16:40 | 17.12.19 | Նորություններ | 5459

Հայաստանում Beeline-ը միացել է «ՆերՈւժ» ստարտափ ծրագրին

Հայաստանում Beeline-ը միացել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության եւ ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի կողմից համատեղ իրականացվող «ՆերՈւժ» սփյուռքի տեխնոլոգիական ստարտափների ծրագրին:

Ծրագրի հիմնական նպատակն է՝ Սփյուռքից տաղանդավոր ձեռներեցների, ինժեներների ներգրավումը, հայրենադարձության խթանումը, ինչպես նաեւ Հայաստանում ստարտափ էկոհամակարգի զարգացումը: Ծրագիրը հնարավորություն է ստեղծելու արտերկրում ապրող հայերի տեխնոլոգիական գաղափարները եւ նախագծերը Հայաստանում բիզնեսի վերածելու եւ գլոբալ շուկաներ դուրս գալու համար:

Դիլիջանի միջազգային դպրոցում հյուրընկալվող 4-օրյա հագեցած ծրագրին կմասնակցեն աշխարհի 17 երկրից (Վրաստան, Բելառուս, Չինաստան, Չեխիա, Էստոնիա, Գերմանիա, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա, Մալթա, Իռլանդիա, Լեհաստան, Իսպանիա, Լիբանան, Հարավային Կորեա, Ռուսաստան, ԱՄԷ, ԱՄՆ) ընտրված 47 տեխնոլոգիական ստարտափից թվով 80 մասնակից:

Համաժողովի առաջին օրվա ընթացքում պանելային քննարկմանը մասնակցել է ընկերության գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը, ով իր փորձով ու կարծիքներով կիսվել է այն հարցի շուրջ, թե ինչպես կարող են կորպորացիաները աջակցել եւ համագործակցել ստարտափների հետ:

«ՎԵՈՆ միջազգային խմբի բոլոր 10 ընկերություններն իրենց երկրներում իրականացնում են միանման կորպորատիվ պատասխանատվության քաղաքականություն, որն ուղղված է ստարտափների աջակցությանը: Լինելով տեխնոլոգիաների հետ անմիջապես աշխատող ընկերություն եւ ունենալով միջազգային ցանց, որը գործում է 11 երկրում` ներառյալ մեր գլխամասի տեղակայման երկիր Նիդերլանդները, մենք իսկապես շատ բան ունենք առաջարկելու՝ թե՛ գիտելիքի, թե՛ փորձի, եւ թե՛ նեթվորքի առումով»,- նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Միջոցառմանը նաեւ ակտիվորեն ներգրավված է Beeline ստարտափ ինկուբատորը, որի ղեկավարը՝ Հայաստանի բիզնես հրեշտակների ցանցի տնօրեն Գրիգոր Հովհաննիսյանն ու մենթորներն աշխատելու են ստարտափների հետ, վարպետության դասեր են անցկացնելու եւ իրենց գիտելիքներով կիսվելու: Նաեւ Ինկուբատորի կողմից նախատեսված է նվեր՝ երկու ստարտափի համար առանց մրցույթի ինկուբացիոն շրջան անցնելու հնարավորություն:

Նշենք, որ 2018թ-ին նույն ծրագրով հաղթող եւ պետական դրամաշնորհին արժանացած երեք ստարտափները՝ «Brushette», «Grüv» եւ «Storegear», մեկ տարվա ընթացքում իրենց բիզնեսը գրանցել են Հայաստանում եւ ստեղծել 14 նոր աշխատատեղ: