12:00 | 28.08.19 | Նորություններ | 2505

Սթիլեր-տրոյացիների գրոհներին ենթարկվել է Հայաստանի օգտատերերի 0,1%-ը

Տարբեր տվյալների գողության համար նախատեսված վնասաբեր ծրագրերի գրոհների 2019-ի առաջին կիսամյակում ենթարկվել է Հայաստանի օգտատերերի 0,10%-ը: Վրաստանում այս ցուցանիշը կազմել է 0,07%, իսկ Ադրբեջանում՝ 0,24%։

«Կասպերսկի Լաբորատորիա»-ի Հայաստանի ներկայացուցչությունում նշել են, որ այդ տիպի վնասաբեր ծրագրերը կոչվում են «սթիլեր-տրոյացիներ» կամ Password Stealing Ware (PSW)։

Դրանք նախատեսված են զոհի համակարգչից գաղտնաբառերի, ֆայլերի (նիշք) եւ այլ տվյալների գողության համար։ Ամենաշատն այդ տրոյացիները գրոհել են Ռուսաստանի օգտատերերին (ավելի քան 100 հազար կամ 11,08%), որին հետեւում են Հնդկաստանը, Բրազիլիան, Գերմանիան եւ ԱՄՆ-ը։

Այս մասին են վկայում «Կասպերսկի Լաբորատորիա»-ի տվյալները, որոնց համաձայն՝ աշխարհում 2019-ի առաջին կիսամյակում տարբեր տվյալների գողության համար նախատեսված ծրագրերը գրոհել են ընկերության լուծումների ավելի քան 940 հազար օգտատերերի այն դեպքում, երբ 2018-ի նույն ժամանակահատվածում գրոհի են ենթարկվել 600 հազարից փոքր-ինչ փոքր թվով օգտատերեր։ Ընդ որում, գաղտնաբառեր գողացող ամենատարածված ծրագիրը AZORult-ն է՝ ռուսական ֆորումներում վնասաբեր ծրագրային ապահովման վաճառողների եւ գնորդների շրջանում առավել մեծ ժողովրդականություն վայելող սթիլերներից մեկը։

Փորձագետները նշում են, այդ տիպի ծրագրային ապահովումը կարողանում է տարբեր տեղեկատվություն կորզել ուղղակի բրաուզերներից (դիտարկիչ), այդ թվում՝ տարբեր հաշվեգրերի մուտքանուններ եւ գաղտնաբառեր, ինչպես նաեւ վճարային քարտերի պահպանված տվյալները եւ ավտոմատ լրացման ձեւերի բովանդակությունը։

Նման որոշ տրոյացիներ կարողանում են նաեւ «դուրս հանել» քուկերը՝ այն ֆայլերը, որոնց մեջ բրաուզերը մուտքագրում է օգտատիրոջ այցելած կայքերի տվյալները եւ որոնց շնորհիվ կայքերը «հիշում են» այցելուների մուտքանուններն ու գաղտնաբառերը։ Գոյություն ունեն նաեւ վնասաբեր ծրագրեր, որոնք ի զորու են գողանալ անմիջապես սարքում պահվող ֆայլերը։

«Ժամանակակից օգտատերերը գնալով ավելի ակտիվ են առցանց միջավայրում եւ համացանցին վստահում են բազմաթիվ տարբեր առօրյա խնդիրներ։ Դրա արդյունքում նրանց թվային պրոֆիլները պարունակում են գնալով ավելի շատ տեղեկատվություն եւ այդպիսով չափազանց գրավիչ թիրախ դառնում չարագործների համար, որոնք կարողանում են տարբեր եղանակներով փողի վերածել անձնական տվյալները։ Առցանց ծառայությունների օգտագործման ժամանակ գաղտնի տեղեկատվությունը ռիսկի չենթարկելու համար մենք խորհուրդ ենք տալիս օգտագործել գաղտնաբառերի պահպանման հատուկ ծրագրեր եւ հուսալի պաշտպանական լուծում»,- ասել է «Կասպերսկի Լաբորատորիա»-ի հակավիրուսային փորձագետ Ալեքսանդր Երյոմինը։