15:57 | 23.09.19 | Նորություններ | 3229

Էլեկտրոնային հերթագրում՝ Երեւանի 13 պոլիկլինիկաներում

Երեւանի պոլիկլինիկաներում ներդրվել է հերթագրման էլեկտրոնային համակարգ:

Քաղաքապետարանը ծրագիրն իրականացնում է «Արմեդ» Էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատորի հետ:

Հերթագրման համակարգը գործում է Երեւանի 13 պոլիկլինիկաներում: Ծրագիրը հնարավորություն է տալիս քաղաքացիներին տնից, աշխատավայրից կամ հարմար այլ վայրից հեռախոսազանգի միջոցով հերթագրվել տարածքային թերապեւտի մոտ:

«Տարիներ շարունակ պոլիկլինիկաներում եղել է խնդիր հերթերի հետ կապված եւ քաղաքացիների արդարացի դժգոհությունը: Սա եւս մեկ քայլ է մեր քաղաքացիներին է՛լ ավելի հասանելի եւ մատչելի դարձնելու պոլիկլինիկաների մատուցած ծառայությունները»,- ասել է քաղաքապետի տեղակալ Սերգեյ Հարությունյանը:

Հերթագրումները կատարվում են աշխատանքային օրերին՝ ժամը 09:00-ից մինչ 17:00-ն:

Հերթագրման համար առանձնացվել են հատուկ հեռախոսահամարներ, որոնք փակցված են բոլոր պոլիկլինիկաներում:

Գրանցումները կատարվում են այնպես, որ յուրաքանչյուր քաղաքացու տրամադրվի 15-20 րոպե ժամանակ։

Քաղաքապետարանում նշել են, որ աշխատանքներ են տարվում մինչեւ տարեվերջ ծրագիրը քաղաքի բոլոր 24 պոլիկլինիկաներում հասանելի դարձնելու ուղղությամբ: