Լորան Սիգնորետը
Նարինե Դանեղյանը զրուցում է Լորան Սիգնորետի հետ
15:13 | 15.03.19 | Հարցազրույցներ | exclusive 52649
Օրերս Հայաստան էր այցելել Մայքրոսոֆթ ընկերության՝ Եվրոպայի, Միջին Ասիայի եւ Աֆրիկայի ծրագրային ապահովման կառավարման եւ վերահսկողության ղեկավար Լորան Սիգնորետը, ով հանդիպումներ է ունեցել ՀՀ պետական եւ հասարակական սեկտորի ղեկավարների հետ, ներկայացրել թվային փոխակերպման լավագույն պրակտիկաները, մասնավորապես Մայքրոսոֆթի փորձը այդ տիրույթում, քննարկել ընդհանուր համագործակցության հնարավորությունները։
Itel.am-ը զրուցել է Լորան Սիգնորետի հետ:
- Երկու տարի առաջ մեր զրույցի ընթացքում նշել էիք, որ Հայաստանում մտահոգիչ է ցանցահենության բարձր մակարդակը, եւ որ այդ խնդիրը լուծելու համար հարկավոր է պետական եւ մասնավոր հատվածների (կորպորոցիաներ, ստարտափներ) միջեւ համագործակցության հաստատում: Արդյոք սա մնո՞ւմ է մարտահրավեր Հայաստանի համար:
- Չեմ կարծում, որ էապես ինչ-որ բան է փոխվել: Հնարավոր է, որ երկրում առկա էին ավելի կարեւոր բաներ, որոնց մասին պետք էր անհանգստանալ: Բայց հիմա, երբ խնդիրները լուծվել են, գուցե ճիշտ է անդրադառնալ կիբեռանվտանգությանը:
Որեւէ մեկն ապահովագրված չէ կիբեռհարձակումներից: Վտանգը միայն այն «վատ տղաները» չեն, որոնք փորձում են տվյալներ գողանալ, այլեւ պետությունների փոխադարձ պայքարը: Այսօր սառը պատերազմը տեղափոխվում է կիբեռ տարածք: Յուրաքանչյուր երկիր պետք է ուշադրություն դարձնի այս հարցերին:
Նարինե Դանեղյանը զրուցում է Լորան Սիգնորետի հետ
Ֆինանսների, էներգետիկայի, հեռահաղորդակցության, տրանսպորտի ոլորտները չափազանց շատ են հարձակման ենթարկվում:
Յուրաքանչյուր կառավարություն պետք է ուշադրություն դարձնի այս հարցին: Այն երկիրը, որը դա չի անի, կամ կանի ոչ հաճախ, հավանաբար ավելի մեծ վնասներ կկրի: ԵՄ-ում, օրինակ, առկա են կիբեռանվտանգությանն ու տվյալների պաշպանությանն (GDPR) առնչվող մի շարք օրենքներ եւ կանոնակարգեր: Հայաստանում նման օրենքներ չկան: Հավանաբար, իմ խորհուրդը ՀՀ կառավարությանը կլիներ պարզել, թե որոնք են աշխարհում կիբեռանվտանգությանն ու տվյալների պաշպանությանն առնչվող բարձր ստանդարտները եւ համեմատելով՝ հասկանալ, թե Հայաստանը դրանց համեմատ ինչ դիրքերում է գտնվում: Եթե ավելի ցածր դիրքում է, ապա պետք է հասկանալ, թե ինչպես բարձրացնել անվտանգության, գաղտնիության, տվյալների հսկողության ստանդարտները:
- Մեր վերջին զրույցի ընթացքում նշել էիք, որ աշխարհի թվայնացումը խոշոր հնարավորություն է, եւ միաժամանակ՝ խոշոր մարտահրավեր: Արդյոք ներկայում այդ գործընթացն ավելի շատ դրակա՞ն, թե՞ բացասական ռիսկեր է պարունակում:
- Աշխարհը գնում է դեպի թվայնացում, եւ այսօր մեր բոլոր քայլերը թվային են:
Թվային տարածքում առկա են մեծ քանակությամբ անձնական տվյալներ: Իհարկե, դա ավելի հեշտ է դարձնում կապերի հաստատումն ու տեղեկատվության ստացումը: Դա, օրինակ, բիզնեսներին տալիս է մեծ քանակությամբ հնարավորություններ: Բայց վտանգը, որ գալիս է դրա հետ մեկտեղ, այն է, որ պետք է կարողանաս կառավարել այդ ողջ գործընթացը: Այսօր կիբեռհարձակումների մեծ հնարավորություններ կան, քանի որ խելացի հաքերների համար համակարգեր կոտրելու լավագույն ժամանակն է:
Թվայնացումը տալիս է տվյալների վերահսկողության հնարավորություններ եւ պատասխանատվություն:
Վերջին 2 տարիներին ամպային ծառայությունները, որոնք ավելի անվտանգ են, շատ են զարգացել: Այս ծառայությունները թույլ են տալիս ունենալ անվտանգության ամենաբարձր ստանդարտներ: Օրինակ, Microsoft Azur ամպային ծառայությունը համապատասխանում է ազգային բոլոր ստանդարտներին: Այնպես որ, եթե ամպային ծառայություն գնեք վստահելի պրովայդերից, ինչպես Microsoft-ն է, կարող եք վստահ լինել, որ ձեր անվտանգությունը բարձր մակարդակի է:
- 2018թ. կիբեռհարձակումների քանակի եւ գողացված տվյալների առումով հատկանշական տարի էր: Արդյոք հարձակումների քանակի ավելացումը պայմանավորվա՞ծ է նրանով, որ հարձակվողներն են տարեցտարի դառնում ավելի խելացի, թե՞ պաշտպանական կողմն է գնալով թուլանում:
- Պետք է դիտարկել երկու տեսակի հաքերների:
Առաջինը հանցագործ կազմակերպություններն են, որոնք հարձակում են իրականացնում գումար կորզելու նպատակով:
Մյուսն այն հաքերների խմբերն են, որոնք փորձում են հարձակման միջոցով իշխանություն ձեռք բերել, համակարգեր վնասել: Նրանք մեծ հնարավորություն ունեն հասնելու իրենց նպատակին, որովհետեւ այսօր ամեն ինչ թվային է: Եվ որքան այդ գործընթացն ավելի է թվայնացվում, այնքան ավելի շատ հնարավորություններ են ստեղծվում հաքերների համար: Ընդհանրապես, թվայնացումը հաքերների համար ավելի շատ հնարավորություններ առաջացրեց: Այնպես որ, թե կազմակերպությունները, թե անհատներն ունեն պաշտպանության կարիք:
- Առաջիկա տարում ի՞նչ պլաններ ունի Microsoft-ը՝ կապված Հայաստանի հետ:
- Մեր հայաստանյան գրասենյակում հիանալի թիմ է աշխատում: Սերտ համագործակցում ենք տեղական էկոհամակարգի հետ: Կառավարության հետ քննարկում ենք, թե այն ինչպես վերջինս կարող է կառուցել նոր ՏՏ ենթակառուցվածքներ, եւ ինչպես մենք կարող ենք օգնել այդ հարցում: Մեր ներդրումները տարածաշրջանում եւ Հայաստանում շատ կայուն են:
Կարծում եմ՝ Հայաստանում առկա են լուրջ հնարավորություններ: Հայաստանը դինամիկ երկիր է, այստեղ կա ինժեներական մշակույթ: Համոզված եմ, որ նոր սերունդը առաջ կմղի Հայաստանում թվայնացման գաղափարը:
Լորան Սիգնորետի հետ զրուցել է Նարինե Դանեղյանը