17:43 | 27.09.19 | Նորություններ | 2395

«ConnectIT» նախագիծը Հայաստան կբերի նոր ընկերությունների եւ անհատների

Առաջիկա ամիսներին Հայաստանում պաշտոնապես կգործարկվի «ConnectIT» ծրագիրը, որի շրջանակում Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության եւ տեխնոլոգիական կրթության ոլորտների հետ համագործակցությամբ հետաքրքրված ընկերություններ եւ անհատներ կժամանեն Հայաստան։

Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) եւ StartDoon ընկերության համատեղ ծրագրի նպատակն է խթանել Հայաստանի ներդրումային դաշտի բարելավումը, տնտեսական ակտիվությունը, միջազգային կապերի ձեւավորումն ու զարգացումը։

«Գործելով ստարտափ էկոհամակարգում, մշտապես խոսելով ոլորտի զարգացումներից եւ պոտենցիալից՝ մեզ համար առաջնային է այդ պոտենցիալը գործնական հարթակ տեղափոխելը, արտասահմանի մեր գործընկերներին Հայաստանի կողմից առաջարկվող հնարավորություններին ծանոթացնելը եւ ցույց տալը, որ կարող ենք փոխշահավետ գործընկերային հարաբերություններ հաստատել», - նշել է StartDoon ընկերության գործադիր տնօրեն Հայկ Մնացականյանը։

«Որպես ոլորտը միավորող ասոցիացիա՝ կարեւորում ենք մեր գործընկերների հետ համագործակցության արդյունքում նման նախագծերի իրականացումը։ Դրանք կնպաստեն ոչ միայն այլ պետությունների հետ մեր բիզնես կապերի ամրապնդմանն ու զարգացմանը, այլեւ երկրի ներսում ոլորտի զարգացման խթանմանը»,- ասել է ԱՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը։

Ծրագիրը մասնակիցներին առաջարկում է անհատական սկզբունքով ու իրենց հետաքրքրություններին համապատասխան ՏՀՏ տուրեր Հայաստանի տարածքում։ Կազմակերպիչների խոսքով, նախատեսվում է հագեցած օրակարգ, որը կներառի ինչպես ճանաչողական այցեր, այնպես էլ անհատական հանդիպումներ մասնակցի նախընտրած ոլորտի գործարարների ու ընկերությունների հետ։