012թ. Ժնեւում: Շուրջ երկու տարի առաջ Հայաստանում հիմնադրվել է Polixis-ի դուստր ընկերությունը:
«Գործունեության առաջին հինգ տարիների ընթացքում Շվեյցարիայում իրականացնում էինք բանկային ոլորտում ռիսկերի կառավարման խորհրդատվություն՝ մեծածախ առեւտրով զբաղվող շվեյցարական եւ եվրոպական բանկերի համար:
2016թ. գաղափար առաջացավ, որ կարելի է օգտագործել մեծ տվյալներ եւ դրանց մշակման գործընթացում սրհեստական բանականության լուծումներ՝ այդպիսով ավտոմատացնելով մարդու աշխատանքի որոշակի հատվածներ: Գաղափարը զարգացավ, եւ ինքներս էլ չնկատեցինք, թե ինչպես խորհրդատվական փոքր թիմից վերածվեցինք միջին չափի ծրագրավորման ընկերության»,- շուրջ մեկ տարի առաջ Itel.am-ի հետ զրույցում նշել էր Polixis-ի հիմնադիրը:
Ընկերության հիմնական հաճախորդները միջազգային բանկեր են, որոնք հաճախորդների հսկայական բազաներ ունեն: