12:52 | 12.02.20 | Նորություններ | 10297

Աքսելերատոր #5 ծրագիրն ընդունում է հայտեր

Արդեն երկրորդ անգամ անցկացվող Աքսելերատոր #5 ծրագիրը, որի նպատակն է աջակցել Հայաստանում բնակվող կանանց եւ երեխաներին մուտք գործել ՏՏ ոլորտ, ընդունում է մասնակցության հայտեր:

Ծրագրի շրջանակում կկայանան տեխնոլոգիական եւ բիզնես ուղղվածության դասընթացներ, մասնակիցները նաեւ աջակցություն կստանան ստեղծել սեփական ստարտափ նախագծեր իրականացնելու հարցում:

Աքսելերատոր #5-ն իրականացվում է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի ImpactAIM աքսելերատորի, Նորարարական լուծումների եւ տեխնոլոգիաների կենտրոնի, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի, Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնի, Հայաստանի ԿԶՆ նորարարության ազգային լաբորատորիայի եւ ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի հետ համատեղ:

20 շաբաթ տեւողությամբ ծրագրի հայտերի ընդունման մեկնարկը տրվել է փետրվարի 11-ին՝ Գիտության մեջ կանանց եւ աղջիկների միջազգային օրը։ Հայտերն ընդունվում են մինչեւ մարտի 3-ը:

Դասընթացներն ու սեմինարները տեղի կունենան շաբաթական 2-3 անգամ։ Մասնակցությունն անվճար է։

Աքսելերատոր #5-ը նախատեսված է 2 տարիքային խմբերի համար:

ԱՔՍ#5 for Kidz (8-15տ.) - այս ուղղության հիմնական նպատակն է օգնել 8-15 տարեկան աղջիկներին եւ տղաներին կատարել իրենց առաջին քայլերը ծրագրավորման ոլորտում: Ծրագրի շրջանակներում երեխաները հնարավորություն կունենան ձեռք բերել կոդավորման հմտություններ, սովորել վեբ ծրագրավորում, ստեղծել խաղեր եւ թիմային աշխատանքներով մասնակցել հաքաթոնի եւ այլ նախագծերի։

Աքսելերատոր #5 Kidz-ը տեղի կունենա Երեւանում (Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնում) եւ Սիսիանում (Sisian Education Center)։

ԱՔՍ#5 for Women and Girlz (15+տ.) - ծրագրի շրջանակում 15 տարեկանից բարձր աղջիկները եւ կանայք հնարավորություն կունենան մասնակցելու տեխնոլոգիական եւ բիզնես ուղղվածության գործնական դասընթացների, հանդիպելու ոլորտի փորձագետների հետ, ձեռնարկատիրական դասընթացների ընթացքում զարգացնել իրենց սեփական գաղափարները՝ դրանք ներկայացնելով հաքաթոնի եւ այլ միջոցառումների ժամանակ: Ծրագիրը կանցկացվի Նորարարական լուծումների եւ տեխնոլոգիաների կենտրոնում:

Ծրագրի ավարտից հետո մասնակիցները կստեղծեն ստարտափներ սեփական գաղափարների շուրջ եւ կընդլայնեն ՏՏ ոլորտում իրենց ծանոթությունների շրջանակը։
Լավագույն ստարտափները հնարավորություն կստանան մասնակից դառնալու ImpactAim աքսելերացիոն ծրագրին, որտեղ հատուկ նախագծված ուսումնական պլանի եւ աշխատարանների միջոցով կկարողանան բարելավել ստարտափի դիրքերը շուկայում։

Լավագույն ուսանողները կստանան վերապատրաստվելու հնարավորություն եւ հետագայում կկարողանան ինքնուրույն դասավանդել իրենց իսկ ուսումնասիրած առարկաները՝ օգնելով ծրագրի հաջորդ փուլին։ Ուսանողներից որոշները նաեւ կկարողանան դասավանդել այն մարզերում, որտեղ բնակվում են։