16:37 | 07.02.20 | Նորություններ | 3438
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ընկերությունների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ անհրաժեշտ է համատեղել բոլոր ջանքերը՝ Հայաստանը դարձնելու ժամանակակից տեխնոլոգիաների երկիր:
Այս համատեքստում ներկայացնելով Հայաստանում տեխնոլոգիաների եւ գիտության զարգացմանն ուղղված՝ ATOM (Advanced Tomorrow) նախագահական նախաձեռնությունը՝ նախագահ Սարգսյանը նշել է, որ երեք մասից կազմված այս ծրագրի նպատակն է Հայաստան բերել տեղեկատվական եւ բարձր տեխնոլոգիաների ոլորտում առաջատար ընկերություններ՝ զբաղվելու արհեստական բանականության, մաթեմատիկական մոդելավորման, մեքենայական ուսուցման ոլորտների զարգացմամբ եւ կրթական ծրագրերի իրականացմամբ։
Նախագահը տեղեկացրել է, որ շուրջ երկու տասնյակ կազմակերպությունների հետ արդեն իսկ ձեռք է բերվել նախնական պայմանավորվածություն:
Նախագահն անդրադարձել է նաեւ այս տարի Հայաստանում անցկացվելիք «Մտքերի հայկական գագաթնաժողով»-ին, որը, մասնավորապես, նվիրված է լինելու արհեստական բանականությանն ու աշխարհաքաղաքականությանը, ինչպես նաեւ Horasis-China միջազգային համաժողովին, որի շրջանակում Հայաստան կայցելեն մի քանի տասնյակ չինական ընկերություններ:
Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ներկայացուցիչները կարեւորել են նախագահի հետ հանդիպումը, նրա աջակցությունը Հայաստանում նոր տեխնոլոգիաների ոլորտի զարգացման գործում, նշել, որ պատրաստ են համագործակցել եւ հանդես գալ առաջարկներով: