17:03 | 10.10.19 | Հարցազրույցներ | exclusive 237704

ICANN-ի ներկայացուցիչ. Տարածաշրջանում մեր ակտիվությունն աճել է

Հոկտեմբերի 11-ին եւ 12-ին Երեւանում տեղի կունենա 4-րդ Արեւելաեվրոպական DNS համաժողովը (EEDNSF), որի կազմակերպիչն է ICANN (Հատկացված անունների եւ համարների Ինտերնետ կորպորացիա) ընկերությունը, իսկ հյուրընկալը՝ «Ինտերնետ հանրություն» ՀԿ-ն` .am դոմենային անունների տիրույթի Ռեգիստրը։

Համաժողովի նպատակն է նպաստել իրազեկվածության ավելացմանը եւ համագործակցություն ապահովել դոմենային անունների համակարգին (DNS) առնչվող բոլոր շահագրգիռ կողմերի հետ: Միջոցառումը հնարավորություն է տալիս տարածաշրջանային հարթություն բերել DNS-ի վերաբերյալ համաշխարհային քննարկումները եւ բացահայտել հեռանկարները տարածաշրջանային եւ տեղական մակարդակներում։

Միջոցառմանն ընդառաջ Itel.am-ը զրուցել է ICANN-ի գլոբալ շահառուների ներգրավվածության հարցերով մենեջեր Նատալիա Մոչուի հետ:

- Ներկայացրեք, խնդրեմ, ICANN-ի առաքելությունն ու տեսլականը։

- ICANN-ը ոչ շահույթ հետապնդող կազմակերպություն է, որը մեր տեխնիկական կազմակերպությունների հետ միասին խաղում է առաջնային դեր՝ պահպանելու ինտերնետի կայունությունն ու անվտանգությունը։ Մեր առաքելությունն է վստահ լինել, որ ինտերնետը մնում է եզակի, միավորված եւ համատեղելի, երբ հաջորդ միլիարդ ինտերնետ օգտատերերը դուրս գան օնլայն տիրույթ։

Պարզ ասած, ICANN-ը համակարգի կարեւոր մաս է, որն օգնում է մարդկանց միմյանց հետ կապ հաստատել օնլայն տիրույթում։ Ամեն անգամ, երբ դուք էլեկտրոնային նամակ եք ուղարկում ձեր ընկերոջը, տեսազանգ կատարում ընտանիքի հետ, ինքնաթիռի տոմս ամրագրում կամ օնլայն գնումներ կատարում, մենք որեւէ կերպ օգնում ենք ձեզ այդ գործընթացում։

- Ինչպիսի՞ ազդեցություն ունի ICANN-ը հասարակության վրա։

- Մեր անտեսանելի, բայց կարեւոր աշխատանքը թույլ է տալիս ձեզ օգտվել ինտերնետից: Առանց ICANN-ի Domain Name System-ի, հնարավոր չէր լինի ունենալ վստահելի, գլոբալ հասանելիությամբ ինտերնետ:

Երբ մարդիկ մուտք են գործում ինտերնետ, պետք է հեշտությամբ հասանելիություն ունենան կոնտենտին՝ իրենց տեղական լեզվով։ Նրանք պետք է վստահ լինեն, որ ինտերնետն աշխատում է անվտանգ, կարողանան կապի մեջ լինել ամբողջ աշխարհից այլ օգտատերերի հետ, եւ օգտվեն թվային տնտեսության առավելություններից։ ICANN-ն օգնում է մարդկանց այս հարցերում։

- Ի՞նչն է ICANN-ի գործունեությունը կարեւոր դարձնում միջազգային ասպարեզում։

- ICANN-ի ամբողջ գործունեությունը միջազգային է։ Մտածեք ինտերնետի մասին, ո՞վ է այն կառավարում։ Ո՞վ է ստեղծում այն օրենքները, որոնցով ինտերնետը գործում է։ Պատասխանն է՝ չկա ինտերնետի մեկ սեփականատեր կամ կենտրոնական կառավարող մարմին։

Ինտերնետ կառավարումն իրականացվում է կազմակերպությունների եւ անհատների կողմից, որոնք աշխատում են միասին՝ մշակում օրենքներ, ստանդարտներ, քաղաքականություն, տրամադրում տեխնիկական սպասարկում եւ ապահովում աշխարհն ամբողջական ցանցով։ Այս պատմության մեջ ICANN-ը խաղացողներից մեկն է։

Այսպիսով, կարեւոր է մարդկանց մասնակցությունն ICANN-ի աշխատանքներում, ինչպես նաեւ քաղաքականության մշակման գործընթացներում, որպեսզի բոլոր կարծիքները եւ տեսակետները ներկայացված լինեն վերջնական փաստաթղթերում։ Մենք կոչ ենք անում բոլոր նրանց, ովքեր հետաքրքրված են ապագայի վրա ինտերնետի ազդեցությամբ, մասնակցել ICANN-ի աշխատանքներին, եւ հայերն այս առումով բացառություն չեն։

- Որքանո՞վ է ICANN-ն ակտիվ այս տարածաշրջանում։ Ի՞նչ հատուկ քայլեր կարող եք նշել։

- Վերջին տարիներին մեր ակտիվությունը տարածաշրջանում աճ է գրանցել՝ ոլորտին առնչվող միջոցառումներ, վորքշոփեր։ ICANN-ի հետաքրքրությունների շրջանակում է ներուժի զարգացումը, որը թույլ կտա ունենալ ավելի տեղեկացված եւ արդյունավետ մասնակցություն գործընթացներին։

EEDNS ֆորումը կազմակերպվում է ամեն տարի՝ սկսած 2016թ.-ից։ Սա առաջին ֆորումն է, որին կմասնակցի մեր գործադիր տնօրեն եւ նախագահ Գորան Մարբին։

Բարձրաստիճան հյուրերի թվում են խորհրդի անդամ Դանկո Ջեվտովիչը եւ տեխնոլոգիական հարցերով ղեկավար Դեյվիդ Կոնրադը։ Ֆորումին մասնակցությունն անվճար է։ Հարկավոր է գրանցվել այստեղ։

- Ինչպե՞ս ընտրեցիք Երեւանը որպես EEDNS ֆորումի անցկացման վայր։

- Նախկինում կազմակերպել ենք Eastern European DNS ֆորումը տարածաշրջանի տարբեր երկրներում՝ հավասար հնարավորություններ տալով տեղական համայնքներին։ Այս կերպ մենք հույս ունենք կենտրոնանալ կոնկրետ երկրի վրա՝ տեղեկանալու այն խոչընդոտների եւ փորձի մասին, որոնք ազդում են տվյալ երկրի դոմենային անունների ոլորտի վրա: Նաեւ հույս ունենք ֆորումի ընթացքում քննարկումների միջոցով գտնել խնդիրների լուծումներ։ Իմ գործընկերներն անհամբերությամբ են սպասում Երեւան այցին եւ տեղացի ու տարածաշրջանի ներկայացուցիչների հետ մտքերի փոխանակությանը։

- Ի՞նչ ակնկալիքներ ունեք ֆորումից եւ ի՞նչ թեմաներ է այն ընդգրկելու:

- Հուսով ենք, որ սա կլինի արդյունավետ ֆորում եւ բոլոր մասնակիցները տուն կգնան նոր գաղափարներով։ Սա չի լինելու միջոցառում, որի շրջանակում խոսնակները գալիս են, ներկայացնում ինչ-որ բան եւ հեռանում։ Ֆորումի ընթացքում հնարավոր կլինի հաղորդակցվել, հարցեր տալ: Ներկա կլինեն գլոբալ եւ տեղական փորձագետներ, կկիսվեն իրենց փորձով եւ կառուցողական երկխոսություն կծավալեն:

Կարեւոր քննարկումներ կընթանան DNS էկոհամակարգի տեխնիկական քաղաքականության, անվտանգության եւ այլ հարցերի շուրջ։ Ամբողջական օրակարգը հասանելի է այստեղ։

Նատալիա Մոչուի հետ զրուցել է Նարինե Դանեղյանը