12:49 | 19.12.19 | Նորություններ | 2181

ԱՏՁՄ-ն առաջիկա 5 տարիների համար նոր ռազմավարություն կունենա

Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը լրագրողների հետ զրույցում խոսել է միության 2017-2021 թվականների ռազմավարությունն ընդհատելու եւ դրա փոխարեն նորը ստեղծելու պատճառների մասին:

«Ինչպես ասում են՝ երկրում իրավիճակ է փոխվել, նոր մոտեցումներ են, նոր քաղաքականություն, հետեւաբար մեր ռազմավարությունը պետք է դրան համահունչ լինի: Ասեմ, որ մեր գործող ռազմավարության զգալի հատվածը կյանքի կոչվեց: Մասնավորապես, ստեղծվել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը, ինչպես նաեւ ռազմարդյունաբերության ոլորտի համար պատասխանատու կառույցը միացել է վերոհիշյալ նախարարությանը: Դրանից բացի, լուրջ առաջընթաց ունենք կրթության ոլորտում: Այստեղ լայնածավալ փոփոխություններ են կատարվել, դպրոցներում բացվող «Արմաթ» լաբորատորիաների թիվը մինչեւ տարեվերջ կհասցնենք 585-ի՝ փակելով Շիրակ, Լոռի, Տավուշ մարզերն ամբողջությամբ։ Ուստի նախորդ ռազմավարության հիմնական կետերն իրագործելով՝ անհրաժեշտություն առաջացավ կազմելու նորը», - ընդգծել է Կարեն Վարդանյանը:

Աղվերանում դեկտեմբերի 21-22-ը կայանալու է «ՏՀՏ լիդերների հանդիպում» ֆորումը, որով էլ մեկնարկելու է ԱՏՁՄ 2020-2025թթ․ ռազմավարության մշակման պաշտոնական գործընթացը:

Խոսելով ոլորտի խնդիրներից՝ Հայաստանի Ամերիկյան Համալսարանի ներկայացուցիչ, ինժեներական գիտությունների ծրագրի ղեկավար Սաթենիկ Մնացականյանն իր հերթին նշել է, որ տարվա ընթացքում բարձրացված բոլոր հարցերը քննարկվելու են եւ տեղ են գտնելու ռազմավարության մեջ: Վերջինս ԱՏՁՄ-ում վարում է «Պետությունը որպես պատվիրատու» բլոկը։

«Այն հիմնախնդիրները, որոնք փորձում ենք լուծել ռազմավարական այս բլոկում, դեռ շարունակում են արդիական մնալ: Կա 2 ուղղություն, որոնցից մեկը կապված է պետական ստանդարտների մշակման հետ: Գիտենք, որ պետության հարթակների թվայնացումը 21-րդ դարում առաջնային է, եւ ամեն կերպ փորձում ենք սատարել կառավարությանը: Այստեղ կա մի քանի կարեւոր խնդիր։ Նախ՝ մենք չունենք պետական ստանդարտներ, ուստի ստիպված ենք լինում ընդունել այլ երկրների ստանդարտները, ինչը հաճախ չի համապատասխանում մեր պետական շահին: Երկրորդ խնդիրը տնտեսականն է։ Մեծ մասամբ էլեկտրոնային հարթակները ստեղծվում են միջազգային կազմակերպությունների գումարներով, որոնք առավել հաճախ տրվում են որպես վարկ։ Երրորդ խնդիրը. այլ երկրներից լուծումներ ստանալը կարող է նաեւ ազգային անվտանգության ոլորտում խնդիրներ առաջացնել՝ մեզ չապահովելով բավարար վերահսկողության հնարավորությամբ»,- ասել է Սաթենիկ Մնացականյանը:

Հաջորդ ուղղությունը գնումների համակարգի հետ է կապված: Սաթենիկ Մնացականյանի խոսքով, այստեղ բացեր կան տեղական արտադրողների շահերը բավարար չափով պաշտպանելու առնչությամբ:

VOLO ընկերության տնօրեն Արմեն Քոչարյանը, ով Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունում առաջնորդել է հայկական տեխնոլոգիական բրենդի ստեղծման եւ առաջխաղացման գործընթացը, նշել է, որ այս հատվածում զգալի աշխատանք կա կատարված:

«2014 թվականին, երբ առաջ քաշվեց Հայաստանը որպես տեխնոլոգիական երկիր դիրքավորելու նախաձեռնությունը, դեռ գոյություն չուներ երկիրը ներկայացնելու միասնական ֆորմատ, լեզու: Աշխատանքը մեկնարկեց եւ ձեւավորված «Զարմանահրաշ ինժեներական լուծումներ» (Surprising Engeneering) խորագրով սկսեցինք զարգացնել գաղափարը։ Երբ 2017 թվականին արդեն ընդունվեց Միության ռազմավարությունը, ձեւավորվեց վեբկայքը, սկսեցինք ակտիվ ներկայացնել կոնցեպտը աշխարհի ամենատարբեր հարթակներում: Կարող եմ ասել, որ մեր աշխատանքի արդյունքում մենք կարողացանք ամբողջությամբ ընկալելի դարձնել հստակ կերպով մեզ ներկայացնելու գաղափարը եւ այժմ գերազանցապես նույն լեզվով ենք կարողանում խոսել։ Միջազգային հասարակությանը երկիրը ոչ թե պետք է պարզապես ներկայացնել, այլ անհրաժեշտ է այն հետաքրքիր դարձնել մասնագետների հոսք ապահովելու համար», - ասաց Արմեն Քոչարյանը:

Աղվերանում սպասվող հանդիպմանը քննարկման օրակարգում են նաեւ լինելու ոլորտի զարգացման մյուս ճյուղերն առաջ տանելու հեռանկարները: