11:05 | 08.10.19 | Հարցազրույցներ | exclusive 150430

GIPHY-ի հիմնադիր. Հարթակը հայկական GIF-երի կարիք ունի

Հոկտեմբերի 7-ին WCIT 2019-ի շրջանակում Երեւան ժամանած GIPHY-ի հիմնադիր եւ գործադիր տնօրեն Ալեքս Չունգը ելույթ է ունեցել Startup Grind Yerevan-ում՝ Deworkacy Երեւանյան գրասենյակում։

GIPHY հարթակում ավելի քան 300 միլիոն մարդ օրական 2 միլիարդ GIF է ուղարկում միմյանց։ 2013թ․ հիմնադրված GIPHY-ում օգտատերերը ոչ միայն կարող են փնտրել իրենց նախընտրելի GIF-երն ու sticker-ները, այլեւ հրապարակել, ինտեգրել զանազան նյութերին, միմյանց հետ «կիսվել» եւ ավելին։ Նախքան GIPHY-ի հիմնադրումն Ալեքս Չունգն աշխատել է Intel-ում եւ MTV-ում, տասնյակ ստարտափների հիմնադիր է։

Itel.am-ի բացառիկ հարցազրույցը Ալեքս Չունգի հետ։

- Ալեքս, զրույցը սկսենք ձեր ամենասիրելի GIF-ի մասին հարցով։

- Դա բարդ հարց է։ Ամեն օր նախասիրությունս փոխվում է, նույնն է՝ ինչ պատմեմ իմ ամենասիրելի ուտեստի մասին։ Երբ տխուր եմ լինում, սիրում եմ կատուների GIF-եր։ Կատուները հավիտենական զվարճանք են (ծիծաղում է – խմբ.)։ Սիրում եմ նաեւ փոքրիկներին առնչվող GIF-եր: Շատ զվարճալի է։

- Լսել եմ, որ ունեցել եք ավելի քան 12 ստարտափ մինչեւ GIPHY-ը։ Ինչո՞ւ դրանք չհաջողեցին այնպես, ինչպես այս մեկը:

- Մի շարք երաժշտական ստարտափներ եմ ունեցել: Մտածում էի ստեղծել մի բան, որի միջոցով կարելի է վերաիմաստավորել երաժշտությունը. բայց դա այդպես էլ չաշխատեց, քանի որ բարդ է երաժշտական ասպարեզ մտնելը։

Մյուսը սոցցանցերն էին։ Ունեցել եմ մի քանի այլ ստարտափ, բայց շատ բարդ է մրցակցել այնպիսի հսկաների հետ, որոնց թվում է Facebook-ը։

Ունեցել եմ նաեւ արվեստի բնագավառի ստարտափներ, բայց արվեստի շուկան իսկապես փոքր է։

Տեխնոլոգիական ստարտափներ էլ եմ ունեցել։ Իրականում պետք է փորձես մի քանի ստարտափներ ստեղծել եւ հետո դրանք ձախողեն։

Դրանց մի մասը նորմալ կգործեն, սակայն կլինեն ոչ այնքան լավը՝ զարգանալու համար։

- Ի՞նչ ազդեցություն ունեն GIF-երը մարդկանց վրա՝ իրական կյանքում։ Ունե՞ք նման պատմություններ։

- Մի անգամ հերթում ինձ մի կին էր սպասում իր տղայի հետ։ Ասաց, որ GIF է օգտագործում ամեն օր, եւ հարթակը միակ կատալոգն է, որն ամեն օր կարող է ցույց տալ աուտիզմ ունեցող որդուն։ Դա հնարավորություն է տալիս տղային՝ տեսնել, թե երջանիկ մարդն ինչ տեսք ունի՝ հազարավոր տարբերակներով։ Հարթակը հնարավորություն է տղայի համար հասկանալ մարդկային էմոցիաները։ Մայրը նշում էր, որ ինտերնետում չի կարողացել գտնել մեկ այլ կատալոգ, որտեղ ամփոփված կլինեին մարդկային էմոցիաները։

Մայրս չի խոսում անգլերեն, եւ երբ բարկանում է, փորձում է էմոցիաներն արտահայտել GIF-երի միջոցով։

Մեր հարթակը մի քանի տարեկան է, եւ օրեցօր ավելի ու ավելի օգտակար կդառնա մարդկանց համար։

- Ի՞նչ եք կարծում՝ GIF-երը հավերժ են։ Ո՞րն է նրանց ապագան։

-Խոսքն այլեւս GIF-երի մասին չէ, այլ կարճ վիդեոների, որոնք օգնում են ինքնարտահայտվել։ Մեր հարթակը 7 տարեկան է, իսկ GIF-երը գոյություն ունեն ավելի քան 30 տարի, ինտերնետի գոյությանը զուգահեռ։ Դրանք հավերժ են, եթե ոչ GIF-երի տեսքով, ապա այլ բանի։ Տխուր կլինեի, եթե բառերից բացի ինքնարտահայտման այլ ձեւ չունենայի:

- Ո՞րը կլինի ձեր ուղերձը GIPHY-ի հայկական լսարանի համար, որը բավական մեծ է։

- Հարթա՛կ ներբեռնեք հայկական GIF-եր, մենք կարիք ունենք հայկական կոնտենտի։

Ներբեռնե՛ք, տարածե՛ք դրանք եւ զվարճացե՛ք։

Ալեքս Չունգի հետ զրուցել է Նարինե Դանեղյանը