10:16 | 14.02.20 | Նորություններ | 4258

Չինական Baidu-ն կորոնավիրուսի ախտորոշման գործիք է մշակել

Չինաստանի որոնման խոշորագույն համակարգ համարվող Baidu-ն գործարկել է առցանց գործիք, որի միջոցով օգտատերերը կարող են պարզել՝ արդյո՞ք վարակված են Covid-19 կորոնավիրուսով:

Baidu-ն, որից Չինաստանում 700 մլն մարդ է օգտվում, ռիսկային խմբում գտնվողներին պարզելու համար օգտագործում է վիրուսի ստուգման եւ բուժման պաշտոնական պլանը:


Սկզբում օգտատերերը լրացնում են հարցաթերթիկ՝ նշելով տարիքը, սեռը, ախտանիշները, ինչպես նաեւ՝ արդյոք վարակի օջախ համարվող Հուբեյ նահանգից եկած մարդկանց մոտակայքում են գտնվում: Համակարգից օգտվողները նաեւ պետք է տեղեկատվություն տրամադրեն ռիսկի գործոնների մասին (թոքերի հիվանդություն, հիպերտոնիա, լյարդի եւ երիկամների հիվանդություն):

Այնուհետեւ համակարգը վերլուծում է ստացված տվյալները եւ առաջարկներ ներկայացնում: Արդյունքում, ցածր ռիսկային խմբում գտնվող մարդիկ ստանում են խորհուրդներ, թե ինչպես խուսափեն վարակից: Նրանց, ում վարակվելու ռիսկն ավելի մեծ է, տրամադրվում է տեղեկատվություն, թե ուր դիմել բժշկական օգնություն ստանալու համար: