Արմեն Կարապետյանը
11:18 | 18.03.20 | Նորություններ | 1735
Հայաստանում 2019թ. տեղային սպառնալիքների բախվել է տնային համակարգիչներ ունեցող օգտատերերի 40%-ը (2018թ.՝ 47,78%) եւ կորպորատիվ օգտատերերի 36%-ը (2018թ.՝ 32,39%)։
«Կասպերսկի» ընկերության տվյալների համաձայն, տեղային սպառնալիքները հայտնաբերվում են համակարգիչներին միացած հանովի կրիչներում՝ ֆլեշ եւ այլ հիշողության քարտերում, արտաքին կոշտ սկավառակներում եւ այլն։ Նշվում է, որ համացանցում վարակման ռիսկի ենթարկվել է հայաստանցի տնային օգտատերերի 17%-ը (2018թ.՝ 18%) եւ կորպորատիվ օգտատերերի 11%-ը (2018թ.՝ 18,38%)։
Հայաստանի ընդհանուր փոստային թրաֆիկում սպամի բաժինը կազմել է 36%։ Բացի այդ, «Կասպերսկի» ընկերության լուծումներն արգելափակել են ֆիշինգային կայքեր անցնելու ավելի քան երկու հարյուր հազար փորձ։
«Ինչպես ցույց են տալիս մեր տվյալները, համացանցին չմիացած սարքերն ավտոմատ կերպով անխոցելի չեն վնասաբեր ծրագրերի համար։ Նման սպառնալիքների մեծ բաժին է 2019-ին հայտնաբերվել կորպորատիվ հատվածում։ Հաճախ դա հնարավոր է դառնում աշխատակիցների՝ անվտանգության բազային կանոնների չիմացության պատճառով։ Նման ռիսկերից կարելի է խուսափել այնպիսի հուսալի պաշտպանական լուծման օգնությամբ, որում ներառված են ինչպես գոյություն ունեցող, այնպես էլ նոր սպառնալիքների հայտնաբերման գործուն տեխնոլոգիաներ։
Բացի այդ, կազմակերպությունները պետք է ռեսուրսներ հատկացնեն աշխատակիցներին թվային հիգիենայի կանոնները սովորեցնելու համար»,- ընդգծել է Հայաստանում եւ Վրաստանում «Կասպերսկի» ընկերության տարածքային ներկայացուցիչ Արմեն Կարապետյանը։
Կիբեռսպառնալիքներից պաշտպանվելու համար ընկերության փորձագետները խորհուրդ են տալիս պահպանել հետեւյալ կանոնները՝
չանցնել նամակների, մեսենջերների եւ SMS-հաղորդագրությունների կասկածելի հղումներով,
կանոնավոր կերպով տեղադրել օպերացիոն համակարգի եւ հավելվածների թարմացումները.
հավելվածներ տեղադրել միայն պաշտոնական հարթակներից,
օգտահաշիվներում կիրառել բարդ եւ տարբեր գաղտնաբառեր,
կարեւոր տվյալները կանոնավոր կերպով պատճենել ամպում, ֆլեշ քարտում կամ կոշտ սկավառակում,
հավելվածներին չտալ հասանելիություն այն գործառույթներին, որոնք դրանց անհրաժեշտ չեն,
տեղադրել հուսալի պաշտպանական լուծում։
Բացի այդ, ընկերություններին խորհուրդ է տրվում անցկացնել դասընթացներ, որոնք թույլ կտան բարձրացնել աշխատակիցների կիբեռգրագիտության մակարդակը։ Օրինակ՝ Kaspersky ASAP ավտոմատացված հարթակն օգնում է զարգացնել անվտանգ վարքի հմտություններ եւ ձեւավորել կայուն սովորություններ։