17:48 | 23.12.19 | Նորություններ | 12770

«Ներուժ»-ի շրջանակում 6 ստարտափ դրամաշնորհ է ստացել

Դեկտեմբերի 20-ին Դիլիջանի միջազգային դպրոցում տեղի ունեցավ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության եւ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի կողմից համատեղ իրականացվող «Ներուժ» սփյուռքի տեխնոլոգիական ստարտափների ծրագրի շրջանակներում իրականացված բութքեմփի ամփոփումը:

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը եւ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Արմեն Աբրոյանը մրցույթում հաղթած ստարտափներին հանձնեցին պետական դրամաշնորհները:

$15.000, $20.000 եւ $25.000 հազար դրամաշնորհի արժանանացած գաղափարի մակարդակում գտնվող երեք ստարտափներն են «Marathon», «eBin», «SoFetch», իսկ շուկա դուրս գալու պատրաստ 3 ստարտափները՝ «Schedex», «Garoon Tech» եւ «Fact industries»:

Դրամաշնորհային 80 մլն դրամ բյուջեից մոտ 64 մլն 800 հազար ՀՀ դրամը հատկացվում է մրցութային ծրագրում հաղթած ստարտափներին դրամաշնորհների տեսքով, եւ եւս 15 մլն 200 հազ. ՀՀ դրամը կներդրվի ստարտափների հետագա ինկուբացիայի, աքսելերացիայի եւ գլոբալ շուկաներ դուրս բերելու միջոցառումների իրականացման համար:

Ծրագրի 14 գործընկերներն ու աջակիցներն իրենց կողմից 26 տեխնիկական, դրամական, ձեռնարկատիրական, խորհրդատվական, աշխատանքային տարածքի եւ այլ տարաբնույթ մրցանակներ տրամադրեցին դրամաշնորհի արժանացած եւ չարժանացած ստարտափներին՝ ըստ իրենց նախասիրության եւ ընտրության:

«Ներուժ»-ին այս տարի մասնակցեցին 17 երկրից ընտրված 47 տեխնոլոգիական ստարտափների 80 ներկայացուցիչներ:

Ծրագրի իրականացման գործընկերներն են Հայաստանի բիզնես հրեշտակների ցանցը (BANA), Հայաստանի գիտության եւ տեխնոլոգիաների հիմնադրամը (FAST), Դիլիջանի միջազգային դպրոցը (UWC), Հայաստանի զարգացման նախաձեռնություններ հիմնադրամը (IDeA) եւ Օրիոն համաշխարհային նորարարություններ ՍՊԸ-ն (Orion Worldwide Innovations LLC.):