16:19 | 07.11.19 | Նորություններ | 10948

Ամփոփվել են Միկրոէլեկտրոնիկայի 14-րդ օլիմպիադայի արդյունքները

Միկրոէլեկտրոնիկայի 14-րդ ամենամյա միջազգային օլիմպիադայի եզրափակիչ փուլը կայացել է նոյեմբերի 6-ին Հայաստանում՝ «Սինոփսիս Արմենիայի» ուսումնական դեպարտամենտում:

Այս տարի մրցույթին մասնակցել է 34 մասնակից 18 երկրից՝ Հայաստանից, Բելառուսից, Բրազիլիայից, Կոլումբիայից, Եգիպտոսից, Գերմանիայից, Իրանից, Հորդանանից, Ֆիլիպիններից, Լեհաստանից, Ռուսաստանից, Սաուդյան Արաբիայից, Սերբիայից, ԱՄԷ-ից, Ուկրաինայից, Ուրուգվայից, ԱՄՆ-ից եւ Վիետնամից:

Մրցանակաբաշխության արարողությունը կայացել է «Արամ Խաչատրյան» համերգասրահում՝ հանդիսավոր երեկոյի ընթացում։ Օլիմպիադայի հաղթողներն արժանացել են մրցանակների:

Առաջին մրցանակակիր է դարձել Տոմա Գավրիշը՝ Սերբիայից: Երկրորդ տեղը զբաղեցրել է Մուհամեդ Աբդելնաբի Ալլի Մահմուդ Զահերը` Եգիպտոսից: Երրորդ մրցանակին արժանացել է Գլորիա Սեպանտան` Իրանից:

2006 թ.-ին մեկնարկած օլիմպիադան բացահայտում եւ խրախուսում է մինչեւ 30 տարեկան տաղանդավոր ճարտարագետների, կարեւոր դեր է խաղում միկրոէլեկտրոնիկայի կրթության հարցում, խթանում է ոլորտի զարգացումը՝ Հայաստանում եւ մասնակից երկրներում: Երիտասարդ մասնագետների շրջանում օլիմպիադան մեծացնում է հետաքրքրությունը միկրոէլեկտրոնիկայի նկատմամբ՝ ստեղծելով ոլորտի երիտասարդ մասնագետների համայնք: Այն նաեւ օգնում է բացահայտել երիտասարդ մասնագետների՝ տարածաշրջանային կրթական ծրագրերում անհրաժեշտ ճշգրտումներ կատարելու նպատակով:

Օլիմպիադայի առաջին փուլին մասնակցել է 518 երիտասարդ, 22 երկրից՝ Արգենտինայից, Հայաստանից, Բելառուսից, Բրազիլիայից, Չիլիից, Կոլումբիայից, Եգիպտոսից, Վրաստանից, Գերմանիայից, Իրանից, Հորդանանից, Ֆիլիպիններից, Լեհաստանից, Ռուսաստանից, Սաուդյան Արաբիայից, Սերբիայից, ԱՄԷ-ից, Մեծ Բրիտանիայից, Ուկրաինայից, Ուրուգվայից, ԱՄՆ-ից եւ Վիետնամից: Առաջին փուլի 518 մասնակիցներից 96-ը ներկայացրել են Հայաստանը:

«Անչափ ուրախ եմ այն փաստի կապակցությամբ, որ ունենք երիտասարդների մի այնպիսի սերունդ, որը պատրաստ է մեզ շրջապատող խնդիրների լուծման համար առաջարկել խիզախ ու նորարարական լուծումներ՝ միաձուլելով տեխնոլոգիան ու գիտությունը: Առավել ոգեւորիչ է այն փաստը, որ այս օլիմպիադան իր շուրջը միավորել է հարյուրավոր պայծառ ուղեղների՝ աշխարհի տասնյակ երկրներից, ում մասին, վստահ եմ, դեռ կլսենք»,- ասել է օլիմպիադայի գլխավոր գործընկեր ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Այս տարի եւս օլիմպիադայի մրցույթային ծրագրում ընդգրկվել են հետեւյալ թեմաները. թվային ինտեգրալ սխեմաների նախագծում եւ թեստավորում, անալոգային եւ խառը ազդանշանային ինտեգրալ սխեմաների նախագծում եւ թեստավորում, կիսահաղորդչային սարքեր եւ տեխնոլոգիա, ինտեգրալ սխեմաների ավտոմատացված նախագծման մաթեմատիկական եւ ալգորիթմական ապահովում:

Արդեն ութ տարի, օլիմպիադան կազմակերպվում է Էլեկտրոնային եւ էլեկտրոնիկայի ճարտարագետների ինստիտուտի թեստային տեխնոլոգիաների տեխնիկական խորհուրդի (IEEE TTTC) հետ համագործակցությամբ:

«Սինոփսիս Արմենիան» օլիմպիադայի նախաձեռնողն ու գլխավոր կազմակերպիչն է: Օլիմպիադայի գլխավոր գործընկերը ՎիվաՍել-ՄՏՍ-ն է: Գլխավոր աջակիցն է «Յունիքոմփ» ընկերությունը: Օլիմպիադայի հովանավորներից են նաեւ ՏՀՏ գործատուների միությունը, «Վիասֆեր» տեխնոպարկը, «Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերությունը։

Հավելյալ տեղեկության համար այցելեք Միկրոէլեկտրոնիկայի միջազգային օլիմպիադայի կայքը՝ www.microelectronicsolympiad.org