14:54 | 03.12.19 | Նորություններ | 5486

Safe YOU. նոր հավելված՝ ընդդեմ սեռով պայմանավորված բռնության

Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամն (ՁԻՀ) այսօր հայտարարել է «Safe YOU» (Քո անվտանգությունը) կոչվող մոբայլ հավելվածի մեկնարկը:

Այն ստեղծվել է սեռով պայմանավորված բռնությանը (ՍՊԲ) դիմակայելու համար՝ Համաշխարհային բանկի խմբի կողմից 2018թ. շնորհված՝ «Նորարարության զարգացման շուկայական հարթակ» մրցանակի միջոցով: Վերջինս հետազոտողների համար նախատեսված համաշխարհային մրցույթ է՝ ուղղված նորարարական լուծումներ գտնելուն, որոնք անհատներին, համայնքներին եւ պետություններին կարող են օգնել սեռով պայմանավորված բռնությունն արմատախիլ անելու հարցում:

2018թ. ողջ աշխարհից ներկայացված 250-ից ավելի հայտերից ընտրվել է 11 հաղթող: Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանից միակ հաղթողը Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամն էր: Մրցանակը շնորհվել է ՁԻՀ-ին՝ բջջային հավելվածներ եւ թվային տեխնոլոգիաներ մշակելու իր նախաձեռնության համար, որը կարող է կանանց տալ իրական ժամանակում փորձագիտական աջակցություն, տեղեկատվություն ստանալու հնարավորություն եւ հավաքել կարեւորագույն տվյալներ, որոնք անհրաժեշտ են ավելի մեծամասշտաբ քաղաքականության իրազեկման համար:

2018թ. դեկտեմբերի 15-16-ը կազմակերպվեց 24-ժամյա հաքաթոն՝ ՏՏ թիմերի եւ ՍՊԲ փորձագետների մասնակցությամբ: Հաքաթոնի արդյունքներով ստեղծվեց «Տեխնիկական մասնագետներն ընդդեմ ՍՊԲ-ի. Նորարարների ներուժի բացահայտում եւ ՏՀՏ լուծումների կիրառում» թիմը եւ մշակվել Safe YOU հավելվածը:

Հավելվածն ապահովված է տեքստային հաղորդագրությունների եւ աուդիո ձայնագրման հնարավորություններով, տեղեկատվության, աջակցության եւ խորհրդատվական ծառայությունների հասանելիությամբ եւ ֆորումով (թեմատիկ զրույցի սենյակներ):