12:21 | 10.10.19 | Նորություններ | 2297

Էլեկտրատեխնիկայի ոլորտում հայտնի IEEE ինստիտուտը Հայաստանում մասնաճյուղ կբացի

Էլեկտրատեխնիկայի բնագավառում աշխարհում առաջատար IEEE (Institute of electrical and electronic engineers) ինստիտուտի IEEE Computer society բաժինը մասնաճյուղ կբացի Հայաստանում:

Այս մասին հայտարարվել է WCIT 2019-ի շրջանակներում՝ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանի, «Սինոփսիս Արմենիա» ընկերության նախագահ Երվանդ Զորյանի եւ IEEE (Institute of electrical and electronic engineers) ինստիտուտի IEEE Computer society-ի նախագահ Չեչիլիա Մետրայի մասնակցությամբ մամուլի ասուլիսի ընթացքում:

Երվանդ Զորյանը նշել է, որ որպես պրոֆեսիոնալ կազմակերպություն` IEEE-ն առաջինն է էլեկտրոնիկայի եւ համակարգչային տեխնիկայի բնագավառում եւ մինչ այժմ միջազգային այդ մեծ կազմակերպության ներկայացուցիչ Հայաստանում չի եղել։

Համալսարանի գործունեության վերաբերյալ մանրամասներ է ներկայացրել IEEE Computer society-ի նախագահ Չեչիլիա Մետրան։ Նա նշել է, որ IEEE-ն ունի ավելի քան 405 հազար անդամ՝ աշխարհի տարբեր երկրներում։ Բաղկացած է 39 միություններից, որոնցից ամենախոշորը համակարգչային միությունն է՝ 245 մասնաճյուղերով եւ 13 հազար անդամներով։

IEEE-ն ամենահեղինակավոր կազմակերպությունն է աշխարհում էլեկտրոնային արդյունաբերության մեջ գիտական հոդվածների եւ գիտական սեմինարների կազմակերպման, գիտության զարգացման տեսանկյունից։ 400 հազարից ավելի անդամները հիմնականում գիտահետազոտողներ, գիտնականներ ու ինժեներներ են։

Նախարար Հակոբ Արշակյանը շնորհակալություն է հայտնել Երվանդ Զորյանին Հայաստանում տեխնոլոգիական արդյունաբերության զարգացմանն ուղղված գործունեության եւ ներդրած ջանքերի համար։ Կարեւորելով IEEE Computer society մասնաճյուղի բացումը Հայաստանում՝ նախարարը նշել է, որ սա մեծագույն իրադարձություն է մեր երկրի տեխնոլոգիական արդյունաբերության զարգացման համար։

Նախարարը ներկաներին տեղեկացրել է նաեւ դեկտեմբերին տեղի ունենալիք բարձր տեխնոլոգիական ոլորտի ամենամյա մրցանակաբաշխության մասին։ Նա նշել է, որ այս տարի նախատեսվում է մրցանակը հանձնել միջազգային հարթակում, եւ այն այսուհետ կլինի համատեղ՝ ՀՀ կառավարության եւ IEEE-ի կողմից։ Սա նշանակում է, որ հայկական մրցանակը դառնում է ՀՀ վարչապետի կողմից տրվող բարձր տեխնոլոգիական ոլորտի միջազգային մրցանակ։

Հակոբ Արշակյանը տեղեկացրել է նաեւ, որ նպատակ կա հաջորդ տարի մրցանակի հանձնման արարողությունը տեղափոխել Սիլիկոնյան հովիտ, ինչը հնարավորություն կտա մեծ ընկերությունների ղեկավարներին, տեղի հայերին, բարձր տեխնոլոգիական համայնքին հավաքելու հայկական օրակարգի շուրջ։