11:41 | 17.03.20 | Նորություններ | 1908
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը, հաշվի առնելով կորոնավիրուսի կանխարգելման անհրաժեշտությունը եւ ելնելով ստեղծված իրավիճակից, հանրակրթական դպրոցներում ուսումնական գործընթացն օնլայն կազմակերպելու նպատակով գործարկում է հեռավար կրթության հարթակ:
Հարթակը մշակվել է ԿԳՄՍՆ Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնում:
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը ասել է, որ անհրաժեշտ է պլանավորել ուսումնական գործընթացի կազմակերպման աշխատանքները` առկա այլընտրանքների ու հնարավորությունների համատեղմամբ: Այս տարի նախարարությունը երկու դպրոցում փորձարկել է հեռավար կրթության ներդրման հնարավորությունը, եւ այժմ գործընթացում կներգրավվեն բոլոր դպրոցները:
«Հեռավար կրթության կազմակերպման համար մենք ունենք բավականին թվով հայալեզու առցանց ռեսուրսներ եւ գործիքներ: Կան հեռավար կրթության կազմակերպման ոլորտում հաջողված փորձ ունեցող դպրոցներ, որոնց մենք խնդրել ենք կիսվել իրենց փորձով, ինչպես նաեւ համախմբել ոլորտում առկա ներուժը, որպեսզի հեռավար կրթությունը կազմակերպվի արդյունավետ եւ բաց ու հասանելի լինի բոլորին»,- նշել է Ժաննա Անդրեասյանը:
Նախարարի տեղակալի խոսքով` անցած երկու օրերին Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնում կատարվել է նախապատրաստական աշխատանք, եւ արդեն իսկ գործարկվել է հեռավար կրթության համալիր էջը, որտեղ նախատեսվում է համակարգված ներկայացնել հանրապետության բոլոր դպրոցների ցանկը` ըստ առարկայական ուսուցիչների եւ աշակերտների:
Կրթական տեխնոլգիաների ազգային կենտրոնի ստեղծած միասնական հարթակում կներկայացվեն նաեւ բոլոր այն կազմակերպությունների հեռավար կրթության հարթակները, որոնք պատրաստակամ են համագործակցել նախարարության հետ` տրամադրելով իրենց ռեսուրսներն ու հմտությունները:
Հեռավար կրթության հարթակի կիրառման հետ կապված տեխնիկական աջակցության եւ այլ հարցերի դեպքում կարելի է դիմել Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնում ձեւավորված արագ արձագանքման խմբին հետեւյալ հեռախոսահամարներով՝ 010/ 011/ 57-84-55, 010/ 011/ 57-84-53 եւ էլեկտրոնային հասցեով:
Առաջիկայում բոլոր դպրոցներին կտրամադրվեն ՏՀՏ վերապատրաստում անցած մենթոր-ուսուցիչների տվյալներ: Վերջիններս կիրականացնեն օնլայն վերապատրաստում եւ կապահովեն տեխնիկական աջակցություն եւ ուղղորդում ուսուցիչների համար։