Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, բաժանորդային սպասարկում իրականացնելու, կապի ռազմավարական ենթակառուցվածքի անխափան գործունեությունն ապահովելու, ինչպես նաեւ աշխատակիցների առողջության անվտանգության ու նրանց ընտանիքների մասին հոգ տանելու կարեւորությունը, Վիվա-ՄՏՍ-ն անցել է գործունեության արտակարգ ռեժիմի:

Վիվա-ՄՏՍ-ի բոլոր այն աշխատակիցները, որոնց աշխատանքի բնույթը չի ենթադրում գրասենյակում անմիջականորեն գտնվելու անհրաժեշտություն, կաշխատեն տնից: Բջջային ցանցի անխափան աշխատանքի վերահսկողությունը կիրականացվի առավել խստացված ռեժիմով:

Սպասարկման կենտրոնները ժամանակավորապես չեն գործելու՝ մարտի 17-ից սկսած:

Վճարումներ կատարելու համար անհրաժեշտ է օգտվել Մոբիդրամ հավելվածից, Վիվա-ՄՏՍ-ի առցանց վճարման համակարգից, ինչպես նաեւ առցանց այլ համակարգերից ու վճարային տերմինալներից:

Հեռախոսահամարի, սակագնային պլանի եւ այլնի վերաբերյալ անհրաժեշտ տեղեկություն կարելի է ստանալ «Իմ Վիվա-ՄՏՍ» բջջային հավելվածի միջոցով՝ ներբեռնելով այն «Google Play»-ից կամ «App Store»-ից: Տեղեկություններ կարելի է ստանալ նաեւ հրահանգների ցանկի օգնությամբ՝ ուղարկելով *130# հրահանգը:

Վիվա-ՄՏՍ-ի ծառայությունների եւ ապրանքատեսակների վերաբերյալ անհրաժեշտ տեղեկությունները հասանելի են ընկերության պաշտոնական կայքէջում եւ ֆեյսբուքյան էջում: Հարցերի դեպքում, ներառյալ՝ SIM քարտին առնչվող, կարելի է դիմել անձնական նամակով՝ ֆեյսբուքյան մեսենջերով, էլեկտրոնային հաղորդագրության միջոցով՝ այցելելով կայքէջ կամ` զանգահարել Վիվա-ՄՏՍ-ի թեժ գիծ:

Թեժ գիծն ինչպես միշտ հասանելի կլինի շուրջօրյա: Վիվա-ՄՏՍ-ի հեռախոսահամարներից թեժ գծին կարելի է միանալ` զանգահարելով 111: Ռոումինգում գտնվելիս թեժ գծին միանալու համար ՄՏՍ խմբի ցանցերից անհրաժեշտ է զանգահարել +374 93 297111 հեռախոսահամարին (Վիվա-ՄՏՍ-ի բաժանորդների համար՝ անվճար): Ֆիքսված եւ ամպային ծառայությունների համար անհրաժեշտ է զանգահարել 060 61 00 00 հեռախոսահամարով:

Բաժանորդներին հասանելի է ՀՀ առողջապահության նախարարության թեժ գծի անվճար՝ 8003 հեռախոսահամարը:

Իրավիճակով պայմանավորված՝ կուտակված եւ չվճարված պարտքերի պատճառով կապի ծառայությունները չեն կասեցվի, իսկ վճարումը կատարելու ժամկետները կհետաձգվեն մինչեւ ապրիլի 16-ը: