11:02 | 03.03.20 | Նորություններ | 2852
ՀՀ բարձր տեխնոարդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանն ընդունել է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ, GIZ) պատվիրակությանը, որի կազմում էին «Մասնավոր հատվածի զարգացում եւ մասնագիտական կրթություն եւ ուսուցում Հարավային Կովկասում» ծրագրի տնօրեն Կատյա Կամերերը, նույն ծրագրի նորանշանակ տնօրեն Հանս-Յուրգեն Քասսենսը եւ ԵՄ եւ Գերմանիայի կառավարության կողմից համաֆինանսավորվող «Նորարարական տուրիզմի եւ տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար» ծրագրի թիմի ղեկավար Միխայելա Յոհաննա Վեբերը:
Հանդիպման ընթացքում Կատյա Կամերերը ներկայացրել է ԳՄՀԸ կողմից 2020-2023 թվականներին իրականացվելիք ծրագրերը, որոնք ֆինանսավորվելու են Եվրոպական Միության կողմից:
Նշվել է, որ «Աջակցություն փոքր եւ միջին ձեռնարկությունների զարգացմանը Հայաստանում» (SMEDA – Support to SME development in Armenia) ծրագիրը, որի նպատակն էր նպաստել Հայաստանում բիզնես եւ ներդրումային միջավայրի բարելավմանը, ուժեղացնել մասնավոր հատվածը եւ ՓՄՁ-֊ների համակարգման գործիքակազմը, հաջողությամբ իրականացվել է 2016-2019թթ.-ին եւ կուտակված փորձառությունը հիմքեր է ստեղծել առաջիկա ծրագրերի կյանքի ընդլայնման համար:
Կատյա Կամերերը նշել է նաեւ, որ առաջիկա տարիներին ԳՄՀԸ-ի կողմից իրականացվող ծրագրերը կլինեն 2 հիմնական ուղղություններով՝ միտված տեխնոլոգիաների եւ մարզերում տուրիզմի զարգացմանը` դրամաշնորհների միջոցով:
ՀՀ ԲՏԱ նախարար Հակոբ Արշակյանը ողջունել է հյուրերին եւ շնորհավորել Հանս-Յուրգեն Քասսենսին նշանակման կապակցությամբ, շնորհակալություն հայտնել Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերությանը՝ վերջին տարիներին Հայաստանում տեխնոլոգիական ոլորտի զարգացմանն ուղղված գործունեության համար:
Նշվել է, որ ՀՀ կառավարության կողմից, ի դեմս ԲՏԱ նախարարության, այժմ բազմաթիվ ծրագրեր են իրականացվում՝ ուղղված տեխնոլոգիական կրթության, ձեռներեցության զարգացմանը: Դրանցից են «Վիրտուալ կամուրջ» ծրագիրը, Դրեյփերի համալսարանում հայ ձեռնարկատերերին կրթաթոշակի տրամադրման, ինչպես նաեւ դրամաշնորհային բազմաթիվ ծրագրեր:
Կարեւորվել են թվայնացումը եւ բարձր տեխնոլոգիաների զարգացումը, որոնք ՀՀ ԲՏԱ նախարարության գերակա ուղղություններից են եւ ինչի շուրջ համագործակցության նոր եզրեր կարող են ձեւավորվել նախարարության եւ ԳՄՀԸ հայաստանյան գրասենյակի միջեւ:
Հակոբ Արշակյանն ընդգծել է տեխնոլոգիական այն ուղղությունները, որոնք գտնվում են նախարարության համակարգման տիրույթում, մասնավորապես՝ արհեստական բանականություն, ծրագրային ապահովում, ստարտափ էկոհամակարգ, տիեզերական համակարգեր եւ այլն:
ԳՄՀԸ համագործակցության շրջանակներում նախարարը կարեւորել է հայկական ստարտափների միասնական պլատֆորմի ստեղծումը, որը հնարավորություն կտա բոլոր շահառուներին, այդ թվում՝ ներդրողներին համակողմանի պատկերացում կազմելու Հայաստանի ստարտափ էկոհամակարգի մասին: