16:04 | 10.10.19 | Նորություններ | 2477

Երեւանում մեկնարկել է N2 եռօրյա ֆորումը

 

Այսօր Երեւանում մեկնարկել է N2 եռօրյա ֆորումը, որը կազմակերպվում եւ հյուրընկալվում է տեղական ու միջազգային առաջատար կազմակերպությունների կողմից:

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության աջակցությամբ առաջին անգամ անցկացվող համաժողովի կարգախոսն է՝ «Միասին դեպի թվային ապագա»:

Համաժողովի բացմանը ներկա են գտնվել Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը, ICANN-ի նախագահ եւ տնօրեն Յորան Մարբին, RIPE NCC-ի կառավարիչ եւ տնօրեն Աքսել Պավլիկը, Ինտերնետ հասարակության եվրոպական բյուրոյի տնօրեն Ֆրեդերիկ Դոնկը։

«Ինձ համար պատիվ է առաջին անգամ անցկացվող այս ֆորումի բացմանը ներկա լինել։ Մեր կազմակերպությունը շատ ռեսուրսներ է ծախսում, որ ինտերնետը հասանելի ու մատչելի լինի աշխարհի տարբեր կետերում»,- ընդգծել է ICANN-ի նախագահ եւ տնօրեն Յորան Մարբին:

«Մեր աշխատանքի ամենակարեւոր բառը կոորդինացիան է։ Մենք ունենք տվյալների մեծ հոսքեր եւ շահագրգիռ կազմակերպություններին կապում ենք միմյանց։ Ես երրորդ անգամ եմ Հայաստանում, ամենաշատ տրվող հարցն է, թե ինչ եմ մտածում Հայաստանի տեխնոլոգիական ներուժի մասին, բայց այդ հարցին հեշտ չէ միանգամից պատասխանել: Հենց դրա համար եմ այստեղ, այցելում եմ Երեւանից հեռու տարբեր համայնքներ, ուսումնասիրում դրանք, գործնական դասեր ենք անցկացնում, փորձում աջակցել ինտերնետի հասանելիության ընդլայնմանը»,- ասել է RIPE NCC-ի կառավարիչ-տնօրեն Աքսել Պավլիկը:

Համաժողովն առանձին միջոցառումների շարք է, որի նպատակն է ստեղծել հարթակ ոլորտի առաջատար փորձագետների, ցանցային օպերատորների, ծառայություններ մատուցող ընկերությունների եւ ՏՀՏ համայնքի այլ ներկայացուցիչների համար` ընդհանուր հետաքրքրությունները քննարկելու, ոլորտի նորարարությունների մասին տեղեկանալու ու փորձի փոխանակման նպատակով։

«Համաժողովն այն եզակի հարթակներից է, որը միավորում է մասնավոր ոլորտին եւ այն միջազգային կազմակերպություններին, որոնք աշխատում են ինտերնետի կենսագործունեությունն ապահովելու համար»,- ասել է Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում RIPE NCC-ի արտաքին հարաբերությունների տնօրեն Վահան Հովսեփյանը:

«N2» միջազգային համաժողովի շրջանակում ներառված է 6 առանձնահատուկ միջոցառում՝ Ցանցային օպերատորների խմբի համաժողովը (ArmNOG), Հայաստանի Ինտերնետ կառավարման 5-րդ համաժողովը (ArmIGF), Երիտասարդների Ինտերնետ կառավարման համաժողովը (YIGF), «RIPE NCC» բանկային աշխատաժողովը, Արեւելաեվրոպական DNS 4-րդ համաժողովը, «Իրերի Ինտերնետ հատուկ հետաքրքրությունների խմբի» աշխատաժողովը (ISOC IoT SIG Workshop):

Հայաստանում առաջին անգամ են անցկացվում Ցանցային օպերատորների խմբի համաժողովը, Երիտասարդների Ինտերնետ կառավարման ու «RIPE NCC» բանկային աշխատաժողովները, իսկ «Իրերի Ինտերնետ հատուկ հետաքրքրությունների խմբի» աշխատաժողովը հնարավորություն կտա ոլորտով հետաքրքրված կազմակերպությունների ներկայացուցիչներին եւ անհատներին ստեղծելու հարթակ, որտեղ կքննարկվեն առկա մարտահրավերները, որոնց բախվում են Իրերի ինտերնետի մշակողները եւ օգտատերերը:

«Այսօր կայանալիք Ցանցային օպերատորների խմբի համաժողովն (ArmNOG) առաջին անգամ է կազմակերպվում Հայաստանում: Այն ուղղված է ցանցային օպերատորների խնդիրների բարձրաձայնմանը, փորձելու ենք գտնել լուծումներ՝ կապված հեռահաղորդակցության ոլորտի զարգացման, ինտերնետի կայունության եւ հասանելիության վերաբերյալ: Հուսով ենք ունենալ ակտիվ քննարկումներ, գործընկերային ձեռքբերումներ»,- նշել է Հայաստանի օպերատորների միության տնօրեն Քրիստինե Գյոնջյանը:

Համաժողովի օրակարգը հասանելի էայստեղ։ Կազմակերպիչներն են՝ Հայաստանի օպերատորների միությունը, «Ինտերնետ հանրություն» ՀԿ-ն, ICANN ընկերությունը (Հատկացված անունների եւ համարների Ինտերնետ կորպորացիա), «Ինտերնետ հասարակության Հայաստան հատված» ՀԿ-ն, «RIPE NCC» ընկերությունը, «IoT» հետաքրքրությունների խումբը: