12:00 | 17.09.19 | Նորություններ | 9383
Լոռու մարզի Գյուլագարակ գյուղում բնակվող Սուքիասյանների ընտանիքի տան խնդիրը լուծում է ստացել ՎիվաՍել-ՄՏՍ-ի եւ Հայաստանի «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» կողմից իրականացվող բնակարանաշինության ծրագրի շնորհիվ:
Գործընկերների աջակցությամբ արդեն լուծվել է հին ու կաթացող տանիքի խնդիրը:
«Տունը երկրաշարժից հետո ահավոր վիճակում էր: Հայթայթած գումարը մի կերպ հավաքելով՝ փորձել ենք քարը քարին դնել: Մի ամբողջ կյանք՝ 30 տարի, երեխաներիս, իսկ հետո` նաեւ թոռներիս հետ, հուսահատված ապրել ենք խոնավ նկուղում: Այժմ ամեն ինչ փոխվել է. նոր հույսով ու երազանքով ենք ապրում: Այստեղից թոռներիս ուրախ տրամադրությամբ եմ բանակ ճանապարհելու»,- ասել է Գյուլփեր Սուքիասյանը:
Սուքիասյաններին հաջողվել է ընդլայնել ծրագրի շրջանակներում ակնկալվող աջակցության ծավալը: Դրա շնորհիվ, կանխվել է նաեւ կիսամութ ու բորբոսով պատված սենյակներում երեխաների առողջությունը քայքայելու իրական վտանգը:
«ՎիվաՍել-ՄՏՍ-ի հետ մեր համագործակցությունն ի սկզբանե շեշտադրություն ուներ աջակցել սահմանապահ գյուղերում ապրող ընտանիքներին, սակայն չպետք է անտեսենք նաեւ աղետի գոտու եւ այլ անապահով ընտանիքների բնակարանաշինության խնդրի մասին: Այս ընտանիքի համար առաջնային անհրաժեշտության խնդիր էր տանիքի վերանորոգումը, սակայն, մեր ներդրմամբ կարողացել ենք լուծել նաեւ ներքին հարդարման խնդիրը»,- ասել է «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» նախագահ Աշոտ Եղիազարյանը:
ՎիվաՍել-ՄՏՍ-ի եւ Հայաստանի «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» շնորհիվ, հանրապետության տարբեր մարզերում, այս օրերին ընթանում են շինարարական ինտենսիվ աշխատանքներ: