14:14 | 04.10.19 | Նորություններ | 1967

«Կասպերսկի»-ն ՀՀ ուժային կառույցների կիբեռանվտանգության սեմինար է անցկացրել

Կիբեռանվտանգության ոլորտում մասնագիտացած «Կասպերսկի» ընկերությունը հոկտեմբերի 4-ին Երեւանում անցկացրել է ՀՀ ուժային կառույցների կիբեռանվտանգության հերթական սեմինարը։

Սեմինարին մասնակցել են ՀՀ ուժային գերատեսչությունների, պետական կառույցների եւ կրիտիկական ենթակառուցվածքները (կապ, էներգետիկա, ջրամատակարարում, գազամատակարարում, տրանսպորտ) կառավարող առաջատար ընկերությունների մասնագետները։

Միջոցառման բացումը կատարել է Հայաստանում եւ Վրաստանում «Կասպերսկի» ընկերության տարածքային ներկայացուցիչ Արմեն Կարապետյանը։

Ընկերության Ղազախստանում, Կենտրոնական Ասիայում եւ Մոնղոլիայում կառավարման տնօրեն Եվգենի Պիտոլինը ներկայացրել է «Պետության պաշտպանությունը որպես ռազմավարություն։ Կիբեռանվտանգությունը որպես ազգային անվտանգության մաս։ Գրոհներ ՀՀ-ի եւ աշխարհի վրա» եւ «Kaspersky Interactive Protection Security բիզնես-նմանակում։ Կիբեռհետաքննություն առցանց ռեժիմում» արդիական թեմաները։

««Կասպերսկի» ընկերությունն այս սեմինարին ներկայացրեց բարդ եւ թիրախային կիբեռհարձակումներին դիմագրավելու ամենաարդյունավետ եւ առաջավոր տեխնոլոգիաներն ու լուծումները, որոնք, համոզված եմ, լայնորեն կկիրառվեն ՀՀ ուժային, պետական եւ կրիտիկական ենթակառուցվածքները կառավարող կազմակերպությունների տեղեկատվական տեխնոլոգիաների եւ անվտանգության ոլորտի մասնագետների կողմից՝ նպաստելով Հայաստանի կիբեռանվտանգության ապահովմանը»,- նշել է Հայաստանում եւ Վրաստանում «Կասպերսկի» ընկերության տարածքային ներկայացուցիչ Արմեն Կարապետյանը։

ՀՀ ուժային կառույցների կիբեռանվտանգության սեմինարի մասնակիցները քննարկել եւ պարզաբանել են կիբեռանվտանգության վերաբերյալ իրենց հետաքրքրող բոլոր հարցերը։