14:22 | 12.03.20 | Նորություններ | 2266

Կառավարությունը տարեկան 1,3 մլրդ դրամ կտրամադրի «Հայկական վիրտուալ կամուրջ» ծրագրին

Այսօր կառավարության նիստում հաստատվել է «Հայկական վիրտուալ կամուրջ» ծրագիրը, որի շրջանակում այս տարի 45 հայ ձեռներեց հնարավորություն կստանա հատուկ մասնագիտական ծրագրերով այցելել Սիլիկոնյան հովիտ, ստանալ ձեռնարկատիրական եւ բիզնես գիտելիքներ, հանդիպել ներդրողների եւ վենչուրային կապիտալիստների:

Ծրագրի իրականացման համար ՀՀ պետական բյուջեով տարեկան կհատկացվի 1,3 մլրդ դրամ:

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության մշակած ծրագրի միջոցով Հայաստանը հնարավորություն է ստանում կապվելու աշխարհի առաջատար տեխնոլոգիական կենտրոնների հետ՝ օգտագործելով սփյուռքի ներուժը:


Ծրագրի կարեւորագույն բաղադրիչը Սիլիկոնյան հովտում տեխնոլոգիական ներկայացվածության ապահովումն է: Այդ նպատակով Սան Խոսե քաղաքում վարձակալվելու է մինչեւ 250քմ տարածքով բնակարան, որտեղ «Վիրտուալ կամուրջ» ծրագրի միջոցով Սիլիկոնյան հովիտ այցելած մասնակիցները 3 շաբաթ կաշխատեն, հանդիպումներ կկազմակերպեն եւ կապրեն:

Ծրագրի շրջանակում 15 ստարտափերները եւ ձեռներեցները, անցնելով հատուկ մրցութային փուլ, հնարավորություն են ունենալու 7 շաբաթ տեւողությամբ մասնագիտական վերապատրաստման դասընթացների մասնակցելու Դրեյփերի համալսարանում:

Հիշեցնենք, փետրվարի 13-ին ամփոփվել էր գարնանը Դրեյփերի համալսարանում ուսանելու կրթաթոշակի համար հայտարարված մրցույթը, որի արդյունքում հաղթող էր ճանաչվել 5 ձեռներեց: Այդ ձեռներեցներն են Կարեն Շահնազարյանը («Forge Fiction»), Սվետլանա Ջաղացպանյանը («ForestGuard»), Կարեն Նիկողոսյանը («Swap»), Լուսինե Մագաուզյանը («oores»), Հակոբ Թումանյանը («Yolo»): Նրանց տրամադրվել էր ՀՀ ԲՏԱ նախարարության կողմից փոխհատուցվող ամբողջական կրթաթոշակ:

Եվս 3 գաղափարի հեղինակի անակնկալ էր մատուցել Դրեյփերի համալսարանը. Կարեն Խաչիկյանը («Robin»), Ռուբեն Համբարձումյանը («Cerebrus»), Հայկ Բադալյանը («Garoon») 50%-ի չափով կրթաթոշակ էին ստացել: «Իմ քայլը» հիմնադրամը պատրաստակամություն է հայտնել փոխհատուցելու նշված երեք ձեռներեցների կրթաթոշակի մնացած 50%-ը: Արդյունքում՝ 8 ձեռներեցներն էլ Սիլիկոնյան հովիտ կմեկնեն՝ ստանալով ուսման եւ ճանապարհածախսի 100% փոխհատուցում:

Նշենք, որ այս տարի նախատեսվում է կազմակերպել եւս 2 նմանատիպ մրցույթ՝ ընտրելով հնգական ձեռներեցների: Ծրագիրն անմիջականորեն իրականացվելու է Հայկական բարեգործական ընդհանուր միության հետ միասին։ Լոգիստիկ, կազմակերպչական եւ բովանդակային բոլոր հարցերը կարգավորվելու է Հայկական բարեգործական ընդհանուր միության Սիլիկոնյան հովտի մասնաճյուղի կողմից: