17:05 | 30.09.19 | Նորություններ | 5797
Հայաստանի գիտության եւ տեխնոլոգիաների հիմնադրամը (FAST), Պաշտպանության նախարարությունն ու «Հայ Տեք» կիբեռանվտանգության կենտրոնը մեկնարկել են «1991 ստորաբաժանում» ծրագիրը:
Ծրագրի նպատակն է ապահովել զինվորական ծառայության մեջ գտնվող անձանց շարունակական կրթության, բազմակողմանի զարգացման, մասնագիտական հմտությունների յուրացման հնարավորությունները: Նախատեսվում է ՀՀ զինված ուժերի կազմում ստեղծել նոր հատուկ ստորաբաժանում, որի գործունեության արդյունքում հնարավոր կլինի իրականացնել ինչպես ամենօրյա, այնպես էլ միջնաժամկետ եւ երկարաժամկետ խնդիրների լուծմանն ուղղված գիտահետազոտական նախագծեր եւ վերլուծություններ:
ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի խոսքով, այս հուշագրի ստորագրմամբ դրվում է կարեւոր գործընթացի պատմական մեկնարկը:
«1991»-ն առաջին ոլորտային ստորաբաժանումն է բարձր տեխնոլոգիաների ոլորտում եւ բացառիկ նշանակություն կունենա արհեստական բանականության, կիբերանվտանգության, ռոբոտաշինության ճյուղերում: Ծառայության ընթացքում ձեռք բերված գիտելիքները կիրառելի կլինեն ողջ կյանքի ընթացքում»,- նշել է նա:
«1991 ստորաբաժանման» զինծառայողները ձեռք կբերեն հիմնարար եւ գործնական գիտելիքներ ու հմտություններ, որոնց շնորհիվ զորացրվելուց հետո հնարավորություն կունենան անցնել աշխատանքի հենց ՀՀ ՊՆ համապատասխան ստորաբաժանումներում՝ շարունակելով կիրառել իրենց ստացած գիտելիքները եւ զարգացնել դրանք, աշխատանք գտնել առաջատար բարձր տեխնոլոգիական ընկերություններում, ինչպես նաեւ ընդգրկվել գիտահետազոտական լաբորատորիաների աշխատանքներում:
FAST-ի հետազոտական ծրագրերի գծով փոխտնօրեն Դավիդ Սարկիսյանի խոսքով, հիմնադրամը կսկսի նախազորակոչային տարիքում գտնվող անձանց տվյալագիտության եւ արհեստական բանականության բնագավառների նախապատրաստական դասընթացներ, ինչի արդյունքում զորակոչիկներն առավել պատրաստված կլինեն «1991 ստորաբաժանում»-ում ծառայություն անցնելու համար:
Հիմնադրամը նաեւ կզբաղվի ուսումնական դասընթացների մշակմամբ եւ կազմակերպմամբ «1991 ստորաբաժանում» զորակոչված զինծառայողների համար, ինչպես նաեւ կաջակցի հետազոտությունների իրականացման եւ նախագծերի կառավարման գործընթացում:
Ծրագրի ժամանակացույցի համաձայն, առաջին երկու տարիների ընթացքում կստեղծվի զորակոչիկների կարողությունների առավելագույն օգտագործման եւ զարգացման կայուն մեխանիզմ: Երեք տարվա ընթացքում նախատեսվում է ծրագրի մասնակիցների թիվը հասցնել մի քանի հարյուրի, իրականացնել մի քանի գիտահետազոտական նախագծեր, իսկ հինգ տարվա ընթացքում հասնել արդյունքների ներդրմանը նաեւ քաղաքացիական ոլորտում: