11:54 | 09.10.19 | Նորություններ | 1884

Վաղը Երեւանում կմեկնարկի N2 միջազգային ֆորումը

Հոկտեմբերի 10-12-ին Երեւանում տեղի կունենա N2 Ֆորումը, որը կազմակերպվում եւ հյուրընկալվում է տեղական ու միջազգային առաջատար կազմակերպությունների կողմից:

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության աջակցությամբ առաջին անգամ կայանալիք համաժողովի կարգախոսն է՝ «Միասին դեպի թվային ապագա»:

Համաժողովի բացմանը ներկա կլինեն Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը, ICANN-ի նախագահ եւ տնօրեն Յորան Մարբին, RIPE NCC-ի կառավարիչ եւ տնօրեն Աքսել Պավլիկը, Ինտերնետ հասարակության եվրոպական բյուրոյի տնօրեն Ֆրեդերիկ Դոնկը։

Համաժողովն առանձին միջոցառումների շարք է, որի նպատակն է ստեղծել հարթակ ոլորտի առաջատար փորձագետների, ցանցային օպերատորների, ծառայություններ մատուցող ընկերությունների եւ ՏՀՏ համայնքի այլ ներկայացուցիչների համար` ընդհանուր հետաքրքրությունները քննարկելու, ոլորտի նորարարությունների մասին տեղեկանալու ու փորձի փոխանակման նպատակով։

Կազմակերպիչների խոսքով, ծով չունեցող երկրների համար ինտերնետը ստեղծում է ծով հնարավորություններ։ Թվային տնտեսության զարգացման կարեւոր բաղադրիչներից մեկը ինտերնետի զարգացումն է Հայաստանում` ինչպես Հայաստանի տարածքում ինտերնետի տարածվածության, այնպես էլ ինտերնետի տարանցիկ երկիր դառնալու համատեքստում:

«N2» միջազգային համաժողովի շրջանակում ներառված է 6 առանձնահատուկ միջոցառում՝ Ցանցային օպերատորների խմբի համաժողովը (ArmNOG), Հայաստանի Ինտերնետ կառավարման 5-րդ համաժողովը (ArmIGF), Երիտասարդների Ինտերնետ կառավարման համաժողովը (YIGF), «RIPE NCC» բանկային աշխատաժողովը, Արեւելաեվրոպական DNS 4-րդ համաժողովը, «Իրերի Ինտերնետ հատուկ հետաքրքրությունների խմբի» աշխատաժողովը (ISOC IoT SIG Workshop):

Եռօրյա համաժողովում քննարկվելիք թեմաների շարքում են՝ Հայաստանը որպես Եվրոպան ու Ասիան միմյանց կապող խոշորագույն ինտերնետ ենթակառուցվածքներ ունեցող երկիր, հյուսիս-հարավ թվային միջանցքներ, Հայաստանի թվային ապագան եւ այլն։ Պանելային քննարկումներին կմասնակցեն պետական կառույցների պաշտոնյաներ։

Ի դեպ, Հայաստանում առաջին անգամ են անցկացվում Ցանցային օպերատորների խմբի համաժողովը, Երիտասարդների Ինտերնետ կառավարման ու «RIPE NCC» բանկային աշխատաժողովները, իսկ «Իրերի Ինտերնետ հատուկ հետաքրքրությունների խմբի» աշխատաժողովը հնարավորություն կտա ոլորտով հետաքրքրված կազմակերպությունների ներկայացուցիչներին եւ անհատներին ստեղծելու հարթակ, որտեղ կքննարկվեն առկա մարտահրավերները, որոնց բախվում են Իրերի ինտերնետի մշակողները եւ օգտատերերը:

Համաժողովի կազմակերպիչներն են՝ Հայաստանի օպերատորների միությունը, «Ինտերնետ հանրություն» ՀԿ-ն, ICANN ընկերությունը (Հատկացված անունների եւ համարների Ինտերնետ կորպորացիա), «Ինտերնետ հասարակության Հայաստան հատված» ՀԿ-ն, «RIPE NCC» ընկերությունը, «IoT» հետաքրքրությունների խումբը:

Բոլոր միջոցառումների օրակարգը հասանելի էայստեղ։