14:41 | 24.10.19 | Նորություններ | 8571
«Արեւորդի» 9-րդ միջազգային բնապահպանական փառատոնի մամուլի ասուլիսը ընթացքում ներկայացվել են փառատոնի շրջանակում նախատեսվող տարբեր միջոցառումներն ու սպասվող հետաքրքիր իրադարձությունները:
Ասուլիսի բանախոսներն էին ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, «Վորլդ Վիժն Հայաստանի» տնօրեն Ժիրայր Էդիլյանը, «Արեւորդի» միջազգային բնապահպանական փառատոնի հիմնադիր Ռուբեն Խաչատրյանը, «Արեւորդի» 9-րդ միջազգային բնապահպանական փառատոնի տնօրեն Սոնա Քալանթարյանը, ֆիլմերի համակարգող Վարվառա Հովհաննիսյանը:
Ասուլիսն անդրադարձել է «Արեւորդի» 9-րդ միջազգային բնապահպանական փառատոնի օրակարգին ու ցուցադրվող ֆիլմերին։ Փառատոնի հիմնադիր Ռուբեն Խաչատրյանը խոսել է փառատոնի ստեղծման գաղափարի եւ դրա կարեւորության մասին, իսկ փառատոնի կայացման մշտական աջակից ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը ներկայացրել է ընկերության կողմից բնապահպանական փատատոնին աջակցելու պատճառների, մասնավոր ձեռնարկությունների կողմից բնապահպանության ոլորտի կայացմանն աջակցելու կարեւորությունը։
«Արեւորդի» փառատոնի կարեւորությունը դժվար է գերագնահատել: Այն կայացել է տարիների ընթացքում եւ գնալով ավելի ու ավելի է զարգանում՝ դառնալով առավել մասնակցային, սիրված ու ազդեցիկ՝ բնության պահպանության մասին իրազեկման առումով: Ուրախալի է, որ փառատոնը պահանջված է հատկապես երիտասարդների շրջանում: Այն շատ կարեւոր հարթակ է՝ բնության հանդեպ հոգատար վերաբերմունքն իբրեւ հիմնարար արժեք արմատավորելու տեսանկյունից»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
«Վորլդ Վիժն Հայաստանի» տնօրեն Ժիրայր Էդիլյանը կարեւորել է հանգամանքը, որ փառատոնը տեղափոխվի մարզ.
«Մարզերում եւ գյուղական համայնքներում ապրող մարդիկ եւս Փառատոնի մասը դարձան։ Նախորդ տարի ֆիլմերի ցուցադրություններ իրականացվեց Վայոց ձորի մարզում, դրանով մենք ականատես եղանք, թե ինչպես ակտիվացավ գյուղական կյանքը, ինչպես փառատոնի տարբեր միջոցառումներում ներգրավվեցին գյուղում ապրող մարդիկ։ Մենք արձանագրեցինք 3000-ից ավել զբոսաշրջիկի այցելություն։ 15 համայնքների դպրոցական երեխաներ ձեւավորեցին էկո-ակումբներ, որտեղ սովորեցին նաեւ ֆիլմեր նկարել»։
Ինչպես նշել է «Արեւորդի» միջազգային բնապահպանական փառատոնի հիմնադիր Ռուբեն Խաչատրյանը՝ փառատոնը հիմնադրվել է 2005թ․ եւ հաջորդ տարի հոբելյանական 10-րդ տարին է.
«Տարեցտարի բոլորս հասկացանք, որ բնապահպանական խնդիրները շատ ավելի արագ տեմպերով են աճում, քան մենք խոսում ենք դրանց մասին։ Այդ տարիների ընթացքում առաջին անգամ ստեղծվեց բնապահպանական կրթական ցանց՝ «Արեւորդի»։ Փառատոնը տարեցտարի ավելի է ծավալվում եւ ոչ միայն համայնքներ, այլեւ դպրոցներ է մտնում եւ տարիների ձեռքբերման փորձը տարբեր միջոցառումների միջոցով փոխանցվում է երեխաներին»։
«Արեւորդի» 9-րդ միջազգային բնապահպանական փառատոնի տնօրեն Սոնա Քալանթարյանն էլ կարեւորել է պատանիների մասնակցությունը փառատոնի կայացման գործում.
«Մենք սկսեցինք ավելի խորը համագործակցել տարբեր կրթահամալիրների եւ դպրոցների հետ եւ այս տարվա մեր հիմնական համագործակից է հանդիսանում «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը, որի սաները շատ մեծ ոգեւորությամբ կազմակերպում եւ մասնակցում են Փառատոնի միջոցառումներին եւ ցուցադրություններին։
Հոկտեմբերի 22-25-ին Երեւանում տեղի կունենա «Արեւորդի 9-րդ միջազգային բնապահպանական փառատոնը» (SunChild 9th International Environmental Festival):
Փառատոնի նպատակն է բարձրացնել բնապահպանական խնդիրների եւ վայրի բնության պահպանության իրազեկվածության մակարդակը Հայաստանում, մասնավորապես՝ երիտասարդության շրջանում։ 2019 թվականը հռչակվել է կովկասյան հովազի (Panthera pardus ciscaucasica) տարի, ուստի՝ միանալով տեսակի պահպանությանն ու իրազեկվածության մակարդակի բարձրացմանն ուղղված պետական նախաձեռնությանը՝ Փառատոնի առանցքում եւս կլինի կովկասյան հզոր հովազը։
«Արեւորդի 9-րդ միջազգային բնապահպանական փառատոնի» շրջանակներում Երեւանում կցուցադրվի աշխարհի տարբեր երկրներից ներկայացված ավելի քան 30 բնապահպանական ֆիլմ՝ հայերեն ենթագրերով, կանցկացվեն բնապահպանական եւ ֆիլմարտադրության թեմաներով մի շարք ամենահետաքրքիր աշխատարաններ, ինչպես նաեւ՝ լուսանկարչական ցուցահանդես բնապահպանական խնդիրների վերաբերյալ։
Փառատոնի օրերին կովկասյան հովազին կարելի է հանդիպել նաեւ Երեւանի տարբեր հատվածներում․ երեկոյան ժամերին հովազը «կզբոսնի» մայրքաղաքի փողոցներում, բայց զգուշանալու կարիք չկա, քանի որ հովազը կլինի ցուցադրվող կադրերում միայն։ Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի (CWR) տարածքում թակարդ տեսախցիկների կողմից նկարահանված կովկասյան հովազի կադրերի միջոցով Երեւանում տեսանելի կլինի մեր վայրի բնության ամբողջ գեղեցկությունը։
Հատկանշական է, որ 2020թ․-ին տեղի կունենա Արեւորդի 10-րդ հոբելյանական միջազգային բնապահպանական փառատոնը, որին ընդառաջ՝ այս տարի փառատոնի փակման արարողությանը կհայտարարվի կենսաբազմազանության ուսումնասիրության եւ բնապահպանության ոլորտներում մեծ ներդրում ունեցող անձանց համար նախատեսված երկու մրցանակի մասին, որոնք շնորհվելու են հաջորդ տարվա փառատոնին․
- Էլեոնորա Գաբրիելյանի անվան բուսաբանական մրցանակ
- Բնության պահպանության մրցանակ