17:30 | 23.09.19 | Նորություններ | 2013

Արմեն Սարգսյանը ելույթ կունենա Հռոմում կայանալիք Cybertech համաժողովում

 Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանն աշխատանքային այցով մեկնել է Իտալիա, որտեղ կմասնակցի կիբերանվտանգության ոլորտում միջազգային հեղինակավոր Cybertech համաժողովին:

Cybertech-ը կիբերանվտանգությանը նվիրված՝ աշխարհում առաջատար միջազգային հարթակներից է, որտեղ կարելի է ծանոթանալ վերջին տեխնոլոգիական նորարարություններին, տեղեկանալ համաշխարհային կիբերանվտանգության ոլորտի նոր մարտահրավերների ու դրանց հաղթահարման հնարավոր տարբերակների մասին:

Արմեն Սարգսյանը համաժողովի առաջին օրը՝ սեպտեմբերի 24-ին, կլինի գլխավոր բանախոսը՝ «Հայաստանը որպես կիբեր անվտանգության հարցերով տարածաշրջանային ի հայտ եկող կենտրոն եւ գրավիչ վայր ներդրումների համար» խորագրով ելույթով:

Համաժողովի միջոցառումների հյուրերի շարքում են աշխարհի առաջատար գործիչները, որոնք ներկայացնում են պետական համակարգը, անվտանգության եւ պաշտպանության, առողջապահության, ապահովագրության եւ այլ ոլորտներ:

Հռոմում նախագահ Սարգսյանը հանդիպումներ կունենա նաեւ իտալական մի շարք խոշոր ընկերությունների ղեկավարների հետ՝ նպատակ ունենալով քաջալերել նրանց այցելել Հայաստան, ծանոթանալ ներդրումային համագործակցության հնարավորություններին, իսկ որոշների հետ շարունակել քննարկումները՝ ձեռք բերված պայմանավորվածությունները գործնական քայլերի վերածելու ուղղությամբ: