14:14 | 19.12.19 | Նորություններ | 14754
Հայկական Փի Ար ասոցիացիան՝ Հայաստանում Beeline-ի հետ համագործակցությամբ, արդեն չորրորդ անգամ պարգեւատրել է հանրային կապերի եւ հաղորդակցության մասնագետներին, լավագույն ծրագրերի ու գաղափարների հեղինակներին:
«Հանրային եւ քաղաքական դեմքերի, ընկերությունների ու պետական գերատեսչությունների աշխատանքը Հայկական Փի Ար ասոցիացիայի հետազոտական թիմի ուշադրության կենտրոնում է: Մրցանակաբաշխությունը միտված է բարձրացնել ու կարեւորել հանրային կապերի մասնագետի դերը, արժեւորել հանրույթի հետ հետադարձ կապը, խրախուսել հաղորդակցության կառավարման նոր մեթոդների ու տեխնոլոգիաների ստեղծումն ու կիրառումը, ի վերջո, արձանագրել ոլորտում առկա բացթողումներն ու հաղորդակցության խոչընդոտները»,- նշել է Հայկական Փի Ար ասոցիացիայի նախագահ, ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի «PR եւ հաղորդակցային տեխնոլոգիաներ» մագիստրոսական ծրագրի ղեկավար Աստղիկ Ավետիսյանը:
«Մենք առաջին տարին չէ, որ ակտիվորեն մասնակցում ենք այս մրցանակաբաշխության աշխատանքներին եւ կարող եմ ասել, որ տարեց տարի տեսնում ենք հանրային կապերի ոլորտի զարգացումը: Ամեն անգամ ավելի ու ավելի բարդ է դառնում հանձնաժողովի ընտրությունը, քանի որ բազմաթիվ հետաքրքիր ծրագրեր են իրականացվում», - ասել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։
Հայկական Փի Ար ասոցիացիան հետազոտությունն իրականացրել է երեք փուլով եւ հետազոտական տարբեր գործիքներով: Առաջին փուլում 1015 փորձագետի առաքվել է հարցաթերթիկ, որոնցից 890-ը պատասխանել է հարցադրումներին: Երկրորդ փուլում իրականացվել է ԶԼՄ-ների մշտադիտարկում, այդ թվում՝ ավտոմատացված: Երրորդ փուլում ձեւավորվել է 32 ֆոկուս խումբ՝ յուրաքանչյուրում ներգրավված է եղել 11 հոգի: Ընդհանուր հաշվարկով 352 հոգի մեկ տարվա ընթացքում մասնակցել է ֆոկուս խմբերի քննարկումներին: Մասնագետների կողմից ամփոփվել եւ վերլուծության է ենթարկվել հավաքագրված տեղեկատվությունը՝ որակական եւ քանակական հետազոտական մեթոդներով: 2019-ի դեկտեմբերին ձեւավորվել են մրցանակաբաշխության անվանակարգերին համապատասխան լավագույն եռյակները, որոնք ուղարկվել են Հայկական PR մրցանակաբաշխության մասնագիտական հանձնաժողովի անդամներին: Մրցանակաբաշխությունից մեկ օր առաջ ամփոփվեցի արդյունքները, եւ լավագույնները պարգեւատրվեցին հանդիսավոր արարողության ժամանակ:
Հայկական PR մրցանակաբաշխության մասնագիտական հանձնաժողովը կազմված է տեղական եւ միջազգային պրոֆեսիոնալ մասնագետներից: Հանձնաժողովի նախագահն է հաղորդակցության գերմանացի հայտնի մասնագետ, ճառագիր, դոկտոր Վազրիկ Բազիլը, անդամներն են՝ Հրաչուհի-Մերի Պողոսյանը (Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանի պրոֆեսոր, Նորարարության խթանման եւ հետազոտության կենտրոնի ղեկավար), Միրո Խանզադյանը (ամերիկահայ PR մասնագետ, «GlobalHye & Associates» ընկերության հիմնադիր), Նաիրա Նազարյանը (Հայաստանում Beeline-ի PR ղեկավար), Խաչիկ Գալստյանը (քաղաքական գիտությունների դոկտոր, ԵՊՀ միջազգային հարաբերությունների եւ ժուռնալիստիկայի ֆակուլտետների դասախոս), Ռուզաննա Իվանյանը (քաղաքական գիտությունների թեկնածու, Սանկտ Պետերբուրգի արդյունաբերական տեխնոլոգիաների եւ դիզայնի պետական համալսարանի Ժուռնալիստիկայի եւ մեդիատեխնոլոգիաների ամբիոնի դոցենտ) եւ Աստղիկ Ավետիսյանը (Հայկական Փի Ար ասոցիացիայի նախագահ, ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի «PR եւ հաղորդակցային տեխնոլոգիաներ» մագիստրոսական ծրագրի ղեկավար, դոցենտ, բ.գ.թ.):
Հայկական PR մրցանակաբաշխություն 2019-ը իրականացվում է Հայկական Փի Ար ասոցիացիայի նախաձեռնությամբ։ Մրցանակաբաշխության գործընկերն է Beeline Հայաստանը, աջակիցներն են՝ ՀԲԸՄ Հայաստանը, «Ռումորս մոնիթորինգ» ընկերությունը, «Արլուպա» ընկերությունը, N Սվիթ ստուդիոն, Հեքիմյան բենդը, «Արմենիա Վայն» ընկերությունը։
2019 թ. մրցանակաբաշխության անվանակարգերն ու հաղթողներն են՝
«Տարվա մշակութային PR»
«Ոսկե ծիրան» կինոփառատոն
«Տարվա թվային PR»
«Minecraft» նախագիծը՝ ՀՀ արտաքին գործերի նախարարություն:
«Տարվա իմիջային PR»
CONIFA-Արցախ 2019 ֆուտբոլի Եվրոպայի առաջնություն (որոնողական համակարգերում նպաստել է Արցախի դրական իմիջին)
«Տարվա PR նախաձեռնություն»
Երեւանի 2800-ամյակին նվիրված այգի («Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամ)
«Բավական է» արշավ ընդդեմ սեռով պայմանավորված հղիության ընդհատումների («Doping» գովազդային ընկերություն)
«Տարվա ԶԼՄ»
Հանրային ռադիո («Կոմիտաս 150 տարի/րոպե» նախագիծ)
«Սփյուռքի ԶԼՄ»
«Պայքար» շաբաթաթերթ (ԱՄՆ, Լիբանան)
«Տարվա կորպորատիվ PR»
«Երեմյան փրոջեքթս» ընկերություն
«Տարվա PR իրադարձությունը»
Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողով (WCIT-2019)
Տարվա քաղաքական գործիչ
Բակո Սահակյան (Արցախի Հանրապետության նախագահ)
Նաիրա Զոհրաբյան (ՀՀ ԱԺ պատգամավոր, «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն)
Տարվա հրապարակային գործիչ
Լարիսա Ալավերդյան (2004-2006 ՀՀ ՄԻՊ, «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ գործադիր տնօրեն )
«Տարվա պետական կառույց»
ՀՀ առողջապահության նախարարություն
«Տարվա մամուլի քարտուղար»
Աննա Նաղդալյան (ՀՀ Արտաքին գործերի նախարարություն)
«Տարվա PR տեխնոլոգիա»
Ararat Challenge («Ավրորա »մարդասիրական նախաձեռնություն)
Տարվա կին
ՀՀ նախագահի տիկին Նունե Սարգսյան
Հայկական բրենդ
Շառլ Ազնավուր
Հայաստանի բարեկամ
ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ն.Գ. Ջուն Յամադա