10:39 | 19.09.19 | Հարցազրույցներ | exclusive 56062

Մարինա Սուսլովա․Փնտրում ենք երեխաների, որոնք երազում են ծրագրավորող դառնալ

2016 թվականի սեպտեմբերին Ռուսաստանում գործարկվեց «Яндекс.Лицей»-ը՝ դպրոցականների համար նախատեսված ծրագրավորման անվճար երկամյա դասընթացներով։ Արդեն հոկտեմբերին փորձնական տարբերակով կազմվեց ծրագրի հայերեն մեկամյա տարբերակը՝ «Յանդեքսի» ծրագրավորման դպրոցը։ 2017-ի հունվարին դպրոցն իր աշխատանքը սկսեց Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում, իսկ նույն տարվա հոկտեմբերին՝ Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում։ Հայաստանը դարձավ նախագծի առաջին արտասահմանյան երկիրը՝ Yandex.Taxi-ի աջակցությամբ։

Դասավանդվող ծրագրավորման լեզուն «Python»-ն է։ Ծրագրի նպատակն է դպրոցականներին այնպիսի «գործիք» տրամադրելը, որի օգնությամբ հետագայում նրանք կարող են մշակել սեփական ծրագրերը։

Մենք զրուցել ենք «Яндекс.Лицей»-ի եւ Հայաստանում «Յանդեքս» ծրագրավորման դպրոցի տնօրեն Մարինա Սուսլովայի հետ։

- Հայաստանում «Յանդեքս» ծրագրավորման դպրոց բացելու գաղափարն ինչպե՞ս առաջացավ։

-«Յանդեքսը» շատ վաղուց զբաղվում է կրթական ծրագրերով, եւ 2016-ին մենք որոշեցինք որակյալ եւ լավ ծրագիր ստեղծել այն դպրոցականների համար, որոնք ցանկանում են ծրագրավորող դառնալ։ «Яндекс.Лицей» նախագիծը Ռուսաստանում մեկնարկեց 2016-ի սեպտեմբերին։ Նույն տարվա հոկտեմբերին Հայաստանի կրթության եւ գիտության նախարարությանն առաջարկեցինք նմանատիպ նախագիծ։

2017-ին մեր դպրոցները բացեցինք Գյումրիի եւ Վանաձորի տեխնոլոգիական կենտրոններում։ Դրանք հրաշալի, ժամանակակից հարթակներ են, որտեղ միաժամանակ սովորում են ուսանողներն ու դպրոցականները, աշխատում ամենատարբեր IT ստարտափերը։ Այդ վայրերը կատարյալ են ծրագրավորման դպրոցի համար, որովհետեւ դպրոցականները շփվում են կենտրոնի «բնակիչների» հետ, իսկ ստարտափերն էլ իրենց հերթին հեռանկարային շրջանավարտներին կարող են հրավիրել փորձաշրջանի կամ աշխատանքի։

-Իսկ ինչու՞ ընտրեցիք հենց Հայաստանը։

- Ճշգրիտ գիտությունների ոլորտում Հայաստանը միշտ էլ աչքի է ընկել իր տաղանդներով։ Հավանաբար, գիտեք, որ «Յանդեքս»-ը թե՛ ղեկավար կազմում, թե՛ ծրագրերի մշակման բաժնում բազմաթիվ աշխատակիցներ ունի, որոնք ծագումով Հայաստանից են։ Այդ առիթով Yandex.Taxi-ում սիրում են կատակել, թե ընկերության պաշտոնական լեզուն հայերենն է։

Դպրոցների բացման գործում մեծ դեր է խաղացել կրթության եւ գիտության նախարարության խորհուրդը. նա մեզ առաջարկեց որպես գործընկեր ընտրել Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը՝ Երեւանի, Վանաձորի եւ Գյումրիի իր առաջադեմ կենտրոններով։

-Իսկ ինչպե՞ս եք ընտրում աշակերտներին եւ ուսուցիչներին։

- Նախագիծը ստեղծելիս, մենք նախ եւ առաջ մտածում էինք ոչ թե մայրաքաղաքի, այլ մարզաբնակ երեխաների մասին, քանի որ նրանց համար ավելի դժվար է ծրագրավորման որակյալ գիտելիքներ ձեռք բերելը։

Մեզ համար սկզբունքային էր երեխաներին հավասար հնարավորություններ տալը։ Օրինակ, Վանաձորում սովորում են դպրոցականներ, որոնք ոչ միայն հենց այդ քաղաքից են, այլեւ հարակից գյուղերից։ Սա հաշվի առնելով, կենտրոնը դասացուցակն այնպես է կազմել, որպեսզի բոլորը հասցնեն տեղ հասնել ճիշտ ժամանակին։

Մեկ այլ կարեւոր հանգամանք՝ մենք փնտրում ենք երեխաների, որոնց համար ծրագրավորողի մասնագիտությունը երազանք է։ Նրանք պետք է ցանկանան սովորել եւ մոտիվացված լինեն։ Հենց այդ պատճառով էլ, մեր դպրոցներ ընդունվելու համար պետք է շատ լուրջ ընտրական փուլով անցնեն։

Հայաստանում մեր դասընթացները տեւում են ուսումնական մեկ տարի, ընդունում ենք 9, 10 եւ 11-րդ դասարանների աշակերտներին։

Պատմեմ, թե ինչպես է կատարվում ընտրությունը։ Սկզբում երեխաները թեստ են հանձնում, որը թույլ է տալիս գնահատել մաթեմատիկայի գիտելիքների աստիճանն ու տրամաբանական մտածողության ունակությունները։
Այս փուլը հաջողությամբ հաղթահարելու դեպքում, դպրոցականին հարցազրույցի ենք հրավիրում, որպեսզի գնահատենք նրա մոտիվացիան եւ մտադրությունների լրջությունը։

Պետք է նշեմ, որ դասընթացները բավականին բարդ են, եւ մեր ուսանողներին կարող են նախանձել բազմաթիվ բուհերի ուսանողներ։

Դասընթացները վարում են տեղացի դասախոսները, որոնք շատ ավելի լուրջ ընտրություն են անցնում, քան դպրոցականները։ Հետագայում
Նրանք «Յանդեքս»-ի կողմից շարունակ մեթոդական օժանդակություն են ստանում։ Ամբողջ ուսումնական տարվա ընթացքում մեր դասախոսները մասնագիտական որակավորման բարձրացման դասընթացներ են անցնում, թեստեր են հանձնում, ստուգողականներ գրում։ Այս ամենը թույլ է տալիս կրթության բարձր որակի նշաձող սահմանել։

Մեզ համար կարեւոր է, որպեսզի դասախոսը ոչ միայն կարողանա ծրագրավորել շատ բարձր մակարդակով, այլեւ իսկական դասախոս լինի, որը աշակերտների հետ աշխատելու տաղանդ ունենա։

-Ի՞նչ են անում աշակերտները դպրոցն ավարտելուց հետո։

- Մի մոռացեք, որ երեխաների մեծ մասը, ավարտելով «Յանդեքսի ծրագրավորման դպրոց»-ը, շարունակում է սովորել միջնակարգ դպրոցում։ Բայց այն փաստը, որ Գյումրիում ու Վանաձորում մենք աշխատում ենք տեխնոլոգիական կենտրոններում, մեր շրջանավարտներին լավ հնարավորություններ է տալիս հետագա զարգացման համար։ Ընկերությունները նկատում են տաղանդավոր երեխաներին, առաջարկում են փորձաշրջաններ, իսկ հետագայում նաեւ՝ աշխատանք։

Հաջողված օրինակներ ունենք։ Վանաձորից մեր շրջանավարտ Վահե Ասլոյանը սեփական խաղն էր ստեղծել, ներկայացրել էր այն տեխնոլոգիական ցուցահանդեսին, նրան նկատել էին, եւ հիմա նա աշխատում է խաղեր ստեղծող մի ընկերության հետ։

Գյումրիի շրջանավարտները մասնակցել են եզակի ու ներառական «Արեգակ» փուռ-սրճարանի ստեղծմանը։ Մեր աշակերտ Ռուբեն Սարգսյանը արժանացել է Հայաստանի վարչապետի մրցանակին։

Նման օրինակները շատ են։ Մենք շատ շնորհակալ ենք մեր գործընկեր Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամին, Գյումրիի ու Վանաձորի տեխնոլոգիական կենտրոններին, որոնց շնորհիվ այս նախագիծն իրականություն դարձավ։

- Հայաստանում «Յանդեքսի ծրագրավորման դպրոցներ»-ում արդեն քանի՞ աշակերտ է սովորել։

- Շրջանավարտների երկուական սերունդ Վանաձորում ենք ունեցել, երկուական էլ Գյումրիում, ընդհանուր՝ 113 աշակերտ։ Ոչ մեծ քաղաքներում իրականացվող նման ծրագրի համար սա շատ բարձր ցուցանիշ է։

-Նախատեսո՞ւմ եք ընդլայնել դպրոցների աշխարհագրությունը Հայաստանում։

-Մեր նախագիծը պրոդուկտ է երկրի կրթական համակարգի համար։ Եթե մեզ այս կամ այն շրջանից դիմում են, եւ մենք տեսնում ենք, որ իսկապես այդ տարածքում դպրոցի գործունեության անհրաժեշտություն կա, մենք հաճույքով սկսում ենք քննարկել։ Այստեղ կարեւոր է երկկողմանի հետաքրքրությունը։ Օրինակ, հիմա բանակցություններ ենք վարում Երեւանում նախագիծը զարգացնելու շուրջ։

Մեզ համար սկզբունքային է, որպեսզի այս դասընթացներն անվճար լինեն երեխաների համար։ Ծրագրի մշակման, ուսուցիչների մասնագիտական կարողությունների բարելավման, ընտրության եւ վերապատրաստման ծախսերը ֆինանսավորում է Yandex.Taxi-ն։ Իսկ մեր տարածաշրջանային գործընկերները հոգում են սարքավորումների ու տարածքի ծախսերը։

Մենք հավատում ենք, որ մասնագիտության ձեռք բերումն ու առաջին քայլերն այդ ուղղությամբ չպետք է պայմանավորված լինեն երեխայի ծնողների ֆինասական վիճակով։

Մարինա Սուսլովայի հետ զրուցել է Լուսին Մկրտչյանը