12:21 | 24.05.19 | Հարցազրույցներ | exclusive 20885

Polixis-ի հիմնադիր․ ՏՏ ոլորտի «քաղցը» անհրաժեշտ է լրացնել արտերկրից մասնագետներ բերելով

Շվեյցարական Ժնեւում տեղակայված Polixis ընկերությունը, որն արտերկրի խոշոր բանկերին տրամադրում է մեքենայական ուսուցման տեխնոլոգիայով լուծումներ, մեկուկես տարի առաջ գրասենյակ բացեց Հայաստանում։ Ընկերության երեւանյան թիմում 35 մարդ է աշխատում:

Itel.am-ը զրուցել է Polixis-ի հիմնադիր եւ գործադիր տնօրեն Գագիկ Սարգսյանի հետ։

-Ներկայացրեք ընկերության գործունեությունը եւ ստեղծման պատմությունը։

-Ընկերությունը հիմնադրել եմ 2012թ. Ժնեւում: Հայաստան եկանք մեկուկես տարի առաջ ու այստեղ ստեղծեցինք մեր դուստր ընկերությունը:

Գործունեության առաջին հինգ տարիների ընթացքում Շվեյցարիայում իրականացնում էինք բանկային ոլորտում ռիսկերի կառավարման խորհրդատվություն՝ մեծածախ առեւտրով զբաղվող շվեյցարական եւ եվրոպական բանկերի համար:

2016թ. գաղափար առաջացավ, որ կարելի է օգտագործել մեծ տվյալներ եւ դրանց մշակման գործընթացում սրհեստական բանականության լուծումներ՝ այդպիսով ավտոմատացնելով մարդու աշխատանքի որոշակի հատվածներ: Գաղափարը զարգացավ, եւ ինքներս էլ չնկատեցինք, թե ինչպես խորհրդատվական փոքր թիմից վերածվեցինք միջին չափի ծրագրավորման ընկերության:

Polixis-ի հիմնական հաճախորդները միջազգային բանկեր են, որոնք հաճախորդների հսկայական բազաներ ունեն: Կարող եմ ասել, որ հաճախորդներ ունենք աշխարհի 10 խոշորագույն բանկերի մեջ:

Նարինե Դանեղյանը եւ Գագիկ Սարգսյանը Նարինե Դանեղյանը եւ Գագիկ Սարգսյանը
photo © Մեդիամաքս

Հիմա նաեւ նոր պրոդուկտի մշակման վերջին փուլում ենք։ Պատրաստ լինելուն պես, այդ լուծումը մեզ հաճախորդների շատ մեծ բազայի հետ աշխատելու հնարավորություն կտա՝ արդեն ոչ բանկային ոլորտում: Հնարավոր է տարեվերջին որպես հաճախորդ սկսենք դիտարկել ավելի փոքր բանկերին:

Մեր յուրահատկությունը միջազգային շուկայում այն է, որ փորձում ենք տվյալների տեսանկյունից անկախ դառնալ: Սա ունի ռազմավարական նշանակություն ոչ միայն մեր, այլեւ շուկայի համար: Այս շուկայում ամբողջ աշխարհում կա 4 մեծ խաղացող, որոնք միլիարդավոր դոլարներ արժողությամբ ընկերություններ են: Նրանք ունեն եւ տվյալներ, եւ տվյալների հիման վրա ստեղծված ծրագրեր:

Մենք այնքան էլ ֆինթեք ընկերություն չենք, ավելի շուտ ռեգթեք ենք (Regulatory technology), որտեղ տվյալները մատակարարում են այդ 4 մեծ խաղացողները։ Երբ տարեվերջին ավարտենք մեր նախագծի աշխատանքները, ենթադրում եմ, որ կդառնանք 5-րդ գլոբալ խաղացողը:

- Ինչո՞վ է զբաղվում ընկերության երեւանյան թիմը։

- Մեր թիմը զբաղվում է տվյալների մշակմամբ եւ ծրագրավորմամբ։

Մենք ներդրումներ չենք վերցնում, միայն օրգանիկ ենք զարգանում: Վաճառում ենք մեր պրոդուկտները, եւ երբ ավելի մեծ թվով վաճառքներ ենք իրականացնում, ապա նաեւ թիմն ենք ընդլայնում: Մենք մեծ թվով մասնագետների կարիք ունենք, գուցե մոտ 200 մասնագետ է մեզ հարկավոր, բայց այդ պահանջը աստիճանաբար ենք լրացնում:

Միշտ վճարովի ինտերնփիշ ենք իրականացնում գրասենյակում: Փորձում ենք վերցնել լավ ուսանողների, մի քանի ամիս վերապատրաստել, վճարել, եւ վերջում այն երիտասարդներին, որոնք արդարացնում են հույսերը, առաջարկում ենք հիմնական աշխատանք:

Մեր յուրահատկությունն այն է, որ մեզ պետք են ոչ միայն տեխնոլոգներ եւ մաթեմատիկոսներ, այլեւ սոցիալական գիտությունների մասնագետներ: Օրինակ, մեր թիմում կա մի քանի արեւելագետ: Նրանք արաբական շուկաներում վերլուծում եւ հասկանում են տվյալներ:

Հաճելի է տեսնել, որ Հայաստանում այդքան շատ են արհեստական բանականության մասնագետները: ԱԲ մասնագետներից մեծ թվով որակյալ ինքնակենսագրություններ ենք ստանում, ինչը շատ ուրախալի է, եւ երբեմն ափսոսում ենք, որ բոլորին չենք կարող միաժամանակ վերցնել աշխատանքի: Այս աշխուժությունն ինձ մեծ վստահություն է ներշնչում, որ հենց արհեստական բանականության ճյուղը կարելի է Հայաստանում զարգացնել:

- Որպես արտերկրի ընկերություն, որն արդեն մեկուկես տարի գործունեություն է ծավալում Հայաստանում, ի՞նչ խնդիրների եք բախվել։

- Վերջին շրջանում Երեւանի գրասենյակում աշխատանքի ենք ընդունել 4 օտարերկրացու: Զարմանքով հայտնաբերեցի, որ Հայաստանում աշխատանքային իրավունքների բարդ գործընթաց պետք է անցնենք՝ նրանց Հայաստան բերելու համար: Պետք է ապացուցես, որ Հայաստանում մասնագետ չես գտել, դրա համար ես արտերկրից մարդ հրավիրել: Բավական ձգձգված գործընթաց է, որն, իհարկե, հնարավոր էր շատ արագ կարգավորել:

Գագիկ Սարգսյանը Գագիկ Սարգսյանը
photo © Մեդիամաքս

Երեւանում շատ քիչ պրոֆեսիոնալ բիզնես կենտրոններ կան: Դրանք կամ շատ շքեղ են ու թանկ, կամ շատ վատ պայմաններ ունեն եւ ՏՏ ոլորտի գործունեությանը հարմարեցված չեն:

Նաեւ, ցավոք, ընկերությունների համար ինտերնետի արագությունը Հայաստանում դանդաղ է եւ թանկ:

Այլ խնդիրներ էլ կան, բայց եթե դրանք անլուծելի լինեին, ես էլ չէի վերադառնա ու այստեղ ընկերություն չէի հիմնի:

- Ի՞նչ առավելություններ ունի այն ՏՏ ընկերությունը, որը Հայաստանում է գործում։

- Առավելությունները շատ են: Օրինակ, հարկային դաշտը: Կարծում եմ, երբ հասարակությունը բողոքում է հարկային համակարգից, պատճառն այն է, որ ուղղակի հարկ վճարելու մշակույթ չկա, խոսքը վերաբերվում է թե գործատուին, թե հաճախորդին:

Ընկերությունների հարկային բեռն այլ երկրների հետ համեմատած շատ ավելի քիչ է:

Շատ ծառայություններ ավելի էժան են եւ որակյալ:

Երեւանն անվտանգ քաղաք է, քաղաքի կենտրոնում շատ լավ ենթակառուցվածքներ կան, որոնք եվրոպական որոշ քաղաքների չեն զիջում:

- Դժվա՞ր է Հայաստանում մասնագետ գտնել։

Հայաստանում որակյալ աշխատուժն է քիչ, այլ ոչ թե աշխատանք չկա: Լավ մասնագետներն արդեն տեղավորված են եւ աշխատում են: Շատ ինքնակենսագրականներ ենք ստանում, բայց լավ մասնագետ գտնելը բարդ է:

Մենք փոքր երկիր ենք, եւ եթե անգամ խնդրենք բոլորին ծրագրավորող դառնալ, դա նորից բավարար չէ գլոբալ ՏՏ կենտրոն դառնալու համար: Շվեյցարիայում, օրինակ, բանկային համակարգում աշխատակազմի կեսից ավելին ոչ շվեյցարացի է, մասնագետներին դրսից են բերում: Հայաստանը ուզում է խոշոր ՏՏ կենտրոն դառնալ, բայց այսօր արդեն հասել ենք այն սահմանագծին, երբ աշխատող չկա: Այս հարցի միակ լուծումը, որ տեսնում եմ, մասնագետներին արտերկրից բերելն է:

Խնդիրն այն է, որ մարդիկ մի փոքր բարձր աշխատավարձով առաջարկի համար աշխատատեղ են փոխում: Սա ոլորտի համար խնդիր է, քանի որ ընկերությունները չեն հասցնում մարդկանցից արժեք ստանալ, նույն էլ աշխատողը: Կարճաժամկետ հեռանկարում աշխատողի համար գուցե լավ է, բայց երկարաժամկետ հեռանկարում միայն վնաս է հասցնում: Հիմա այն արագությամբ, ինչ հայաստանյան ՏՏ ոլորտում աշխատավարձերն են աճում, գիտելիքները չեն աճում:

Պարզապես մի պահ շատ արագ եւ մեծ չափի ներդրում եկավ Հայաստան: Քանի որ շուկան շատ փոքր է, սկսվեց աշխատուժի ճգնաժամ: Սրա միակ լուծումը, կրկնում եմ, այստեղ ոչ հայ մասնագետներ բերելն է: Իմ ընկեր ՏՏ ընկերությունների ղեկավարների հետ միշտ բանավիճում ենք, նրանց մի մասը չի հավատում, որ կարելի է Հայաստան բերել տարբեր ՏՏ մասնագետների: Ես ոչ միայն հավատում եմ, այլեւ իմ օրինակով փորձում եմ ցույց տալ, որ դա հնարավոր է։

Գագիկ Սարգսյանի հետ զրուցել է Նարինե Դանեղյանը