15:51 | 23.12.19 | Նորություններ | 13858
Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում (ՀԱՊՀ) այսօր բացվել է Խելացի լուծումների միջհամալսարանական կենտրոնը:
Կենտրոնը հիմնվել է Տեղեկատվական եւ հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միության (ՏՀՏԳՄ) եւ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի համագործակցության արդյունքում: Նախաձեռնության գլխավոր գործընկերն է ՎիվաՍել-ՄՏՍ-ը: Գործընկերներն են՝ Սինոփսիս Արմենիա եւ Յունիքոմփ ընկերությունները:
«Թվայնացումը բերում է գործունեության փոխակերպման՝ կյանքի անխտիր բոլոր ոլորտներում: Արձագանքելով զարգացման գլոբալ միտումներին ու նաեւ՝ նախահարձակ լինելով՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ն աջակցում է այս կենտրոնի ստեղծմանը: Հեռահաղորդակցությունն ընթանում է դեպի թվային էկոհամակարգերի զարգացում: Բաժանորդը գնալով ավելի շատ թվային սարքերից ու ծառայություններից է օգտվում: Անհատների ու ձեռնարկությունների մոտ անհրաժեշտություն է առաջանում կապված լինել ավելի ու ավելի շատ սարքերի, ծառայությունների, մատակարարների ու հաճախորդների հետ:
Գործընթացների թվայնացումը, գերավտոմատացումը, տվյալների վերլուծությունն ու այս ամենի արդյունավետ կառավարումը պահանջում են նոր որակներ: Աշխատաշուկա է մտնում նոր՝ «Z» սերունդը՝ 90-ականների երկրորդ կեսից հետո ծնվածները, որոնք պետք է կարողանան ստեղծագործել ու ազգային արժեք ստեղծել նոր՝ փոխկապակցված է ու թվայնացված աշխարհում: Հետեւաբար՝ այս սերունդը ՎիվաՍել-ՄՏՍ-ի հոգածության ներքո է», - նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
«Խելացի լուծումների կենտրոնը» հարթակ է այն մարդկանց համար, ովքեր փնտրում են նոր մարտահրավերներ: Կենտրոնը ունենալու է երեք ուղղվածություն. առաջինը՝ մագիստրոսական ծրագիր, երկրորդը՝ մասնագիտական վերապատրաստման ծրագիր եւ երրորդը՝ միջմասնագիտական վերապատրաստում: Այս կենտրոնը վառ օրինակ է մասնավոր ընկերությունների եւ ԲՈՒՀ-ի համագործակցության եւ կարծում ենք, որ կարելի է այս համագործակցությունը տրանսֆորմացիա անել՝ մասնավոր-ԲՈՒՀ-պետություն համագործակցության: «Խելացի լուծումների կենտրոնը» հանդիսանում է «Silicon Mountains» մեծ նախագծի կրթական հատվածը», ասել է ՏՀՏԳՄ տնօրեն Էդուարդ Մուսայելյանը:
Խելացի Լուծումների կենտրոնում առաջին փուլում նախատեսվում է իրականացնել մագիստրոսական, մասնագիտական վերապատրաստման, միջմասնագիտական վերապատրաստման ծրագրեր, իսկ հետագայում կենտրոնը կհամալրվի նաեւ բակալավրիատի ծրագրերով, գիտահետազոտական աշխատանքներով եւ ստարտափ էկոհամակարգով։
Այս տարի՝ ծրագրի առաջին փուլում, ստեղծվել են երկու ժամանակակից սարքավորումներով հագեցած լսարան, որոնցից յուրաքանչյուրում գործում է երեք լաբորատորիա՝
- Կիբերանվտանգություն
- Միկրոէլեկտրոնիկա
- ՏՀՏ ժամանակակից ենթակառուցվածքներ
Ծրագրերը կունենան տեսական, գործնական եւ գիտահետազոտական ուղղվածություն՝ հնարավորինս նախապատրաստելով ուսանողներին մասնագիտական աշխատանքի՝ բարձր պահանջարկ ունեցող միջմասնագիտական ուղղություններով։
Կենտրոնում 3-4 տարվա ընթացքում նախատեսվում է ստեղծել 15-20 լսարան եւ հագեցած ժամանակակից լաբորատորիաներ, ուսումնական պրոցեսում ներդնել ժամանակակից բովանդակություն, վերապատրաստել ՀԱՊՀ դասախոսներին։ Նախատեսվող ուղղություններն են՝ կիբերանվտանգություն, միկրոէլեկտրոնիկա, արհեստական բանականություն եւ մեքենայական ուսուցում, իրերի համացանց (ներառյալ խելացի քաղաք, խելացի տուն), գերժամանակակից կապ, ինքնակառավարվող սարքեր, տվյալագիտություն, եւ այլն: