13:36 | 25.12.19 | Նորություններ | 11259
Թվայնացումն ու թվային տրանսֆորմացիան Հայաստանի համար գերակայություն են՝ համարվելով տնտեսական զարգացման կարեւոր խթան։ Թվայնացումը գերակա ուղղություն է նաեւ Հայաստանի կառավարության համար:
Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը Եվրոպական միության հետ համատեղ արդեն իսկ ձեւավորել է Հայաստանում ՓՄՁ-ների թվային տրանսֆորմացիայի ուղղությամբ քայլերի ընդհանրական ծրագիր՝ մրցունակության բարձրացման ու ընկերությունների աճին նպաստելու նպատակով:
Եվրոպական հանձնաժողովի եվրոպական նորարարության խորհրդի փորձագետ Խեսուս Լոզանոն, ով հանդիսանում է նաեւ ՎԶԵԲ թվայնացման ծրագրի հիմնական փորձագետը, վստահ է, որ թվայնացումը ՓՄՁ-ներին առավել մրցունակ է դարձնում, հզորացնում տնտեսությունը, նպաստում ընկերությունների աճին:
«ՓՄՁ-ների համար թվայնացումը շատ կարեւոր է, քանի որ ապրում ենք բարձր տեխնոլոգիաների դարում, եւ անգամ մեծ ընկերությունները ձախողում են առանց թվայնացման: Թվայնացումը կարեւոր է նաեւ արժեք ստեղծելու տեսանկյունից. եթե որոշ ժամանակ առաջ նավթային ընկերություններն էին ներկայացնում ամենամեծ կապիտալը, այսօր այդպիսիք ՏՏ ընկերություններն են, տեխնոլոգիական բարձր զարգացում ունեցողները»,- նշում է Չուզը, ընդգծելով, որ մեր օրերում ոչ միայն արտադրությունն է թվայնացվում, այլեւ սպառումն է տեղափոխվել առցանց հարթակներ:
Ներկա պահին ընթացքի մեջ է ծրագրի առաջին փուլը՝ հայաստանյան ՓՄՁ-ների թվային տրանսֆորմացիայի կարիքների ուսումնասիրությունը, թե որքանով են թվայնացման առումով հասուն ՓՄՁ-ները Հայաստանում:
«Ուսումնասիրում ենք հասկանալու, թե որ գործընթացները ամենից շատ կարիք ունեն թվայնացվելու: Հայաստանում դեռ մեծ թիվ են կազմում ընկերությունները, որոնցում մարդկային ռեսուրսների կառավարումը դեռ թղթի վրա է իրականացվում, երբեմն էլ excel ծրագրով՝ հնարավոր սխալների մեծ հավանականությամբ»,- ասում է միջազգային փորձագետը:
Ավելի քան տասը ոլորտների ընկերություններում ուսումնասիրվում են հաճախորդների հետ հարաբերությունների թվայնացման կարիքները՝ հասկանալու, թե ինչպես մեծացնել վաճառքը, ձեռք բերել ավելի մեծ թվով հաճախորդներ: Այնուհետեւ կուսումնասիրվեն տարբեր գործընթացների թվային տրանսֆորմացիայի կարիքները արդեն ըստ տնտեսության ոլորտների, օրինակ՝ գյուղատնտեսության, տեքստիլ արտադրության եւ տուրիզմի բնագավառներում, որոնք, փորձագետի կարծիքով, Հայաստանի համար մեծ կարեւորություն ունեն:
Խեսուս Լոզանոյի մատուցմամբ, որեւէ ընկերության ամբողջական թվայնացումը կարող է ծախսատար լինել, մինչդեռ որոշ ոլորտների թվայնացումը՝ էժան: «Միեւնույն ժամանակ, պետք է տարբերակել թվային տրանսֆորմացիան թվայնացումից, նաեւ թվային մենթալիտետից, քանի որ, օրինակ, Հայաստանում երբ ձեռնարկատերը խնդիր ունի, ավելի շատ մարդ է վարձում փոխանակ մտածելու, թե որ տեխնոլոգիան կարող է օգտակար լինել»: Նոր աշխատող վերցնելը ավելի թանկ է, քան որեւէ ծրագրով թվայնացումը:
Շատ դեպքերում տեղեկությունների առցանց պահպանումը, էլեկտրոնային առեւտուրը, ըստ փորձագետի, բնավ թանկ չեն, հատկապես ՓՄՁ-ների դեպքում, երբ խոսքը ռոբոտացման մասին չէ: «ՓՄՁ-ների դեպքում կարելի է հստակ հաշվարկել, թե թվայնացման ծախսերը որքանով կարող են հատուցվել՝ շրջանառության ու եկամտի ավելացմամբ»:
ՓՄՁ-ների թվայնացման կարիքների գնահատումից հետո կուսումնասիրվեն նաեւ տեխնոլոգիական ընկերությունների կողմից թվային տրանսֆորմացիայի տարբեր գործընթացներ իրականացնելու հնարավորությունները:
ՎԶԵԲ խորհրդատվական թիմի ներկայացուցիչ Արմենուհի Առաքելյանի խոսքերով, թվայնացումը խնայում է ինչպես ժամանակ, այնպես էլ միջոցներ, սակայն Հայաստանում ՓՄՁ-ների համար մարտահրավեր է համընթաց մնալ տեխնոլոգիական փոփոխություններին:
Ըստ Առաքելյանի, 2020թ. ավարտին կհասցվի ՓՄՁ-ների կարիքների ուսումնասիրությունը, դրա արդյունքների հիման վրա կանցկացվեն դասընթացներ խորհրդատվական ընկերությունների համար, թե ինչպես ապահովել ՓՄՁ-ներում տարբեր գործընթացների թվային տրանսֆորմացիան: «Այդուհետեւ կառաջարկվեն այն ուղիները, որոնցով հնարավոր կլինի խորհրդատվական ընկերությունների առաջարկների հիման վրա ունենալ թվայնացման ռազմավարություն եւ այն իրագործել արդեն լուծումներ առաջարկող ընկերությունների հետ»:
ՓՄՁ-ների զգալի մասն Հայաստանում դեռ չի կարեւորում թվային դարաշրջանի առավելությունները՝ հետաքրքրություն չցուցաբերելով թվային տրանսֆորմացիայի հարցում: Պատճառները տարբեր են՝ ուղղակի «նոր» մոտեցումներից խուսափելուց մինչեւ բյուջեի բացակայություն: Մի կողմից, չկա բավարար գիտելիք թվային տրանսֆորմացիայի առնչությամբ, մյուս կողմից, բաց կա ՓՄՁ-ների եւ տեխնոլոգիական լուծումներ առաջարկողների/մատակարարողների միջեւ, մինչդեռ հայկական տեխնոլոգիական ու նորարարական ընկերություններ շատ կան:
«Թվայնացումը համահունչ է այն ամենին, ինչ ՎԶԵԲ-ը արդեն իսկ նախաձեռնել է ինչպես գլխամասում այնպես էլ Հայաստանում՝ առաջարկելով լուծումներ կարողությունների, մրցունակության մեծացման, բիզնեսը գլոբալ առումով ավելի մրցունակ դարձնելու նպատակով»,- վստահ է ՎԶԵԲ ներկայացուցիչը:
Նրա խոսքերով, նախ ցույց կտրվի, թե ինչպես կարող է թվայնացումը օգնել ՓՄՁ-ներին, ապա խորհրդատվական ընկերությունների հետ աշխատանքով կհայտնաբերվեն թվային լուծումները: «Այնուհետեւ կփորձենք հասկանալ այն հնարավորությունները, որոնց առկայության դեպքում ԵՄ հետ միասին ՎԶԵԲ-ը կարող է այս ամենը հասանելի դարձնել ՓՄՁ-ներին՝ մեծացնելու իրենց բիզնեսը, դուրս գալու միջազգային մակարդակ»:
ՎԶԵԲ-ը փաստացի կաջակցի այս ծրագրի բոլոր փուլերում՝ ուսումնասիրության արդյունքների հիման վրա համաֆինանսավորմամբ ապահովելով խորհրդատվական ընկերությունների հետ թվայնացման ռազմավարությունների մշակումը, ապա ի ցույց կդրվեն ֆինանսական այն աղբյուրները, որոնց օգնությամբ ՓՄՁ-ները կկարողանան իրականություն դարձնել թվայնացումը: