10:44 | 08.01.20 | Նորություններ | 2765

«Գաղափարից մինչեւ Բիզնես» դրամաշնորհային մրցույթն ընդունում է հայտեր

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հայտարարում է դրամաշնորհային մրցույթ՝ «Գաղափարից մինչեւ Բիզնես»։

Նախարարությունում նշել են, որ դրամաշնորհը նպատակ ունի աջակցելու տեխնոլոգիական ոլորտի զարգացմանն ուղղված բեկումնային գաղափարների կյանքի կոչմանը, նոր լուծումների բացահայտմանը, նորարարության զարգացմանը եւ առեւտրայնացման գործընթացներին՝ խթանելով համագործակցությունը հետազոտական խմբերի եւ կենտրոնների միջեւ։

Դրամաշնորհային գումարը յուրաքանչյուր նախաձեռնության համար կազմում է 2 500 000 դրամ։

Բացի հաղթող թիմերին տրամադրվող ուղղակի ֆինանսավորումից, գործունեության ծավալման ընթացքում նրանք կստանան մասնագիտական խորհրդատվություն։

Ներկայացվող ծրագրի առավելագույն տեւողությունը 12 ամիս է:

Մրցույթին կարող են մասնակցել՝

- Արհեստական բանականության, տվյալագիտության, կիբեռանվտանգության, ռոբոտաշինության, նանոտեխնոլոգիաների եւ այլ ոլորտում գործունեություն ծավալող խմբերը, ընկերությունները եւ կազմակեպությունները:

- Խմբերի, ընկերությունների եւ կազմակերպությունների ղեկավարները պետք է լինեն 18 տարին լրացած ՀՀ քաղաքացիներ:

- Առկայության դեպքում՝ անհրաժեշտ է ներկայացնել նախկինում ստացած դրամաշնորհների ցանկը:

- Եզրափակիչ փուլ անցած թիմերը պետք է անձամբ մասնակցեն մրցանակաբաշխության արարողությանը: Թիմին պետք է ներկայացնի թիմի ղեկավարը: Մրցանակը կհանձնվի միայն թիմի ղեկավարին:

- Յուրաքանչյուր թիմ կարող է մասնակցել մրցույթին միայն մեկ ծրագրով։

- Մրցույթում հաղթած խմբերը պարտավորվում են մեկ ամսվա ընթացքում գրանցվել որպես իրավաբանական անձ (ՍՊԸ, ՓԲԸ):

Հայտերը, որոնք ընդունվում են մինչեւ 2020թ. հունվարի 13-ը, անհրաժեշտ է լրացնել այս հղումով:

Առավել մանրամասն տեղեկատվության համար անհրաժեշտ է անցնել այս հղումով: