10:13 | 11.11.19 | IT պատանիներ | exclusive 207218

IT պատանիներ. Արեգ եւ Հարություն

Ապացուցված է, որ տեխնոլոգիաների հանդեպ սերը ծնվում է մանկուց: Այսօր աշակերտները դպրոց են հաճախում սմարթֆոնով, իսկ դասերը պատրաստում՝ պլանշետով:

Հայաստանում շատ են պատանիները, որոնք սմարթֆոն եւ պլանշետ օգտագործելուց բացի, իրենք են փորձում ինչ-որ բան ստեղծել՝ խաղ, հավելված կամ ծրագիր:

Itel.am-ը «IT պատանիներ» շարքում ներկայացնում է վաղ տարիքից տեխնոլոգիաներով հետաքրքրվող եւ այս ոլորտում պրոդուկտ ստեղծող հայ պատանիների:

***
Mind Center-ի սաներ Արեգը եւ Հարությունը պատրաստել են ռոբոտ, որը ներկայացրել են օգոստոսի 1-4-ը Դանիայի Օրհուս քաղաքում կայացած Ռոբոտների Համաշխարհային օլիմպիադայի ընկերական միջազգային մրցաշարի (WROFIT-Word Robot Olympiad Friendship Invitational Tournament) շրջանակում:

Արեգ Բոիք, 10 տ., Երեւան

8 տարեկան էի, երբ սկսեցի տեխնոլոգիաներով հետաքրքրվել: Առաջին անգամ, երբ եկա այս կենտրոն, լեգո հավաքել էի ցանկանում: Այդպես սկսեցի ռոբոտաշինության դասերի հաճախել:

Դանիայում կայացած օլիմպիադան առաջին միջազգային մրցույթն էր ինձ համար, շատ լուրջ էինք նախապատրաստվում: Մոտ երկու ամիս աշխատում էինք: Մեր պատրաստած ռոբոտը երեխաներին իրենց տներից տեղափոխում է դեպի դպրոցի բակ, իսկ միրգը տեղափոխում էր դեպի դպրոց: Լավ արդյունքներ ենք գրանցել, ճիշտ է՝ մրցանակ չստացանք, բայց հպարտություն զգացինք:

Հետաքրքիր էին նաեւ մյուս երկրներից երեխաների աշխատանքները, մոտենում էինք տաղավարներին, նայում, թե ինչ են նրանք պատրաստել:

Ցանկանում եմ հետագայում ռոբոտաշինությունն ընտրել որպես մասնագիտություն: Կցանկանայի, երբ մեծանամ, աշխատել NASA-ում:

photo © Մեդիամաքս

Դպրոցում սկզբում ոչ ոք չգիտեր, որ նման հաջողություններ ունեմ, հետո բոլորը իմացան ու սկսեցին ինձ գովել: (խմբ. - Ծիծաղում է):

Բակ իջնել չեմ սիրում: Նախընտրում եմ լեգոներով խաղալ կամ Roblox հարթակում:

Հարություն Մելքոնյան, 10 տ., Երեւան

Տեխնոլոգիաներով ու հատկապես կոնստրուկտորներով հետաքրքրվել եմ մանկուց։ 6 տարեկանում մենակ կառուցեցի Լեգո տեխնիկ մեծ նավ։ Հայրիկս սկզբում ուղղություն տվեց, հետո մենակ շարունակեցի։

Մի անգամ էլ դպրոցում մրցույթ էր, կառուցեցի մեծ Ֆերարի մեքենա եւ որպես մրցանակ գնացինք էքսկուրսիա։

Արդեն 2 տարի է հաճախում եմ Mind Center, որտեղ տարբեր ռոբոտներ ենք կառուցում եւ ծրագրավորում։

Այս տարի Արեգի հետ մասնակցեցի Ռոբոտների Համաշխարհային Օլիմպիադայի Ընկերական Մրցաշարին։ Շատ լարված պայքար էր։

Բացի Օլիմպիադայից գնացինք Լեգոլենդ եւ Լեգոհաուզ, որտեղ ամեն ինչ լեգոներով էր պատրաստված։

Miniland կար,որտեղ ինքնաթիռներ, նավեր եւ նույնիսկ տիեզերակայան կար լեգոներից պատրաստված, որոնք շարժվում եւ ձայներ էին հանում։

Սիրում եմ նոր բաներ հորինել, օրինակ, մտածում եմ, թե ինչպես ստեղծեմ թռչող մեքենա, պատկերացնում եմ, թե ապագայում վերելակները ինչպիսին կարող են լինել եւ այլն։
Սիրում եմ շախմատ խաղալ, հաճախում եմ թենիսի եւ լողի։

Վերջերս ռոբոտաշինության եւ ծրագրավորման խմբերի երեխաների հետ այցելել էինք Սինոփսիս, շատ հետաքրքիր էր, ցանկացա աշխատեմ այնտեղ կամ էլ դառնամ ստեղծարար ու նոր գյուտեր հնարեմ։

«Այբ» կրթական հիմնադրամը հանդիսանում է Ռոբոտների համաշխարհային օլիմպիադայի ընկերակցության միակ պաշտոնական ներկայացուցիչը եւ Ռոբոտների համաշխարհային օլիմպիադայի`ՌՀՕ (WRO) ազգային փուլի միակ կազմակերպիչը Հայաստանում: ՌՀՕ-ի շրջանակներում հայաստանյան թիմերի ցանկացած ընկերական եւ միջազգային մրցաշարի մասնակցություն իրականացվում է «Այբ» հիմնադրամի երաշխավորմամբ եւ համաձայնությամբ:

Նարինե Դանեղյան
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի