11:24 | 14.01.20 | Նորություններ | 2911

2019թ. մարզերի շուրջ 250 երիտասարդ տեխնոլոգիական կրթություն է ստացել

2019թ.-ին ՀՀ 4 մարզերի 250 երիտասարդներ մուտք են գործել ՏՏ ոլորտ՝ Գյումրիի Տեղեկատվական Տեխնոլոգիաների Կենտրոն գիտակրթական հիմնադրամի (ԳՏՏԿ) կողմից իրականացվող տեխնոլոգիական ոլորտի հատուկ մասնագիտացված կրթական ծրագրերին մասնակցելու արդյունքում:

Վայոց Ձորի, Տավուշի, Լոռու եւ Արագածոտնի մարզերի երիտասարդները կարճ ժամանակում սովորել են ծրագրավորման տարբեր լեզուներ՝ իրենց տեղը գտնելով տեխնոլոգիական ոլորտում, որը Հայաստանում հռչակված է որպես տնտեսության գերակա ճյուղ:

2019թ.-ին ծրագրին դիմողների քանակն աննախադեպ էր՝ 355, իսկ բոլոր 4 մարզերում շրջանավարտները 69-ն են:


Վայոց Ձորի մարզում ծրագիրն ունեցել է 2 փուլ: Առաջին փուլին մասնակցելու համար դիմել է 90 դիմորդ, որից ընտրվել է 51-ը, իսկ ծրագիրը հաջողությամբ ավարտել է 24-ը:

2-րդ փուլում 40 դիմորդից ծրագրին մասնակցել է 25-ը:

Տավուշի մարզում ծրագրի առաջին փուլին դիմել է 75 դիմորդ: Ընտրված 57 ուսանողից ծրագիրը հաջողությամբ ավարտել է 30-ը: 2-րդ փուլում 50 դիմորդից ծրագրին մասնակցելու համար ընտրվել է 24 ուսանող:

Լոռու մարզում ծրագրի 1-ին փուլին դիմել է 50 դիմորդ: 29 ընտրված ուսանողից 18-ը հաջողությամբ ավարտել է ծրագիրը: 2-րդ փուլում էլ 40 դիմորդից ծրագրին մասնակցելու հնարավորություն է ստացել 27-ը:

Արագածոտնի մարզում 60 դիմորդից ծրագրին մասնակցելու հնարավորություն է ստացել 37 ուսանող:

Հայ Օգնության Ֆոնդի կողմից ֆինանսավորված ծրագրի շրջանակում դասընթացները հաջողությամբ ավարտած շրջանավարտները ստացել են ավարտական վկայականներ:
ԳՏՏԿ տնօրեն, Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամի՝ մարզերում տեխնոլոգիաների զարգացման ծրագրի ղեկավար Ամալյա Եղոյանի խոսքով, այս տարի կմեկնարկեն ինտերնշիփեր, որոնց շրջանակում ծրագրի շրջանավարտները կհամագործակցեն ՏՏ եւ ճարտարագիտության ոլորտի լավագույն մասնագետների եւ ընկերությունների հետ, այդ թվում՝ հեռահար եղանակով:

Ամալյա Եղոյանը նաեւ տեղեկացրել է, որ 2020թ.-ին ծրագիրը կընդլայնի աշխարհագրությունը՝ մուտք գործելով երկու նոր մարզեր՝ Կոտայք եւ Արմավիր: Ծրագրի մեկ այլ նորությունն էլ այն է, որ Տավուշի մարզում կմեկնարկեն նոր ուղղություն ընդգրկող դասընթացներ՝ անօդաչու սարքերի եւ սարքավորումների (hardware) թեմաներով: