11:38 | 21.03.20 | Նորություններ | exclusive 87353

Օպերատորները պատրաստ են թրաֆիկի ավելի մեծ ծավալներ սպասարկել

Itel.am-ը դիմել է Հայաստանի կապի օպերատորներին՝ խնդրելով ներկայացնել արտակարգ ռեժիմում գործունեության մանրամասները: Պատասխանները ներկայացնում ենք ստորեւ: 

Վիվա-ՄՏՍ

Արտակարգ ռեժիմի պայմաններում, Վիվա-ՄՏՍ-ի համահանրապետական բջջային ցանցը գործում է անխափան, իսկ ձայնային ու տվյալների փոխանցման ծառայությունները շարունակում են տրամադրվել բնականոն ռեժիմով: Բջջային ցանցի անխափան աշխատանքի վերահսկողությունն իրականացվում է առավել խստացված ռեժիմով, համապատասխան աշխատակազմն աշխատում է հերթափոխով:

Վիվա-ՄՏՍ-ի թողունակային հնարավորությունները թույլ են տալիս տվյալների փոխանցման ավելի մեծ ծավալների սպասարկում:

Ս.թ. մարտի 16-ից առ այսօր, շարժական ինտերնետի սպառման ծավալների էական փոփոխություն չի արձանագրվել: Սա թերեւս պայմանավորված է 4G ցանցի արդիականացման շարունակական աշխատանքներով, ինչպես նաեւ՝ Վիվա-ՄՏՍ-ի փաթեթների առանձնահատկությամբ, այն է՝ ձայնային ու ինտերնետի ծառայությունների համադրումը մեկ փաթեթում:

Ինտերնետ սպառող հիմնական սակագնային X, Y, Z պլանների բաժանորդները կարող են անսահմանափակ օգտվել ամենատարածված հավելվածներից, այն է՝ Viber, Whatsapp, Messenger, Zangi, Telegram, Instagram, Netflix, Snapchat, առանց հիմնական փաթեթում ներառված ինտերնետ փաթեթի մեգաբայթերն օգտագործելու, կախված սակագնային պլանից:

Beeline

Հայաստանում Beeline-ը միշտ զգոն է երկրում արտակարգ իրադրությունների առաջացման դեպքերում, եւ նախապես է հոգում, որպեսզի բաժանորդները կապի մեջ մնան իրենց մտերիմների եւ համապատասխան պետական ծառայությունների հետ: 
 
Բացի այդ, մեր ցանցերը մշտապես զարգանում եւ արդիականանում են. միայն անցած տարի մենք նոր VDSL եւ FTTB  տեխնոլոգիաներով գերարագ ինտերնետ հասանելիություն ենք ապահովել Երեւանի գրեթե ամբողջ տարածքում, նաեւ հզորացրել ենք ցանցերը մի քանի քաղաքներում, այդ թվում՝ Էջմիածնում: 
 
Այս պահի դրությամբ արդեն ունենք ինտերնետի սպառման որոշակի աճ. մարտի 13-ից 19 ն ընկած ժամանակահատվածում շարժական ինտերնետի թրաֆիկը նախորդող 7 օրերի նկատմամբ աճել է 3%-ով:

Միեւնույն ժամանակահատվածում, նախորդող 7 օրերի նկատմամբ գրանցվել է  ամրակցված Ինտերնետի թրաֆիկի աճ՝ 24%-ով: Մենք պատրաստ ենք էլ ավելի մեծ ծավալներ սպասարկելու: Մեր տեխնիկական անձնակազմն աշխատում է ամեն օր՝ 24/7, որպեսզի բաժանորդները չունենան որեւէ խնդիր կապի հետ: 
 
Հոգ տանելով մեր բաժանորդների մասին, նաեւ ապահովում ենք անհրաժեշտ տեղեկությունների անվճար հասանելիություն համացանցով եւ թեժ համարներով: Բոլոր այդ քայլերի մասին տեղեկացնում ենք ֆեյսբուքյան մեր պաշտոնական էջի եւ կարճ հաղորդագրությունների միջոցով: 

«Ռոստելեկոմ»

Մարտի 13-ից մինչ օրս նկատվում է ինտերնետ թրաֆիկի աճ՝ 15-20%։ 

Ցանցի գերծանրաբեռնվածություն չունենք, հետեւաբար խնդիրներ չեն նկատվել։

Մեր ընկերությունը պատրաստ է ցանցի ծանրաբեռնվածության ավելի մեծ աճի։ Աշխատակիցները աշխատում են արտակարգ ռեժիմով, հնարավոր ամեն բան արվում է որակյալ եւ անխափան կապ ապահովելու համար։

Ի լրումն այս ամենի, ընկերությունը մի շարք նոր առաջարկներ է ներկայացրել այս ընթացքում՝ բաժանորդների հաճելի ժամանցն ապահովելու համար՝ անվճար ժամանցային եւ մանկական հեռուստաալիքներ, բոլոր սերիալները եւ ֆիլմերն այսուհետ անվճար են, նոր կրթական հեռուստաալիք՝ Hybrid Edu (ch121): 

Բաժանորդների սպասարկումն իրականացվում է շուրջօրյա՝ հեռախոսային սպասարկման միջոցով, բաժանորդագրությունները եւ վճարումները կարելի է կատարել ընկերության պաշտոնական կայքի միջոցով։

Ucom

Վերջին երկու շաբաթվա ընթացքում թրաֆիկի աճը կազմել է 10-20%՝ օրվա տարբեր ժամերին։

Թրաֆիկի նման աճը ոչ մի կերպ չի կարող դիտարկվել որպես գերծանրաբեռնվածություն. սա սովորական աճ է, որը ոչ արտակարգ իրավիճակներում դիտվում է սովորաբար ամսվա առաջին օրերին, իսկ երբեմն էլ կարեւոր միջոցառումների եւ հայտարարությունների առցանց հառարձակումների ժամանակ։ Ուստի եւ այս պատճառով խնդիրներ չեն առաջացել։

Հայաստանի ինտերնետ հասանելիության հետ կապված միակ խնդիրը, որն առաջացել է վերջին ժամանակահատվածում, կապված է եղել Վրաստանում վթարված կապուղիների հետ եւ կապ չունի որեւէ ինտերնետ մատակարարող ընկերության գերծանրաբեռնվածության հետ։

Նարինե Դանեղյան