10:22 | 29.10.19 | Նորություններ | 9138
Հոկտեմբերի 22-25-ը Երեւանում տեղի ունեցավ «Արեւորդի բնության եւ մշակույթի պահպանման» ՀԿ-ի եւ «Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի» (FPWC) կողմից իրականացվող Արեւորդի 9-րդ միջազգային բնապահպանական փառատոնը։
Հոկտեմբերի 25-ին Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության դահլիճում տեղի ունեցավ փառատոնի փակման արարողությունը, որտեղ եւ հայտնի դարձան հայտարարված երկու մրցույթների հաղթողները։
Լավագույն լրագրողական աշխատանք (Best Journalistic Report) անվանակարգում ժյուրիի ընտրությամբ հաղթող ճանաչվեց Քրիստինե Աղալարյանի կողմից ներկայացված «Հայկական ոսկու գինը» աշխատանքը (Հետք), իսկ Լավագույն բնապահպանական ֆիլմ անվանակարգում ժյուրիի ընտրությունը կանգ առավ «Աշուն. Գույների աշխարհ» ֆիլմի վրա, հեղինակ՝ Անետ Շյուրիխ։
Հանձնվեց նաեւ հատուկ մրցանակ Կանադայից ներկայացված Մեթյու Րիթսի հեղինակած «Անոտեի տապանը» ֆիլմին: Վայրի բնության անվանակարգում գլխավոր մրցանակը հանձնվեց «Ծննդոց 2.0» ֆիլմին, հեղինակ՝ Քրիսթիան Ֆրեյ, Շվեյցարիա, իսկ հատուկ մրցանակի արժանացավ Դենիել Սթայլզի «Գողացված կապիկները» ֆիլմը: Հաղթողներին հանձվեցին վկայականներ եւ հատուկ մրցանակ, պատրաստված վարպետ Սարգիս Բաղդասարյանի կողմից։
Փակման արարողությանը ներկա են գտնվել բազմաթիվ հյուրեր, այդ թվում՝ Եվրամիության Միջազգային օգնության/համագործակցության պատասխանատու Լինե Ուրբանը, ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչ Քրիստոֆեր Էլիսը, Վրաստանի դեսպան Գիորգի Սագանելիձեն, Կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Էլեոնորա Գաբրիլյանը, Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի ղեկավար Աշոտ Բլեյանը, ինչպես նաեւ ոլորտի այլ ներկայացուցիչներ եւ պատվավոր հյուրեր։
Եվրամիության Միջազգային օգնության/համագործակցության պատասխանատու Լինե Ուրբանն ընդգծել է․«Մենք գտնում ենք, որ մշակութային միջոցառումները հիանալի գործիքներ են հանդիսանում ներգրավելու համար հասարակության տարբեր շերտերի եւ տարիքային խմբերի՝ քննարկելու համար ռազմավարական հարցեր, ինչպիսին են՝ շրջակա միջավայրի պահպանության անհրաժեշտությունը, եւ մեզնից յուրաքանչյուրը պարտավորություն ունի խթանելու բնապահպանության գաղափարների տարածումը՝ նվազեցնելով թեկուզ մեր ընտանիքների թողած ազդեցությունը»։