17:32 | 02.03.20 | Նորություններ | 9341
2020թ. փետրվարի 29-ին Էլիտ Պլազա բիզնես կենտրոնում տեղի է ունեցել TEDxHeratsiSt միջոցառումը, որի անցկացմանն աջակցում էր «Ռոստելեկոմ» Հայաստան ընկերությունը։
TEDxHeratsiSt միջոցառման անցկացումը Երեւանում նախաձեռնել էին Երեւանի Մ․ Հերացու անվան պետական բժշկական համալսարանի 5-րդ եւ 3-րդ կուրսի մի խումբ ուսանողներ՝ ստանալով լիցենզավորում TED-ի Ամերիկյան պաշտոնական գրասենյակից։ Միջոցառումը նվիրված էր Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի հիմնադրման 100 ամյակին։
Միջոցառումն անցկացվել է MasterPEACE կարգախոսի ներքո, որի նպատակը խաղաղության կերտումն էր եւ պայքարը՝ հանուն խաղաղության։ Միջոցառումը հնարավորություն է ընձեռել տարբեր մասնագիտությունների ու հետաքրքրությունների տեր մարդկանց հավաքվելու մեկ վայրում:
«Շատ ուրախ ենք, որ այսօր Հայաստանում կան այսպիսի նախաձեռնող եւ նպատակասլաց երիտասարդ ուսանողներ, ովքեր կարողանում են TEDх-ի նման համաշխարհային համբավ ունեցող միջոցառումներ անցկացնել նաեւ Երեւանում։ Ի սկզբնե TED համաժողովների շեշտադրումը տեխնոլոգիաների եւ դիզայնի վրա էր, որը կապված էր Սիլիկոնյան հովտում ծագելու հետ, սակայն այն ժամանակի ընթացքում ընդլայնել է իր սահմանները՝ ներառելով բազմաթիվ այլ թեմաներ: «Ռոստելեկոմ» ընկերությունը կարեւորում է նմանօրինակ միջոցառումների անցկացումը երիտասարդների շրջանում, քանի որ խոսնակների ելույթները եւ փորձի փոխանակումը ոգեւորում եւ բավականաչափ ուղղորդում են երիտասարդներին՝ ապագա մասնագիտության ընտրության կամ բիզնես գաղափարների իրագործման ճանապարհին»,- նշել է «Ռոստելեկոմ» Հայաստանի գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը։
Միջոցառման ընթացքում երիտասարդներն ու ուսանողները հնարավորություն են ունեցել լսելու փորձառու եւ իրենց մասնագիտական ոլորտներում արդեն իսկ հաջողություններ գրանցած խոսնակների:
«Մենք բոլորս մեծ բժիշկ, փիլիսոփա, գրող Մխիթար Հերացու սերունդ ենք եւ պետք է շարունակենք նրա գործը: Մենք ստեղծեցինք մեծ հարթակ, որտեղ կարողացանք տարածել խաղաղություն եւ քննարկելով բազմաթիվ թեմաներ՝ ներկաներին փոխանցեցինք ներքին խաղաղություն, ներդաշնակություն եւ հոգեկան առողջություն»,- նշել է միջոցառման կազմակերպիչ, Երեւանի Մ․ Հերացու անվան պետական բժշկական համալսարանի 5-րդ կուրսի ուսանողուհի Աննա Գաբրիելյանը։
Միջոցառման խոսնակներն էին՝
Վահրամ Միրաքյան՝ «Չոր մարքեթինգ»-ի հիմնադիր, ելույթի թեման՝ «Բիզնես ստարտ»՝
Խաչիկ Գեւորգյան՝ ԱՐՄԱԿԱԴ ընկերության նախագահ, ելույթի թեման՝ «Փոխանակային ծրագրերին դիմելու սպասումներն ու իրականությունը»
Անի Հովակիմյան՝ «ՖԻԳԱՐՈ» ռեստորանների խմբի գործադիր տնօրեն, ելույթի թեման՝ «Թե ինչպես անճոռնի ճուտիկը դարձավ կարապ»
Գոհար Նավասարդյան՝ սպորտային հոգեբան, ելույթի թեման՝ «Կյանք՝ անիվների վրա»
Ամալյա Մանուսաջյան՝ ԵՊԲՀ 6-րդ կուրսի ուսանողուհի, «CINCO» ակումբի հիմնադիր, ելույթի թեման՝ «Բժիշկ-ուսանողի օրագիրը»
Դավիթ Ղազարյան՝ ԵՊԲՀ ախտաֆիզիոլոգիայի ամբիոնի դասախոս, բժիշկ-ֆթիզիատր, ելույթի թեման՝ «Մտածի՛ր եւ գործի՛ր»
Լիդիա Այվազյան՝ բժիշկ-դիետոլոգ, ելույթի թեման՝ «Առողջության մասին՝ որպես գեղեցկության չափորոշիչ»