13:09 | 20.01.20 | Նորություններ | 4773
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից նախաձեռնված կրթական ծրագիրը, որը ֆինանսավորվում է Հայաստանի կառավարության կողմից, հնարավորություն կտա 15 հայ ձեռներեցի այս տարի ԱՄՆ-ում գործող Դրեյփերի համալսարանում մասնակցել 7 շաբաթ տեւողությամբ ծրագրի:
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի օգնական Ինգա Վարդանյանն Itel.am-ի հետ զրույցում նշել է, որ ծրագիրն այս տարի կանցկացվի 3 անգամ՝ գարնանը, ամռանն ու աշնանը:
«Յուրաքանչյուր սեսիայի համար կընտրվի 5 ձեռներեց: Ամառային եւ աշնանային սեսիաների հայտերի ընդունման գործընթացը կմեկնարկի առաջիկայում»,- նշել է նա:
Այս պահին ընթացքում է գարնանային դասընթացի հայտերի ընդունման գործընթացը, որին արդեն 50-ից ավելի դիմում է ստացվել: Հայտերը կընդունվեն մինչեւ հունվարի 27-ը։ Հայտը հասանելի է այստեղ: Ծրագիրը կմեկնարկի մարտի 15-ին:
«Վերջնաժամկետի ավարտից հետո ունենալու ենք հարցազրույցի փուլ, որի շրջանակում Հայաստան կայցելի Դրեյփերի համալսարանի նախագահը: Նա ներկա կգտնվի մասնակիցների ընտրությանը»,- տեղեկացրել է նախարարության ներկայացուցիչը:
Ծրագրին դիմել կարող են 21 տարին լրացած այն անձինք, որոնք ունեն ձեռնարկատիրական փորձ, ՏՏ ոլորտը «բեկող» գաղափար, որը ցանկանում են իրագործել Հայաստանում, տիրապետում են անգլերեն լեզվին եւ պատրաստ են դասընթացներից հետո՝ երկու տարվա ընթացքում, իրենց գիտելիքով կիսվել Հայաստանի մարզերի ուսանողների եւ ապագա ձեռնարկատերերի հետ։
Նշենք, որ Դրեյփերի համալսարանը Սիլիկոնյան հովտի ամենահայտնի գիտական կենտրոններից է։ Այն հիմնել է վենչուրային կապիտալիստ Թիմ Դրեյփերը, որը ձեռներեցության եւ բիզնեսի զարգացման յուրօրինակ դասընթացներ է անցկացնում: Համալսարանում դասախոսներն իրական կյանքում թրծված ձեռնարկատերեր են, որոնք ուսանողների հետ կիսվում են իրենց փորձով՝ նախապատրաստելով նրանց պոտենցիալ ներդրողի հետ հանդիպմանն ու սեփական նախագծի, բիզնես ծրագրի կամ ստարտափի ներկայացմանը։ Համալսարանը 77 երկրից ուսանող ունի։
Նարինե Դանեղյան