15:30 | 07.02.20 | Նորություններ | 20545
Վիվա-ՄՏՍ-ը ներկայացրել է իր առաջին հայալեզու մոբայլ խաղը՝ «Սիս-Մասիս»: Բացի այդ, ընդառաջելով «Viber»-ի հետ համատեղ ստեղծված՝ «ՎիվաՍել-ՄՏՍ-ի ստիկերների» փաթեթի օգտագործողների կոչերին՝ ընկերությունը ներկայացրել է նաեւ ստիկերների եւս մեկ կերպար, այս անգամ՝ տղայի, որը նախորդ փաթեթի՝ աղջկա կերպարի հետ միասին կներկայանա նաեւ «Սիս-Մասիս» խաղում:
Նոր ստիկերները հնարավորություն են տալիս շփվելու եւ արտահայտելու հույզերը հայերեն՝ զվարճալի կերպարների միջոցով. սուրճի հրավիրել ընկերներին, «բացել» բոլորի կողմից սիրված խաշի սեզոնը եւ կիսել սեփական զգացմունքները:
Ստիկերները կարելի է անվճար ներբեռնել «Viber»-ի ստիկեր-մարկետից` որոնելով «Viva-MTS Stickers» եւ օգտագործել առանց սահմանափակումների:
Ստիկերները հասանելի են մինչեւ 2020թ. մայիսի 6-ը, որից հետո հնարավոր չի լինի դրանք ներբեռնել: Միեւնույն ժամանակ, ստիկերները կմնան օգտագործողի սմարթֆոնում: Խորհուրդ է տրվում ստիկերների փաթեթը պահուստավորել (back up)՝ սմարթֆոնը փոխելու պարագայում դրանք չկորցնելու համար: Ստիկերները ներբեռնելիս օգտագործողին ողջունում է չատ-բոտը, որն ուղղորդում է օգտագործողին դեպի «Սիս-Մասիս»:
«Սիս-Մասիս» խաղալու համար պետք է ընտրել արդեն ծանոթ Վիվա-ՄՏՍ ստիկերներից մեկը (աղջկա կամ տղայի կերպարով) եւ փորձել ցատկել մի հարթակից մյուսը՝ էկրանին աջ կամ ձախ հպումով:
Խաղի ընթացքում օգտագործողը հասնում է նոր բարձունքների, կուտակում վիրտուալ մետաղադրամներ, ստանում օրական խրախուսումներ եւ նոր հնարավորություններ, օգտագործում դրանք խաղի ընթացքում այլ հնարավորություններ ձեռք բերելու համար, ինչպես նաեւ հրավիրում ընկերներին եւ խաղացողների վարկանիշային ցանկում կարող է զբաղեցնել առաջատար դիրք:
Խաղն ունի մի քանի մակարդակ, որոնցում կերպարները հայտնվում են տարատեսակ հագուստով, այդ թվում՝ հայկական ազգային տարազով, հաղթահարում են մարտահրավերներ, իսկ վերջին մակարդակում՝ ստանում հնարավորություն հասնելու Սիսի եւ Մասիսի վիրտուալ գագաթներին:
Խաղը հասանելի է հայերեն եւ անգլերեն՝ Վիվա-ՄՏՍ-ի եւ այլ բջջային օպերատորների բաժանորդներին: Այն նախատեսված է միայն «Viber» բջջային հավելվածն օգտագործողների համար:
«Սիս-Մասիս» խաղալիս՝ օգտագործվող ինտերնետի համար գումարը Վիվա-ՄՏՍ-ի բաժանորդների հաշվեկշռից գանձվում է ըստ ընթացիկ սակագնային պլանով նախատեսված սակագների: Այլ օպերատորների բաժանորդները պետք է դիմեն ինտերնետ ծառայությունն իրենց մատուցող օպերատորներին:
Ընկերությունում նշել են, որ կարեւորելով բաժանորդների անձնական տիրույթի իրավունքը՝ հաղորդագրություն ստանալու հնարավորությունը կարելի է անջատել՝ սեղմելով չատ-բոտի անվան վրա եւ անջատելով անձնական հաղորդագրություն ստանալու հնարավորությունը: