17:45 | 20.03.20 | Նորություններ | 3469
Gmoji Armenia թիմը հայտարարել է, որ հատուկ այս օրերի համար հավելվածում ավելացրել է առաքման «Մնա տանը» բաժինը, որտեղից օգտատերերը կկարողանան հեռահար գնել կամ իրենց հարազատներին ու ընկերներին ուղարկել զանազան ապրանքներ ու ծառայություններ, որոնք կառաքվեն հասցեատիրոջը:
Բաժնում առկա է 50-ից ավելի ապրանք, ներառյալ՝ արագ սնունդ, խաղալիքներ, երեխաների ժամանցը հետաքրքիր կազմակերպելու համար նախատեսված ապրանքներ, նվերներ, ծաղիկներ, քաղցրավենիք, ինչպես նաեւ սնունդ կենդանիների համար:
Գաղափարն ուղղված է հիմնականում տանից աշխատողներին սատարելու համար:
Gmoji Armenia-ի տնօրեն Լեւոն Ֆրանգուլյանի խոսքով, ընկերության ամբողջ թիմն այս օրերին աշխատում է տնից, իսկ հայաստանյան շուկայում աշխատակիցների հեռահար խրախուսման հարմար գործիք դեռեւս չկա, այդ իսկ պատճառով ընկերությունը որոշել է իր աշխատակիցներին պարբերաբար ուշադրության նշաններ ուղարկել՝ սուրճի, խմորեղենի եւ այլնի տեսքով: «Մենք կարծում ենք, որ մեր փորձը կարող են կիրառել նաեւ այլ ընկերությունները»,- նշել է նա:
Գաղափարը կարող է նաեւ այլ կիրառություններ ունենալ: Այն հարմար է բժիշկներին, կարանտինում գտնվող եւ ինքնամեկուսացված հարազատներին եւ բնակչության այլ զանգվածներին խրախուսելու համար: Ընկերությունը փորձում է նաեւ սատարել այն բիզնեսներին, որոնք տուժում են կորոնավիրուսի հետեւանքով անգործության պատճառով: Դրանք են ռեստորանները, խանութները, սրճարանները եւ այլն:
Gmoji Armenia-ում նշել են, որ փորձելու են ավելացնել առաքմամբ նվերների տեսականին, որպեսզի հիմնարկները կարողանան խրախուսել իրենց աշխատակիցներին՝ օգտագործելով նորարար տեխնոլոգիական գործիքներ:
Gmoji Armenia հավելվածը հասանելի է App Store-ում եւ Google Play-ում: