10:27 | 22.05.19 | Հարցազրույցներ | exclusive 157460

Դիդիե Ռեյմոնդ. Webb Fontaine-ը մշակում է ապագայի լուծումներ

Մայիսի 7-9-ը Երեւանում կայացավ Webb Fontaine ՏՏ ընկերության առաջին միջազգային համաժողովը: Դրա շրջանակում Հայաստան ժամանեցին Webb Fontaine ընկերության 35-ից ավելի ղեկավարներ եւ աշխատակիցներ՝ Ասիայից, Լատինական Ամերիկայից, Աֆրիկայից եւ Եվրոպայից:

Միջոցառման նպատակն էր նպաստել ընկերության մասնաճյուղերի միջեւ հաղորդակցության ընդլայնմանը:

Համաժողովը նշանավորվեց ցուցադրություններով, վորքշոփերով, քննարկումներով, որտեղ խոսնակները ներկայացրեցին ընկերության առաջընթացը եւ ապագա ծրագրերը, այդ թվում՝ Հայաստանում գործունեության ընդլայնման հնարավորությունները:

Webb Fontaine-ի գլխամասը գտնվում է Դուբայում: Եվրոպայում, Մերձավոր Արեւելքում, Ասիայում եւ Աֆրիկայում գտնվող դուստր կազմակերպությունների եւ մասնաճյուղերի միջոցով ապահովելով համաշխարհային ներկայություն, ընկերությունը մասնագիտանում է տեղեկատվական համակարգերի զարգացման գործում` աջակցելով առեւտրի խթանմանն ու մաքսային մոդելների զարգացմանը:

Համաժողովի շրջանակում Itel.am-ը զրուցել է Webb Fontaine-ի գործադիր տնօրեն Դիդիե Ռեյմոնդի հետ:

- Ներկայում որքա՞ն է կազմում Webb Fontaine-ի գլոբալ թիմը:

- Ընդհանուր առմամբ, շուրջ 1000 աշխատակից ունենք: Նրանց թվում են այն 170 մասնագետները, որոնք աշխատում են մեր լուծումների մշակման ուղղությամբ: Նրանք աշխատում են հետազոտության եւ զարգացման (R&D) 3 գրասենյակներում, որոնք գտնվում են Հայաստանում, Ֆիլիպիններում եւ Ֆրանսիայում:

photo © Մեդիամաքս


- Գործունեության ընթացքում ի՞նչ մարտահրավերների է առերեսվել ընկերությունը:

- Հիմնական մարտահրավերը, որին առերեսվում ենք տարբեր երկրներում մեր լուծումները ներկայացնելիս, այն է, որ կառավարություններն ունեն տեսլական, սակայն չգիտեն, թե հատկապես ինչ է պետք անել: Մենք ստիպված ենք ներկայացնել լուծումը, բացատրել կառավարությանը եւ մյուս շահագրգիռ կողմերին դրա կարեւորությունը եւ թե ինչպես է այդ ծրագիրն աշխատելու:

Մյուս մարտահրավերը կապված է բոլոր շահագրգիռ կողմերին համոզելու հետ, որպեսզի վստահ լինենք, որ առկա է ընդհանուր հասկացվածություն եւ կամք՝ արդյունքի հասնելու համար:

- Նկարագրեք Webb Fontaine-ը մի քանի բառով:

- Webb Fontaine-ը շատ ռեակտիվ ընկերություն է, որոշումներ կայացնելու գործընթացն ընկերության ներսում շատ արագ է տեղի ունենում: Մեր ընկերությունը մեծ փորձ ունի ներդնելու լուծումներ՝ բազմաթիվ եւ հաճախ շատ բարդ երկրներում, որտեղ, օրինակ, առկա չեն ենթակառուցվածքներ: Նաեւ շատ նվիրված աշխատակիցներ ունենք:

- Որտե՞ղ եք տեսնում Ձեր ընկերությունը 5 տարի անց:

- Ես այն տեսնում եմ որպես համաշխարհային ընկերություն: Մենք ունենք դա անելու կարողություն, քանի որ մշակում ենք նորարար տեխնոլոգիական լուծումներ:

Դիդիե Ռեյմոնդը Դիդիե Ռեյմոնդը
photo © Մեդիամաքս


Ներկայում աշխատում ենք լուծումների վրա, որոնք հասանելի կլինեն 4-5 տարուց:

Մեզ համար շուկան միայն այն չէ, որտեղ այս պահին ենք: Դա համաշխարհային շուկան է: Վերջերս մեր աշխատակիցներից մեկին տեղափոխեցինք Լատինական Ամերիկա, որտեղ ամպային տեխնոլոգիաներին առնչվող նախագիծ ենք իրականացնում՝ այնտեղ մեր գործունեությունն ընդլայնելու նպատակով:

Նույն կերպ ընդլայնվում ենք Ասիայում: Հաջորդիվ կլինենք Կենտրոնական Ասիայում եւ Արեւելյան Եվրոպայում, եւ մեզ համար չկան սահմաններ՝ մեր լուծումները ներկայացնելու առումով:

- Ի՞նչ խորհուրդ կտաք այն մասնագետներին, որոնք իրենց տեսնում են Ձեր ընկերությունում աշխատելիս:

- Այն մասնագետները, որոնք ցանկանում են այս ոլորտում մենեջեր դառնալ, ունեն մեկ մարտահրավեր՝ միջազգային առեւտրի ոլորտը շատ արագ է զարգանում: Մեզ հարկավոր են մասնագետներ, որոնք մարտահրավեր կնետեն իրենք իրենց եւ հարցեր կտան՝ գիտելիքի եւ տեխնոլոգիայի առումներով միշտ առաջատար լինելու նպատակով:

Դիդիե Ռեյմոնդի հետ զրուցել է Նարինե Դանեղյանը