16:06 | 17.03.20 | Նորություններ | 1901

Արտակարգ դրության պայմաններում «Արմաթն» անցնել է հեռավար ուսուցման

Կարեւորելով «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների աշակերտների եւ խմբավարների առողջությունը՝ Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունն ու «Արմաթ» նախագծի համակարգող թիմը կայացրել են որոշում, ըստ որի մինչեւ ապրիլի 16-ը լաբորատորիաները կգործեն հեռավար ուսուցման մոդելով։

Դեռ մարտի 13-ից Հայաստանի մարզերի (այդ թվում` Արցախի), ինչպես նաեւ Ջավախքում գործող «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների մեծ մասն անցել են հեռավար ուսուցման։ Խմբավարներին տրամադրվել է հեռավար ուսուցման ձեռնարկ։ Նպատակն է ապահովել աշակերտների ու խմբավարների առողջության անվտանգությունը եւ անխափան ուսումնական գործընթացը։


«Հեռավար ուսուցումն «Արմաթում» երկու կարեւոր առաքելություն ունի։ Առաջինը պանդեմիայի ժամանակ ուսուցման անընդհատության ապահովումն է։ Երկրորդ կարեւոր հանգամանքն այն է, որ տեխնոլոգիական ոլորտի ձեռնարկություններում հաճախ աշխատում են, կիրառելով հենց հեռահար գործիքներ, եւ այժմ մեր սաներին հնարավորություն է տրվում դեռ երիտասարդ հասակում ընտելանալ նման գործիքների օգտագործմանը»,- նշել է ԱՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը։

«Արմաթում դասավանդում ենք ծրագրավորման հիմունքներ, ռոբոտաշինություն, եռաչափ մոդելավորում ու տպագրություն, աշխատանք հաստոցներով։ Հեռավար ուսուցման պայմաններում աշխատանքներ են տարվում հիմնականում ծրագրավորման հիմունքների ու մոդելավորման ուղղությամբ. այն ամենը, ինչ հնարավոր է կազմակերպել հեռահար կերպով։ Խմբավարներին տրամադրված ուղեցույցի մեջ ներառել ենք հավելվածների ու այլ անհրաժեշտ գործիքների ցանկ, որոնցով կարելի է իրականացնլ ուսուցումը, այդ թվում՝ «Արմաթի» պաշտոնական կայքէջը,  սակայն խմբավարին տրված է հնարավորություն՝ ընտրելու գործընթացի կազմակերպման իրեն հարմար միջոցը»,- հավելել է «Արմաթ» կրթական ծրագրի մեթոդաբանության պատասխանատու Ավագ Սայանը։

Հայաստանի, Արցախի եւ Վրաստանի տարածքում ներկայում գործում է 575 «Արմաթ» ինժեներական լաբորատորիաներ, որտեղ շուրջ 15 հազ. երեխա ստանում է անվճար ինժեներական կրթություն։ Լաբորատորիաների հիմնման կրթական ծրագիրը նախաձեռնել եւ իրականացնում է ԱՏՁՄ-ն: