17:23 | 29.11.19 | Նորություններ | 2586

EU-SMEDA ծրագիրն ամփոփել է 4 տարիների գործունեությունը

Այսօր Երեւանում կայացել է ԵՄ «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» (EU-SMEDA) ծրագրի պաշտոնական փակման միջոցառումը՝ «Հաջողությունների ներկայացում-արդյունքների ամփոփում» խորագրով:

Որպես «ԵՄ-ն հանուն բիզնեսի» նախաձեռնության առանցքային նախագիծ, «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագիրը (EU-SMEDA), որը համաֆինանսավորվում էր Եվրոպական միության եւ Գերմանիայի դաշնային հանրապետության տնտեսական համագործակցության եւ զարգացման նախարարության կողմից, իրականացվել է 2016-2019թթ., նպաստելով մասնավոր հատվածի զարգացմանը Հայաստանում:

Ավելի քան չորս տարի EU-SMEDA-ն ծավալել է գործունեություն տարբեր մակարդակներում՝ ուղղված Հայաստանում փոքր եւ միջին ձեռնարկությունների աջակցությանը՝ շեշտը դնելով հինգ արդյունքային ոլորտների եւ փոխկապակցված թեմաների շրջանակի վրա:

Ավելի քան 200 միջոցառումների շրջանակում առաջարկվել է գործնական կապերի հաստատումից մինչեւ վերապատրաստման դասընթացների եւ ուսումնական այցերի միջոցով տրամադրվող մասնագիտական ուղղորդում, որից օգտվել է մոտ 3500 ընկերություն եւ ստարտափ՝ ստեղծելով ավելի քան 450 նոր աշխատատեղ, առաջ մղելով նոր գաղափարներ եւ նպաստելով հավելյալ արժեքի ու 150-ից ավելի նոր բիզնես միավորների ստեղծմանը:

Միջոցառման ժամանակ ելույթի խոսքով հանդես եկավ Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը, ով շեշտեց ծրագրի հաջողությունները իր տարբեր բաղադրիչների միջոցով, ընդգծելով նորարարությանը, ստարտափ էկոհամակարգի զարգացմանը, ստեղծարար ոլորտին եւ կանանց հզորացմանն ուղղված ծրագրի գործողությունները եւ գրանցած հաջողությունները: Նա նաեւ տեղեկացրեց ծրագրին հաջորդող նոր նախաձեռնության՝ Հայաստանի հյուսիսային մարզերում նորարարական տուրիզմի եւ ինովացիայի զարգացմանն ուղղված ծրագրի մասին:

Հայաստանում Գերմանիայի փոխդեսպան Քլաուս Վելդենբերգերը անդրադարձավ այն բազմաթիվ ձեռքբերումներին, որոնց հասել է ծրագիրը՝ համագործակցելով ԵՄ գործընկերների եւ ՀՀ կառավարության հետ, անվանելով այդ համագործակցությունը որպես հաջողված գործընկերության օրինակ:

«Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի թիմի ղեկավարը Էվա Նեհերը ներկայացրեց ծրագրի արդյունքներն ու հետագա առաջարկությունները, ինչպես նաեւ քաղված դասերը: Մասնավորապես, ծրագրի արդյունքում մոտ 10.000 բիզնեսներ եւ ստարտափներ ստացել են տեխնիկական եւ ֆինանսական օժանդակություն, ստեղծվել են ավելի քան 450 նոր աշխատեղեր եւ այլն:

Ծրագիրը ծառայել է իբրեւ օրինակ եւ կատալիզատոր այն ոլորտների համար, որոնց աջակցել է՝ նպաստելով դրանց զարգացմանը: Տրամադրված ծավալուն աջակցության արդյունքում գրանցվեցին հետեւյալ արդյունքները՝

- Աջակցություն ՀՀ կառավարությանը՝ ՓՄՁ նոր ու արդիական ռազմավարության մշակման գործընթացում `միջազգային լավագույն փորձին համապատասխան: Ռազմավարությունը պատրաստվել է ՏՀԶԿ եւ ՀՀ էկոնոմիկայի նախարարության հետ համագործակցությամբ:

- Աջակցություն ՀՀ վիճակագրական կոմիտեին՝ 2018թ. հայաստանյան ՓՄՁ վիճակագրության հրապարակման աշխատանքներում, որն իրականացվում էր առաջին անգամ՝ հիմք ծառայելով քաղաքականությունների եւ տնտեսական ռազմավարությունների մշակման համար:

- Բիզնես անդամակցություն ունեցող կազմակերպությունների եւ բիզնես ասոցիացիաների կարողությունների հզորացում՝ վերածելով դրանք ավելի ուժեղ եւ կայուն միավորների, որոնք որակյալ ծառայություններ են մատուցում ՓՄՁ-ներին եւ, մասնավորապես, իրենց անդամներին:

- Աջակցություն տարբեր նորարարական ֆորումների եւ գիտաժողովների անցկացմանը`երկրի նորարարական ներուժի խթանման նպատակով՝ բացելով հայաստանյան գիտական ու հետազոտական կառույցների եւ միջազգային գործընկերների միջեւ համագործակցության նոր հորիզոններ: (օր. Բիզնես ինովացիոն ֆորում 2017թ., 2018թ., 2019թ., «Գիտության եւ տեխնոլոգիաների մերձեցում (STC)» գիտաժողով՝ 2018թ. եւ 2019թ.)

- Աջակցություն հայաստանյան ՓՄՁ-ների եւ գիտական հաստատությունների ներկայացվածությանը եվրոպական հետազոտական ցանցերում՝ HORIZON 2020 –ի՝ ԵՄ նորարարության եւ հետազոտության ֆինանսավորման նախագծում ներգրավվելու միջոցով:

- Աջակցություն տնտեսական կլաստերների ձեւավորմանը ՝ շեշտը դնելով տնտեսության մշակութային եւ ստեղծագործական ճյուղերի վրա (նորաձեւություն եւ դիզայն, կինո):

- Գյումրու եւ Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնների կարողությունների հզորացում՝ խորհրդատվության տրամադրման, վերապատրաստման ծրագրերի, դասընթացների, ինչպես նաեւ տեխնոլոգիական կենտրոնների աշխատանքային ծրագրերի մշակմանը նվիրված մի շարք ֆորումների ու միջոցառումների կազմակերպման միջոցով:

- Աջակցություն ստարտափների ստեղծմանը, հետագա զարգացմանն ու առաջընթացին՝ դասընթացների կազմակերպման, ուղղակի դրամաշնորհների եւ տեխնիկական աջակցության տրամադրման միջոցով («ԵՄ-ն՝ հանուն բիզնեսի » նախաձեռնության շրջանակում նորարարությանն ուղղված համաֆինանսավորվող դրամաշնորհների, ինչպես նաեւ գիտական եւ տեխնոլոգիական ձեռներեցության ծրագրերին(STEP) հատկացվող ֆինանսավորման տրամադրում 34 ստարտափների, Հայաստան ստարտափ ակադեմիայի հիմնադրում, աջակցություն Sevan Startup Summit-ի անցկացմանը 2017, 2018 եւ 2019 թթ. եւ այլն):

- գործարար կանանց հնարավորությունների ընդլայնում՝ ցանցերի ձեւավորման, կարողությունների ձեւավորման եւ Գործարար կանանց ակումբի 10 հանդիպումների անցկացման միջոցով: