13:26 | 04.12.19 | Նորություններ | 1873

«Կասպերսկի». Ֆիշերների հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ կտրուկ աճել է

Հայաստանում 2019-ի երրորդ եռամսյակում ֆիշինգային գրոհների է ենթարկվել օգտատերերի 12,48%-ն այն դեպքում, երբ Վրաստանում այդ ցուցանիշը կազմել է 7,5%, իսկ Ադրբեջանում՝ 12,16%։

Այդ մասին են վկայում «Կասպերսկի» ընկերության տվյալները։

Հայաստանում 2019-ի երկրորդ եռամսյակում ֆիշինգային գրոհների բախվել է օգտատերերի 8,73%-ը, իսկ Ադրբեջանում՝ 8,39%-ն այն դեպքում, երբ առաջին եռամսյակում նման գրոհների այդ երկրներում ենթարկվել է օգտատերերի 8,2-ական տոկոսը։ Վրաստանում էլ ֆիշերները գրոհել են օգտատերերի 13,87%-ին՝ առաջին եռամսյակի 14,76%-ի փոխարեն. այդ ժամանակ այդ ցուցանիշով Վրաստանը զբաղեցրել է 10-րդ տեղն աշխարհում։

Ընկերության լուծումների «Հակաֆիշինգ» համակարգը 2019-ի երրորդ եռամսյակում կանխել է ֆիշինգային կայքեր օգտատերերի անցնելու 105 220 094 փորձ։ Գրոհի ենթարկված ունիկալ օգտատերերի բաժինը կազմել է 11,28%։ Իսկ 2019-ի երկրորդ եռամսյակում համակարգը կանխել է ֆիշինգային կայքեր օգտատերերի անցնելու գրեթե 130 միլիոն փորձ, ինչը 18 միլիոնով ավելին է, քան առաջին եռամսյակում։

Փորձագետները նշում են, որ հակավիրուսում միացված «Հակաֆիշինգ» համակարգը ֆիշինգային ինտերնետ-կայքեր այցելությունը կանխելու գործուն պաշտպանական միջոց է։ Սակայն օգտատերերը նաեւ չպետք է կորցնեն զգոնությունը՝ արձագանքեն կասկածելի առաջարկներին եւ անցնեն էլեկտրոնային նամակների, սոցիալական ցանցերի, մեսենջերների եւ կայքերի կեղծ հղումներով, իսկ հետո տրամադրեն իրենց հաշվառման տվյալներն ում պատահի։

«Չէ որ կիբեռհանցագործները հատուկ են ստեղծում «շահավետ առաջարկներով» ֆիշինգային վեբ-կայքեր, որպեսզի «գայթակղված» օգտատերերը, ոչինչ չկասկածելով, այդ կայքերին տրամադրեն իրենց անհատական տվյալները (էլեկտրոնային փոստի մուտքանուններն ու գաղտնաբառերը, հեռախոսահամարները) եւ նույնիսկ բանկային քարտերի տվյալները, ինչը չարագործների համար ուղիղ ճանապարհ է բացում դեպի օգտատերերի բանկային հաշիվները»,- նշել են «Կասպերսկի»-ում: