Լարիսա Հովաննիսյանը
11:38 | 19.03.20 | Նորություններ | 84339
«Դասավանդի՛ր Հայաստան» հիմնադրամի գործադիր տնօրեն եւ հիմնադիր Լարիսա Հովաննիսյանը կոչով դիմել է տեխնոլոգիական ընկերություններին:
«Դպրոցների փակումը, հատկապես մեզ նման չզարգացած եւ տնտեսապես անբարենպաստ պայմաններում գտնվող երկրներում, ավելի է խորացնում եւ արտահայտիչ դարձնում կրթական համակարգում արդեն իսկ առկա անհավասարությունը։
Այն ավելի քան 15 000 երեխաները, որոնց հետ մենք աշխատում ենք Հայաստանի եւ Արցախի ամենակարիքավոր համայնքներում, արդեն իսկ զրկված են կրթական հնարավորություններից եւ ուսումնառության տարրական անհրաժեշտություններից։ Ավելի պատկերավոր դարձնելու համար նշեմ, որ մենք աշխատում ենք նման պայմաններում ապրող աշակերտների միայն տաս տոկոսի հետ։
Այո՛, մենք իրապես պետք է արծարծենք առցանց կրթության գործարկման թեման։ Եվ ես ուրախ եմ տեսնել, որ երեւանյան մի շարք մասնավոր եւ հեղինակավոր դպրոցներ աշակերտներին տալիս են այդ հնարավորությունը։ Իսկ երկրի մնացա՞ծ մասը։ Ի՞նչ ենք մտածում աշակերտների մեծամասնության մասին։ Հազարավոր, կրկնում եմ, հազարավոր երեխաներ չունեն անգամ կոշիկ, պայուսակ կամ տետր, էլ ուր մնաց համակարգիչ կամ պլանշետ։ Ինչպե՞ս ենք ապահովում, որ մեր բոլոր երեխաները շարունակում են սովորել ստեղծված իրավիճակում։
Միգուցե կարող ենք անհապաղ խնդրել մեր տեխնոլոգիական ընկերություններին թարմացնել, ախտահանել եւ նվիրաբերել իրենց տեխնոլոգիան տնտեսական դժվարությունների պայմաններում ապրող աշակերտներին եւ նրանց ուսուցիչներին։
PicsArt, VOLO, Synopsys, ServiceTitan, Globbing - պարզապես նշում եմ մի քանիսին, արդյո՞ք դուք կհամախմբվեք կրթական այս ճգնաժամին ի պատասխան։ Սա կարող է ավելի մեծ ազդեցություն ունենալ, քան մենք հիմա պատկերացնում ենք։ Մենք պարտավոր ենք ինչ-որ բան անել։
Ընթերցողներին խնդրում եմ ազատ զգալ կիսվել, հաղորդագրություն ուղարկել, կապ հաստատել: Եթե դուք աշխատում եք տեխնոլոգիական ընկերությունում, խնդրում եմ ձեր ղեկավար կազմին անմիջական կապի մեջ դնել ինձ հետ: Եթե դուք տեխնոլոգիական ընկերություն եք ղեկավարում՝ եկեք քննարկենք եւ առցանց հանդիպում կազմակերպենք», - գրել է Լարիսա Հովաննիսյանը: